Երկրաշարժի ժամանակ հաճախ տրվող հարցեր. պատասխանում է Նիկոլայ Գրիգորյանը

Երկրաշարժի ժամանակ հաճախ տրվող հարցեր. պատասխանում է Նիկոլայ Գրիգորյանը

434

Տավուշի մարզի մարզպետի խորհրդական, ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվության կառավարման փորձագետ Նիկոլայ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երկրաշարժի ժամանակ տրվող մի քանի հարցերի։

«Ստիպված էլի հիշեցնում եմ:
Պարտադիր, անհրաժեշտ, հետաքրքիր․
Հայաստանի տարածքում զգացված երկրաշարժերից հետո հաճախ տրվող հարցեր։
Պատասխանները Արտակարգ ալիքի «Որ փորձությունը փորձանք չդառնա» գրքից:
Երկրաշարժը կրկնվո՞ւմ է: Հաճախակի կրկնվող երկրաշարժերը լավ են, թե՞ վատ:
Երկրաշարժերն ունեն կրկնվելու հատկություն: Թույլ ցնցումները տեղի են ունենում հաճախակի: Ոչ ուժեղ երկրաշարժերը երբեմն նպաստում են էներգիայի պարպմանը:
Կա՞ արդյոք ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժերի տեղի ունենալու պարբերականություն:
– Չկա: Ուժեղ երկրաշարժերի պարբերականության մասին կարելի է խոսել միայն սեյսմաակտիվ մեծ տարածաշրջանների համար: Փոքր տարածքների համար, ինչպիսին Հայաստանն է, այս հարցի դրվածքը կոռեկտ չէ:
Հնարավո՞ր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը.
-Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:
Ի՞նչ առավելագույն ուժի երկրաշարժ կարող է տեղի ունենալ ՀՀ տարածքում.
-Ըստ մասնագիտական գնահատումների՝ ՀՀ-ում հնարավոր երկրաշարժի առավելագույն մագնիտուդն ըստ Ռիխտերի սանդղակի կարող է հասնել միչև 7,5 միավորի, կամ 10 բալի: Այս ուժի երկրաշարժերը շատ քիչ են, և դրանք կարող են տեղի ունենալ միայն տարածաշրջանային ակտիվ բեկվածքների որոշ գոտիներում:
Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը.
– Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան»- գրել է Նիկոլայ Գրիգորյանը։

Կիսվել