Տեղեկատվության պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրները տեղեկատվական պատերազմներում

Տեղեկատվության պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրները տեղեկատվական պատերազմներում

800

Տեղեկատվական պատերազմի գործողությունների արդյունավետությունը հաճախ կախված է ոչ այնքան թշնամու վրա տեղեկատվական ազդեցության ընտրված մեթոդներից, որքան այդ ազդեցության մասշտաբներից։ Լրատվամիջոցները օգտագործվում են տեղեկատվական պատերազմի մասնակիցների կողմից՝ հակառակորդի վրա ճնշում գործադրելու, ապատեղեկացնելու, մանիպուլյացիայի ենթարկելու, հաճախ նաև վարկաբեկելու համար։ Շատ կարևոր է հասկանալ, որ առհասարակ պատերազմների ժամանակ կարևոր է ճիշտ ընտրել տեղեկատվության աղբյուրները։ Տեղեկատվական պատերազմներում միանգամից ի հայտ են գալիս տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրներ, որոնք գրեթե միշտ տարածում են ապատեղեկատվություն, միտված են իրականացնելու թշնամու նպատակները, շեղելու մարդկանց ուշադրությունը կատարվող իրադարձություններից, սակայն հաճախ ստացվում է այնպես, որ պատերազմական իրավիճակներում տեղեկատվության պաշտոնական աղբյուրները խուսափում են ճշգրիտ ինֆորմացիա հաղորդելուց կամ պարզապես հասարակությանը չեն ներկայացնում այն, ինչ իրականում կատարվում է։

Նախ մեզ համար պիտի առանձնացնենք՝ որոնք են տեղեկատվության պաշտոնական աղբյուրները, որոնք՝ ոչ։

Տեղեկատվության պաշտոնական աղբյուրները երկրի տարբեր գերատեսչությունների պատասխանատուներն են, լրատվության համար պատասխանատու բաժինները, մամուլի խոսնակները, նախագահի, վարչապետի աշխատակազմի պատասխանատուները լրատվության գծով։ Հաճախ երկրում տեղի ունեցող արտակարգ իրավիճակների ժամանակ ստեղծվում են հատուկ մարմիններ, շտաբեր, որոնք զբաղվում են տեղեկատվության զտմամբ և պաշտոնական տեղեկատվության տարածմամբ (Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, Արցախի տեղեկատվական շտաբ)։

Ցանկացած իրավիճակում այս կառույցները պիտի աշխատեն օպերատիվ, հնարավորինս համակողմանի, որպեսզի հասարակությունը՝ անկախ կրթվածության մակարդակից, սոցիալական վիճակից խուճապի չմատնվի, ինֆորմացիա չփնտրի թշնամու «ճամբարում»։ Պիտի կարևորենք նաև, որ այս աղբյուրներից են օգտվում ոչ միայն պետության ներսում, այլև դրսում, այդ թվում նաև թշնամին։ Ուստի՝ տեղեկատվության ճիշտ ու ժամանակին հրապարակումը կարող է ազդել պատերազմի դաշտում գործողությունների հետագա ընթացքի վրա։

Մեր օրերում համացանցի լայն տարածման հետ մեկտեղ ԶԼՄ-ների համար խնդիր առաջացավ՝ տեղեկատվության, դրանց աղբյուրների բազմազանությությունը սկսեց խոչընդոտել լրագրողի աշխատանքին։

Այստեղ արդեն տեղեկատվական անվտանգության համար պիտի գործեն ինֆորմացիայի զտման համակարգեր։

Պաշտոնական աղբյուրների կողքին, հատկապես՝ համացանցում, գործում են տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրներ։ Այս դեպքում դժվար է հասկանալ՝ ով է ուղղորդողը կամ ինչ նպատակներ է հետապնդում, որտեղից է կատարվում  ինֆորմացիայի ճշտումը։ Տեղեկատվական պատերազմների ընթացքում տեղեկատվության պաշտոնական աղբյուրները պիտի վերահսկեն ինֆորմացիայի հոսքը, քանի որ հակառակ դեպքում հասարակությունը նախապատվությունը տալիս է ոչ պաշտոնական աղբյուրներին, հաճախ նաև օգտվում է թշնամու առաջարկած «շուկայից»։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին արցախադրբեջանական շփման գծում սկսվեց պատերազմ։ Լայնամասշտաբ գործողություններն ընթացել են ոչ միայն ռազմի դաշտում, այլև հնարավոր բոլոր ոլորտներում։ Տեղեկատվական դաշտում՝ համացանցում, հնարավորինս ակտիվ քննարկվում էր ստացվող պաշտոնական և ոչ պաշտոնական տեղեկատվությունը։

Պատերազմի օրերին տեղեկատվական պատերազմները մղվում էին սոցիալական տարբեր հարթակներում՝ Facebook, Twitter, Telegram, Instagram: Մեր հասարակության շրջանում բավական ակտիվ սկսվեց օգտագործվել Telegram հավելվածը։ Հիմնական ալիքները, որոնցից տեղեկատվություն է ստացել հասարակությունն այդ օրերին եղել են հետևյալ ալիքները՝  ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ալիքը, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի, ֆեյսբուքյան էջերից պաշտոնական տեղեկատվության աղբյուր եղել են՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի էջը, նրա խոսնակ Վահրամ Պողոսյանի էջը, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախի պաշտպանության բանակի էջը, ՀՀ պաշտպանության նախարարության էջը և այլն։

Պատերազմի 44 օրերին պաշտոնական աղբյուրները եղել են տեղեկատվության հիմանական  աղբյուրները, սակայն հետպատերազմական շրջանում, տեղեկատվության ոչ պաշտոնական  աղբյուրները սկսեցին ավելի ակտիվ գործել։ Նշենք, որ հիմանակնում նման աղբյուրները ի հայտ եկան Telegram-ում։ Այս օրերին էլ բավական ակտիվ շարունակում են աշխատել մի շարք ալիքներ, որոնք ոչ պաշտոնական տեղեկատվության աղբյուր են՝ Баграмян 26, Re:public of Artsakh, Arevord, Mediaport, Armenian Military Portal. շարքը կարող ենք անվերջ շարունակել։ Նման ալիքները հրապարակել և շարունակում են հրապարակել որոշակի տեսանյութեր, լուսանկարներ և ինֆորմացիա, որը չես գտնի պաշտոնական աղբյուրներում։ Նման աղբյուրների գոյությունը թշնամին օգտագործում է իրեն ցանկալի ինֆորմացիան հայակական լսարանին հասցնելու և խուճապ առաջացնելու համար։

Եթե պատերազմի օրերին տեղեկատվական դաշտում տեղեկատվության պաշտոնական աղբյուրները կարողանում էին վերահսկել տեղեկատվությանը հոսքը և վստահելի էին, ապա հետպատերազմական շրջանում տեղեկատվության արտահոսքը դարձավ անկառավարելի, քանի որ հայտնվեցին բազմաթիվ ալիքներ, էջեր, որոնք ինֆորմացիա էին հաղորդում, նկարներ, տեսանյութեր, որոնց, սակայն, պաշտոնական աղբյուրները չէին անդրադառնում՝ հերքում կամ հաստատում, անդրադարձն էլ կատարվում էր բավական ուշ։ Մի քանի օրինակներ կարող ենք քննարկել նշվածը հաստատելու համար։ Mediaport  տելեգրամյան ալիքը 15.12.2020-ին հրապարակում է մի տեսանյութ՝ ըստ որի ադրբեջանական կողմը գերի է վերցրել 100-ից ավելի զինծառայողների։

Հղում

17.12.2020-ին ՀՀ ՊՆ-ն անդրադառնում է ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ սպասում է Արցախի Հանրապետության ՊՆ-ի պարզաբանմանը։

Հղում

Մի քանի ժամ անց հրապարակվում է Արցախի պաշտպանության նախարարության արձագանքը՝ ուղղելով շրջանառվող լուրերն 171 գերիների մասին, նշելով, որ 73 մարդու ճակատագիր մնում է անհայտ։

Հղում

Ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, երբ պաշտոնական աղբյուրի բացակայությունը, ուշ արձագանքը նպաստում են տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրների հետևորդների աճին։

Նշածս տելեգրամյան բոլոր էջերն էլ ունեն մոտավորապես տասը հազարից մինչև իննսուն հազար և ավելի հետևորդ։

Նման իրավիճակ կարող ենք արձանագրել նման շատ դեպքեր։ Օրինակ՝ 09.11.2020-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հրադադարը խախտվեց 12.12.2020-ին։ Այս մասին հասարակությունն առաջինը տեղեկացավ տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրներից։ Միայն երեկոյան ստացվեց պաշտոնական տեղեկատվություն հրադադարի խախտման մասով։

Հղում

Մի քանի ժամ անց տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ նշված գյուղերն արդեն Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են։

Հղում

ՀՀ ԱԳՆ-ն միայն հաջորդ օրը հաստատեց տեղեկատվությունը։ Նշենք նաև, որ մինչև հաստատման պահը պաշտոնական տարբեր աղբյուրներ հերքում էին ստացված տեղեկատվությունը։

Հղում

Սրանք վերջին ակնհայտ դեպքերն են, երբ տեղեկատվության պաշտոնական աղբյուրները թերացել են և ըստ էության հակառակորդի տարածած տեսանյութերը, որոնք խուճապ են առաջացնում, պարունակում են նաև որոշակի չափով ապատեղեկատվություն, տարածվում են մեր հասարակության մեջ՝ հետապնդելով որոշակի նպատակներ։

Mediaport տելեգրամյան ալիքում մի քանի օր առաջ հրապարակվել է տեսանյութ, որի աղբյուրն ադրբեջանական է, տեղեկացնում է լսարանին քաղաքցիական նոր գերիների մասին։

Հղում

Մինչ այսօր պաշտոնական տեղեկատվություն չկա։

Տեղեկատվական այս պատերազմում՝ օգտագործելով շատ քիչ գործիքներ ադրբեջանական կողմը, կարողանում է մեզ հասցնել իրեն ցանկալի տեղեկատվությունը, դրա միջոցով ստեղծում են խոցելի հասարակություն։ Իրենց հերթին տեղեկատվության պաշտոնական աղբյուրները, «դատարկ» լինելով, անվստահություն են առաջացնում կամ էլ հերքում են այս կամ այն տեղեկատվությունը, որը հետագայում պաշտոնապես հաստատվում է։ Այս դեպքում ակտիվանում են տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուրները, որոնց միջոցով էլ ադրբեջանական «մեքենան» սկսում է աշխատել՝ պառակտելով մեր հասարակությանը։

Տեղեկատվության պաշտոնական աղբյուրների աշխատանքով է պայմանավորված տեղեկատվական պատերազմի ընթացքը, քանի որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հանգեցնում է նրան, որ հասարակ քաղաքացին կարող է որոշ չափով իրականացնել լրագրողի գործառույթը։ Տեղեկատվության պաշտոնական աղբյուրները ռազմական դրության պայմաններում, ռազմական գործողությունների ողջ ընթացքում ու դրանից հետո ավելի ուշադիր ու զգույշ պիտի աշխատեն, քանի որ տեղեկատվության բացը կամ անճշտությունը հանգեցնում է խոցելիության, հնարավորություն է տալիս թշնամուն հաղթել պատերազմից հետո արդեն տեղեկատվական դաշտում։ Հասարակությունը գնում է տեղեկատվության ոչ պաշտոնական աղբյուների ետևից, որովհետև այլևս չի վստահում պաշտոնականին։

Ոչ պաշտոնական աղբյուրները այնքան շատ են, տարածվում են կայծակնային արագությամբ, ունեն մեծ լսարան, որ տեղեկատվության պաշտոնական աղյուրները «ստիպված» անդրադառնում են դրանց՝ հերքում են կամ հաստատում։

Եթե այդ աղբյուրները չլինեին կամ պաշտոնական աղբյուրները կարողանային վերահսկել տեղեկատվության շրջանառությունը, ապա հասարակությունը խոցելի չէր լինի։

Մյուս կողմից էլ, եթե չլինեին նշված աղբյուրները հավանականություն կա, որ պետությունը ռազմական դրության պայմաններում՝ վերահսկելով տեղեկատեվության տարածումը, հասարակությունից կթաքցներ այս կամ այն ինֆորմացիան։

Տեղեկատվական պատերազմներում և հարակից քաղաքական բախումներում հաղթում է նա, ով գիտի ինչպես կանխատեսել իր հակառակորդների գործողությունները մի քանի քայլ առաջ, դրանք ճշգրիտ հաշվարկել։

Էլենիտա Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել