Հայոց եկեղեցու պատմությունը՝ որպես պարտադիր առարկա

Հայոց եկեղեցու պատմությունը՝ որպես պարտադիր առարկա

933

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 25․06․2020-ին e-draft.am-ում քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական չափորոշիչների մասին  նախագիծը։ https://www.e-draft.am/projects/2560/about

Քննարկման ներկայացնելուց հետո հանրության շրջանում բազմաթիվ տարրակարծություններ առաջացան։ Հիմանական քննարակումները ծավալվել են Հայոց եկեղեցու պատմություն առարկայի վերաբերյալ։ Կա տեսակետ, որ այս առարկան պարզապես դուրս է բերվելու դպրոցական դասացուցակից։ Հուլիսի 10-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, թե Հայոց եկեղեցու պատմություն առարկայի մասով ինչ փոփոխություններ են սպասվում։ Նախարարը նշեց, որ թյուր կարծիք է, թե առարկան այլևս դպրոցներում չեն անցնելու, քանի որ հայոց եկեղեցու պատմությունը եկեղեցու հիմնադրումից մինչև մեր օրեր անցնելու են երեխաները Հյաոց պատմություն առարկայի շրջանակներում, անցնելու են ավելի մեծ թափով, ժամերն էլ չեն կրճատվելու։ Արայիկ Հարությունյանը կոչ արեց չտրվել սադրանքներին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը infocom․am-ին տված հարցազրույցում նշել է, որ կրթության այս փիլիսոփայությունը դպրոցներին ինքնավարություն, ուսուցիչներին՝ ճկունության հնարավորություն տալն է․ ‹‹Մենք առանձնացրել ենք վերջնարդյունքները՝ թե երեխան ինչ արդյունքների պիտի հասնի այս կրթական ծրագրերի ավարտին, ինչ պիտի կարողանա, իմանա եւ անի: Բայց ինչպես դպրոցը դրան կհասնի, դա արդեն դպրոցի որոշելիքն է. դպրոցը կարող է ձեւավորել առանձին առարկա, որտեղ կներառի կրոնի պատմության, մշակույթի պատմության ինչ-որ դրվագներ: Նման առարկայական ծրագրեր մշակել եւ իրականացնել այսօր էլ կարող է յուրաքանչյուր դպրոց, սակայն այդ հնարավորությունը տրված է ավելի ընդլայնված՝ գործիքային չափորոշչի տարբերակով, քանի որ մենք նախատեսում ենք ֆինանսավորել առավելագույն ժամաքանակով բոլոր պետական դպրոցներին››:

Հասկանալու համար՝ որ փուլում է գտնվում նախագծի քննարկումը, խոսեցինք ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանի հետ, ով նշեց, որ նախագծի հետ կապված նոր փոփոխություններ դեռևս չկան, իսկ ավելի մանրամասն հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հարցում ուղարկել նախարություն։ Հարցմանն ի պատասխան նախարարությունը նշեց՝ ‹‹Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ Հայոց եկեղեցու պատմությանն առնչվող թեմաները ներառված են «Հայրենագիտություն» բնագավառում, որը կրթության բովանդակության տիրույթ է և ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության ձևավորման և զարգացման ընթացքի իմացություն, ազգային ինքնության զարգացմանը միտված էական հատկանիշների, ազգային նյութական և հոգևոր արժեքների, հայոց եկեղեցու և նրա դավանանքի ճանաչում ու արժևորում, քննադատական և ստեղծագործական մտածողության հմտությունների զարգացում: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ 2020 թվականի հուլիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում››։

Հանրակրթական պետական չափորոշիչների հարցը, հատկապես՝  Հայոց եկեղեցու պատմություն առարկայի մասով, հարուցեց Եկեղեցու դգոհությունը։ Հուլիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ԿԳՄՍ-ին է փոխանցել Հանրակրթության պետական  չափորոշիչի նախագծի մասին իր դիրքորոշումը, ըստ որի՝ եկեղեցին անընդունելի է համարում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, որի հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները։

Մեզ հետ զրույցում  Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը նշեց, որ եկեղեցու դիրքորոշումն այս ժամանակահատվածում չի փոխվել․ ‹‹Մայր  Աթոռի համար նման վարվելակերպն անընդունելի է, քանի որ մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը››։

Սահմանադրական իրավունքի մասնագետ, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը կարծում է, որ ցանկացած մարդու համար՝ անկախ կրոնական պատկանելիությունից, առավելություն է ցանկացած կրոնի մասին ինֆորմացված լինելը․‹‹Նման բան կարող էր անցել միայն Արայիկ Հարությունյանի մտքով։ Ես չեմ հասկանում ու չեմ էլ պատկերացնում՝ թե Հայոց եկեղեցու պատմություն առարկան ում և ինչով է խանգարում, կարո՞ղ է այն հակաազգային է։ Իրավական առումով խտրականություն չկա, եթե ասում ենք օրինակ՝ կրոնի և եկեղեցու պատմություն անցնում են մյուս պատմությունները պիտի չանցնեն։ Ինչու են նման բան գրել ու քննարկում՝ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում չպետք է նաև մոռանալ, որ դպրոցներում կան աշակերտներ, օրինակ՝ ազգությամբ եզդի, ովքեր իմ կարծիքով պիտի անցնեն Հայոց եկեղեցու պատմություն առարկան, քանի որ նման հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային ուշադրությունը չի կարող բացասական հետևանքներ չունենալ››։

Էլենիտա Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել