«Ոչ թե սպառողը պետք է լինի մեդիագրագետ, այլ մեդիան պետք է գրագետ...

«Ոչ թե սպառողը պետք է լինի մեդիագրագետ, այլ մեդիան պետք է գրագետ լինի». հեռուստալրագրող Արմեն Հովակիմյան

1099

«Journalist.am»-ի զրուցակիցն է Հ2 հեռուստաընկերության լրագրող Արմեն Հովակիմյանը։

Ինչպե՞ս եք ընտրել հենց լրագրողի մասնագիտությունը  և ի՞նչ դժվարությունների հետ եք առնչվում։

-Լրագրողի մասնագիտությունը ընտրել եմ պատահականության սկզբունքով, բայց ոչ միայն, այն ժամանակ ապրում և աշխատում էի Սիսիանում, Սիսիանի հեռուստաընկերությունը նոր էր ստեղծվել, և հայտարարություն էին տվել, որ լրագրող է անհրաժեշտ։ Իմ մտերիմներից մեկը ուղղակի ասաց, որ աշխատատեղ կա, եթե ցանկություն ունենամ աշխատել, կարող եմ ներգրավվել։ Գնացի հարցազրույցի, հետո ընդունվեցի, աշխատեցինք շատ դժվարին պայմաններում. գրեթե ոչինչ չկար, որովհետև մեր թիմը շատ փոքր էր, և տեխնիկապես առանձնապես հագեցած չէինք, մենք էլ լավ պատկերացում չունեինք, թե ինչ պետք է անել։ Մենք լուսաբանում էինք գյուղական կյանքը, մարդկանց առօրյան. մեր նյութերի հիմքում մարդն էր՝ իր խնդիրներով, իր լավ ու վատ կողմերով։

-Նախկինում եղել եք «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ի տնօրեն, ի՞նչն է եղել պատճառը, որ տեղափոխվել եք Երևան։

-«Սիսիանի լրատու» ՍՊԸ-ն լուծարվեց, այդ ժամանակ հեռուստատեսություն, որպես այդպիսին չկար, մրցույթը եղավ, և տվեցին արդեն մարզային հեռուստաընկերություն, մենք այնտեղ թերթ ունեինք՝ «Սիսիանի ձայն»-ը  և ունեինք «Սիսիան ինֆո» էլեկտրոնային կայքը, որը լուծարվեց, և դրան զուգահեռ ինձ այստեղից աշխատանքի առաջարկություն եղավ։ Հ2-ից Շավարշ Գևորգյանը ինձ ասաց.

«Աշխատատեղ ունենք, ուզում ենք, որ անպայման տղա լինի, եթե հարմար է, կուզես, կարող ես աշխատել»։ Ես այն ժամանակ թղթակցում էի իրենց հետ, հետո եկա տուն, ասացի, որ նման առաջարկություն ունեմ, տնեցինեըը չընդիմացան, ասացին՝ կարող ես գնալ. դա լավ հնարավորություն է երեխաներին լավ կրթություն տալու և այլնի համար, այդպես տեղափոխվեցինք Երևան։

-Արդեն 21 տարի է, ինչ աշխատում եք լրագրողի մասնագիտությամբ, ի՞նչ եք կարծում, ինչ տեսակի տեղեկատվություն է ամենից շատ սպառում լսարանը։

-Ըստ տարիքի և ըստ նախասիրությունների տարբեր են սպառողները, բայց միանշանակ կարող եմ ասել, որ, որքան էլ փոխվեն ժամանակները, լրատվությունը մնում է թիվ մեկ ինֆորմացիայի աղբյուրը։ Համացանցը ավելի շատ զբաղեցրել է լրատվությունը ստանալու մեծ աղբյուրի դերը, բայց ամեն դեպքում կա մի զանգված, որի համար հեռոստալրագրությույնը մնում է անփոխարինելի թիվ մեկը, որովհետև այն ինչ տալիս է էլեկտրոնային մամուլը և այն, ինչ որ հաջորդ օրը կտա թերթը՝ այլ է. ավելի ճշգրիտ, ավելի ամբողջական ինֆորմացիա տալիս է հեռուստատեսությունը, հնարավոր է վաղը ինչ-որ բան փոխվի, չնայած կայքերը այսօր ավելի ինտենսիվ են աշխատում, ավելի հրատապ են ինֆորմացիա տալիս, և շատ դեպքերում այս արագության մեջ նաև ապատեղեկատվությունն է ինչ-որ տեղ շատ լինում, և ավագ սերնդի համար դժվար է կողմնորոշվել՝ որն է ավելի ճիշտ։

-Նշեցիք ապատեղեկատվության մասին, այսօր սոցիալական մեդիայում ապատեղեկատվության հոսքը շատ մեծ է, ինչպե՞ս այս տիրույթում սպառողը լինի մեդիագրագետ։

-Իմ կարծիքով՝ ոչ թե սպառողը պետք է լինի մեդիագրագետ, այլ հենց մեդիան պետք է լինի գրագետ, որովհետև, երբ մենք սպառողին տալիս ենք ինֆորմացիա, որը հետո կարող է հերքվել կամ փոխվել, հետո կարող է ընթերցողը այդ ապատեղեկատվությունը, որն արդեն տարածվել է, երկրորդ անգամ չընթերցի, այսինքն այստեղ լրատվամիջոցը պետք է աշխատի ճիշտ, որպեսզի, եթե սպառողը մի քանի անգամ տեսնի, որ տրված ինֆորմացիան հերքվում է կամ չի համապատասխանում իրականությանը, նա կկորցնի վստահությունը տվյալ լրատվամիջոցի նկատմամբ: Իսկ մեդիագրագետ լինելու համար առանձնապես մեծ ջանքեր պետք չեն, ուղղակի պետք է կարդալ մի քանի լրատվություն, օրինակ՝ ընդդիմադիր, իշխանամետ կամ ինչ-որ տեղ նաև չեզոք լրատվության մի քանի աղբյուրներից նույն լրատվությունը կարդալ և փորձել վերլուծություն անել։ Մեդիագրագետ լինելու համար կարծում եմ՝ մեծ դեր ունեն լրատվամիջոցները։

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լրագրողներին։

-Յուրաքանչյուր լրագրող պետք է շատ աշխատի լավ արդյունքների հասնելու համար, փորձի հետևել ոչ միայն հայկական լրատվադաշտում ինֆորմացիայի ստեղծմանը և տարածմանը, այլ նաև՝ ինչպես են աշխատում միջազգային լրատվամիջոցները. դա շատ կարևոր է։ Լրագրողը պետք է լինի սկզբունքային, նախ ինքը հավատա իր տված ինֆորմացիային. երբ դու հստակ գիտես, թե ինչ ես տալիս, այդ վստահությունը փոխանցում ես նաև քո լսարանին։

Մարիամ Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել