ՀՀ-ում կրոնական կազմակերպություններն ավելանում են. երևույթի դիտարկումը գիտական, ավանդական եկեղեցական, իրավական տեսանկյուններից

ՀՀ-ում կրոնական կազմակերպություններն ավելանում են. երևույթի դիտարկումը գիտական, ավանդական եկեղեցական, իրավական տեսանկյուններից

974

Աշխարհայացք, մտածելակերպ, մշակույթի բաղկացուցիչ մաս. գիտության մեջ այսպիսի բնութագրումներ են տրվում կրոնին: Կրոնն ունի իր ուղղությունները, պաշտամունքային եղանակները, կառույցները: Նման կառույցներ են կրոնական կազմակերպությունները:

Հայաստանում գործող  կրոնական կազմակերպությունների թիվը հասնում է 67-ի: Հայաստանի Հանրապետության     Սահմանադրության Հոդված 17-ը երաշխավորում  է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, որոնք անջատ են պետությունից:   

ՀՀ Սահմանադրության Հոդված 41-ով ամրագրված է մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը, որը կարող է սահամանփակվել միայն օրենքով: Իրավագիտության դիտանկյունից կրոնի ազատությունը գլոբալ երևույթ է: Այն ենթադրում է ցանկացած խորքային հարցի հանդեպ անձի ազատ վերաբերմունքը, առավելապես՝ աստվածայինի կամ աշխարհի ստեղծման վերաբերյալ մարդու ունեցած պատկերացումների մասին: 

Սակայն քրիստոնյա հայ ժողովրդի մշակույթի անբաժան մաս է առաքելական եկեղեցին, որը հանդես է գալիս որպես ազգապահպան և ազգային դիմագիծը ներկայացնող կառույց: Հայաստանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետություն, աչքի է ընկնում իր հնագույն եկեղեցիներով, որոնք պատմական հարուստ ժառանգություն են կազմում: Ըստ Սահմանադրության մեկ այլ նորմի՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: (Հոդված 18)

Ըստ Պ. Բարսեղյանի՝ կրոնական որոշակի հակվածություն բոլորն ունեն, բայց կախված ժամանակից, միջավայրից՝ դրա դրսևորումները կարող են տարբեր լինել: 

Կրոնական կազմակերպությունների ժամանակակից դրսևորումները 4 տիպի են լինում՝ եկեղեցի, աղանդ, դենոմինացիա (հարանվանություն) և պաշտամունք (կուլտ): «Ինչ-որ մի դրույթ մեկնաբանվում է այլ կերպ, դրա շուրջ ձևավորվում է համայնք, որը նոր պրակտիկա է իրականացնում կամ նորովի է մեկնաբանում այս կամ այն դրույթը, Աստվածաշնչի կամ քրիստոնեական այս կամ այն դոգման և արդյունքում դառնում է ինքնուրույն, առանձին ուղղություն: Դա կարող է հանդես գալ աղանդի տեսքով, կարող է հանդես գալ հարանվանության տեսքով, կարող է նույնիսկ դարերի ընթացքում ձևավորվել ու ի վերջո դառնալ եկեղեցի»,- մեկնաբանեց աստվածաբանը։

Պ. Բարսեղյանն իր խոսքում ընդգծեց, որ ցանկացած նոր կրոն, երբ առաջանում է, որպես կանոն առաջանում է աղանդի տեսքով․ «Քրիստոնեությունն էլ ժամանակին համարվում էր հուդայականության (հրեական կրոնի) ճյուղավորումներից մեկը, բայց մի քանի տասնամյակում ապացուցեց, որ ինքն առանձին համակարգ է՝ իր ուրույն  դավանանքով, ծիսական համակարգով, և փաստացի ձևավորվեց, կայացավ, դարձավ համաշխարհային կրոն»։

Գիտությունը սահմանում է եկեղեցու, աղանդի, հարանվանության և պաշտամունքի տարբերությունները: Սակայն հասարակության շրջանում այս եզրույթները հաճախ են սխալ կիրառվում: Երբեմն խուսափում ենք «աղանդ» տերմինի կիրառումից, որը ոչ միշտ է տեղին։ «Իրականում չպետք է խուսափել «աղանդ» տերմինի կիրառումից, եթե դրա գիտական սահմանումը կա: Այլ հարց է, որ ժողովրդական ավանդական պատկերացման մեջ հասկացությունն այլ կերպ է ձևավորվել․ կար պետական դոմինանտ մակարդակում հանդես եկող եկեղեցական կառույց, մնացածն ընկալվում էր որպես աղանդ, հերետիկոսություն, մերժելի երևույթ»,- բացատրեց Պ․ Բարսեղյանը։

Կրոնական այնպիսի կազմակերպությունների հանդեպ, ինչպիսիք են աղանդները, Հայ առաքելական եկեղեցին բացասական դիրքորոշում ունի, որը մեզ հետ զրույցում ներկայացրեց Առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Եսայի Արթենյանը.  «Մենք դիտարկում ենք, որ այս կրոնական կազմակերպությունները Հայաստանում որևէ անելիք չունեն՝ հոգևոր իմաստով: Նկատի ունենալով նրանց գործունեությունը, դրա բովանդակությունն ու թիրախները՝ կարող ենք ասել, որ նրանք այստեղ ավելի շատ երկու կարևոր նպատակ են հետապնդում՝ ոչ թե հոգևոր քարոզչություն իրականացնել, այլ փող կուտակել և իշխանություն ձևավորել»։

Կրոնական տարբեր համոզմունքներ մարդիկ ունենում են՝ ելնելով տարբեր դրդապատճառներից: Հայաստանում աղանդավորական հայացքներ ունենալու պատճառները Տեր Եսայի քահանա Արթենյանն այսպես է մեկնաբանում.  «Շատ հաճախ մարդիկ չգիտեն իրական քրիստոնեության սկզբունքները և հարում են այս կամ այն աղանդին, որովհետև այնտեղ ավելի հեշտ է փրկվելը, իսկ մարդիկ ձգտում են ավելի հեշտին: Այնտեղ չկան այն սկզբունքները, կանոնները, պատնեշները, որոնք չի կարելի անցնել եկեղեցիներում: Շատ դեպքերում գնում են այնտեղ՝ խուսափելով կյանքի տարբեր իրավիճակներում առկա դժվարություններից: Իսկ նման աղանդավորական կազմակերպություններում մարդուն ուսման, կրթվելու կամ աշխատելու ուղղորդելու փոխարեն ասում են.

-Արի աղոթենք, և կհարստանաս»։

Հայ առաքելական եկեղեցին աղանդների տարածման և մարդկանց ներգրավվածության կրճատման հարցում ունի հստակ դիրքորոշում: Մեզ հետ զրույցում Տեր Եսայի քահանան ներկայացրեց նաև  հասարակությանը եկեղեցու շուրջ միավորելու միջոցը․ «Եկեղեցին ունի մեկ առաքելություն՝ Ավետարանի քարոզը: Եկեղեցին դեմ է այն սկզբունքին, որ պետք է սրով ու զենքով աղանդների դեմ պայքարել կամ որևէ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերել: Եկեղեցին պայքարում է հասարակության ավելի լայն շերտերին  իր քարոզը հասանելի ու մատչելի դարձնելու ուղղությամբ»։

Տաթև Ալիխանյան

2-րդ կուրս

Կիսվել