Հայուհի նկարչուհի Լյուսի Աբդալյանը բնակության մի քանի վայր է փոխել, սակայն վստահ է՝ Հայաստանը իր վերջին հանգրվանն է, հոգու հանգրվանը: Գալով հայրենիք՝ հիասթափություններ ապրել է, սակայն իր հողի հանդեպ սերն այնքան մեծ է եղել, որ նույնիսկ չի էլ մտածել վերադարձի մասին: Լյուսիի հետ զրուցեցինք մանկության, հայրենիքի և իր արվեստի մասին:
-Լյուսի´, գիտեմ, որ մի քանի երկրներում եք ապրել: Ինչպե՞ս որոշեցիք հայրենիք գալ: Հայրենիքից հեռու ինչպե՞ս էիք փորձում հայ մնալ:
-Ինչպես բոլոր սփյուռքահայերը, այնպես էլ ես՝ նախքան հայրենիք վերադառնալս, միշտ մի այլ կերպ էի պատկերացրում հայրենի հող ասվածը, հայացքները ուրիշ էին՝ մի տեսակ ավելի երազային: Փոքր ժամանակ, երբ Մոնրեալում էի ապրում, հայ ուսուցիչ ունեի, որ հայաստանցի էր ու շատ էր խոսում իր սիրելի Հայաստանի մասին: Ես ուսուցչուհուս շատ էի սիրում և ցանկանում էի բացահայտել՝ այդ որն է Հայաստան երկիրը, եթե այն իմ հայրենիքն է, ինչու եմ ես Կանադայում ապրում: Երբ ուսուցչուհիս պատմում էր, որ Հայաստանում միայն հայերն են ապրում, մեր նման, մեր գեներով ու նկարագրով մարդիկ, ես երազում էի այստեղ գալ, վստահ էի՝ հայրենիքում ինձ կհասկանային, կընդունեին: Դպրոցում դժվարանում էի, որովհետև ֆրանսերեն սովորելը դժվար էր, քանի որ Լիբանանի պատերազմից փախչել էինք, եկել նոր երկիր, որը միանգամայն այլ մշակույթ ու հասարակություն ուներ: Մանավանդ այդ պայմաններում ես հայրենիք էի տենչում, ուր կապրեի առանց տագնապների, հանգիստ կյանքով: Մոնրեալում տան մեջ միայն հայերեն էինք խոսում, այլ լեզվով խոսելու իրավունք չունեինք: Եվ փոքր հասակից հայրս մեզ հետ «Աստվածաշնչի» սերտողություն էր անում, որ մեր հավատին ու պատմությանը հավատարիմ մնայինք: Մանկուց իմ մեջ բույն դրած հայկականությունն էլ ինձ բերեց հայրենիք: Նաև Նյու-Յորքում եմ ապրել 4 տարի:
-Ինչո՞վ եք զբաղվում այստեղ: Ինպե՞ս Ձեզ ընդունեց հայրենիքը: Հայաստանի հետ կապված Ձեր սպասելիքները արդարանում ե՞ն:
-Երբ եկա Հայաստան, մի քիչ շոկային էր, քանի որ հայրենիքը մեր իմացած պատմությունն ու մշակույթ չէ միայն, այն նաև հասարակություն է՝ ընթացող կյանքով ու իր մարդկանցով: Ես միամիտ աղջնակ էի այդ տարիքում, ավելի շատ երազներով ու ռոմանտիկ զգացումներով էի ապրում: Հայրենիքի լեռներին էի սիրահարված, որոնք ինձ ուժ էին տալիս: Սակայն այն մարդկանց, որոնց բախտ վիճակվեց սկզբնական շրջանում ճանաչելու, հիասթափեցիրին ինձ: Ես զարմացա, երբ փողոցներում այդքան մուրացիկ մարդկանց տեսա: Ամերիկայում, որտեղից եկել եմ, փողը ծառերի վրա չի բուսնում. ամեն մարդ իր քրտինքով է աշխատում, ստեղծում, այլապես երկիրը իրեն չի ընդունի, հասարակությունը՝ ևս: Ես շատերին փորձեցի գումար տալ՝ մտածելով, թե օգնում եմ, սակայն սխալ էի, քանի որ նրանց արժեհամակարգը նախ և առաջ պիտի փոխվի: Ես Հայաստանը շատ եմ սիրում, սակայն մարդկանց երբեմն վերապահումներով եմ ընդունում իմ կյանք: Սկզբնական շրջանում հարված ստացա անգամ ընկերներիցս, որոնք ինձանից մեծ չափերի հասնող գումար կորզեցին և հեռացան իմ կյանքից՝ ասելով, որ ես այդ գումարը նվիրել եմ իրենց: Հիասթափություն էր, որը, սակայն, հայրենիքի հանդեպ իմ սիրուց զորեղ չգտնվեց: Այնպես չէ, որ ես բոլոր հայաստանցիների մասին եմ այսպես խոսում: Ո´չ, ես նաև շատ հրաշալի մարդկանց եմ ճանաչում, որոնք ազնիվ են ու մարդասեր: Հայաստանյան գյուղերում մարդկային պարզությամբ ու հոգու հարստությամբ հիացել եմ:
-Ձեր արվեստում՝ նկարչության մեջ, հայրենիքը ինչ-որ կերպ արտացոլվու՞մ է:
-Սան Ֆրանցիսկոյում հիմնականում դիմանկարներ էի անում, նկարում այն մարդկանց, ովքեր իմ առօրյայի մի մասն էին: Միշտ Հայաստան գալիս էի, բայց ժամանակավորապես: Մի օր որոշեցի 4 ամսով գալ և փորձել այստեղ աշխատել: Հայրենիքը իմ կտավներին նոր շունչ, գույն ու էներգիա տվեց: Երբ հայրենիքի բնության մեջ եմ, մարդկանցից հեռու, թևեր եմ ստանում, կարծես հորիզոններ անցնեմ: Այս ամենը իհարկե չի կարող որևէ արտացոլում չստանալ իմ արվեստի մեջ:
Սկզբում ինձ շատ է օգնել Արթուր Սարգսյանը և իր ընտանիքը, որոնք հազվադեպ մարդկային որակ ունեն: Ինձ շատ ուժ են տվել, սովորեցրել ավելի լայն ու խորը մտածել: Նա եղել է իմ ամենամեծ ուսուցիչը Հայաստանում: Բուդապեշտում ծանոթացա նաև Մամիկոն Ենգիբարյանի հետ, մի արտիստի, որ ինձ անսպառ ոգևորել է: Առանց նրա խորհուրների ես ես չէի լինի: Իսկ իմ մեջ ապրող նկարչին առաջին անգամ տեսավ Սոնյա Բալասանյանը և հնարավորություն տվեց ցուցահանդեսով հանդես գալու: Ես անչափ շնորհակալ եմ նրանց և Աստծուն, որ ինձ նման տաղանդով է օժտել:
-«Օդ» խորագրով անհատական ցուցահանդեսը Հայաստանում Ձեր առաջին ցուցահանդեսն էր: Ինչպիսի՞ տպավորություններ ստացաք այդ օրը: Ինչպե՞ս Ձեր արվեսի հետևորդները ընդունեցեին և գնահատեցին Ձեր աշխատանքները:
-«Օդ» վերտառությամբ ցուցահանդեսը այնքան մեծ եղավ, որ չէի էլ սպասում: Դրանից առաջ մի ցուցահանդես եղել էր իմ ընկեր Լուսինե Կասարջյանի տանը, և եկել էին տարբեր մարդիկ, դեսպաններ: Ցուցահանդեսը բարեգործական էր, և ինչ ծախվեց, նվիրաբերեցինք մանկական հիվանդանոցի վերանորոգմանը:
Իսկ իմ անձնական ցուցահանդեսը ինձ համար մի մեծ հնարավորություն էր իմ արվեստի հետևորդներին մեծ չափաբաժնով անկեղծություն փոխանվելու: Հուսով եմ՝ այդ անկեղծությունը հասավ նրանց:
-Ձեր նկարներում լսելի է հոգու ձայնը: Ի՞նչն եք առավել շատ կարևորում արվեստի մեջ և Ձեր նկարներում ի՞նչն եք հիմնականում շեշտադրում:
-Շեշտադրում եմ անկեղծությունը, կյանքի իրական պատկերի արտացոլումը: Վանդակներ, սահմաններ չեմ սիրում: Արվեստագետը չի կարող վանդակված ապրել, ստեղծագործել: Հայաստանում այնքան լավ արվեստագետներ կան, որ նրանց կողքը ինձ շատ փոքր եմ զգում:
-Նկարչությունը նաև պոեզիա է: Ի՞նչ է Ձեր յուրատեսակ նկարչություն-պոեզիան ուզում փոխել աշխարհում:
-Իմ սնունդը գալիս է գրքերից: Շատ եմ կարդում Միլան Կունդերայի, Ալբեր Քամյուի, Պաբլո Ներուդայի, Ջորջ Սանդի ստեղծագործությունները: Արյունիս մեջ կա պոեզիա, առանց նրա չեմ կարող: Բնազդաբար պոեզիան դրսևորվում է նաև իմ աշխատանքների մեջ: Նկարներս մարդկային էմոցիաների բաց նյարդ են, որոնք ուզում եմ հայելի դառնան մարդկանց համար:
-Ի՞նչ փոխվեց Ձեր հայացքներում և նկարներում Հայաստան տեղափոխվելուց հետո: Ինչ է հայրենիքը Ձեզ համար:
-Հայրենիքն ինձ համար դրախտ է: Այն ինձ համար էներգիայի աղբյուր է: Հանգստանում եմ ամբողջությամբ: Կարծում եմ՝ 2016-ը շատ խոստումնալից է լինելու ինձ և հայրենիքիս համար: Դեպի առաջ:
հարցազրույցը՝ Մարիամ Պետրոսյանի
4-րդ կուրս