Մարտից ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Մարտից ուժի մեջ կմտնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

414

2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Համաձայնագիրը գործընկերային նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության երկկողմ հարաբերությունները և կանոնակարգում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական բնագավառներում, ինչպես նաև ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։
Այն իրավական հիմք է ստեղծում ՀՀ-ԵՄ գործընկերության համար՝ ուրվագծելով համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում, ինչպիսիք են արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը և կլիման, կրթությունը և գիտությունը, մշակույթը, առողջապահությունը և այլն։

Հարկ է ընդգծել, որ ՀԸԳՀ-ն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցին՝ վերահաստատելով ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, մասնավորապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումն ապահովելու իր հանձնառությունը, որը լիովին համապատասխանում է Հայաստանի բարեփոխումների ընդարձակ օրակարգին»,-գրված է հայտարարության մեջ։

Կիսվել