Համացանցում մեծ արագությամբ սկսվեց տարածվել Made in Kurtan պիտակով հայկական արտադրության բաճկոնների մասին հրապարակումները։ Բրենդը մեկ օրում կարծես դարձավ Լոռու մարզի Կուրթան գյուղի այցեքարտը։ Եվ ինչպես նշում է ծրագրի հեղինակ Մարիամ Անտոնյանը՝ made in Kurtan-ը հատուկ ընտրված անուն է, որի միջոցով գյուղի մասին նույնպես շատերը կիմանան։
Աստղիկ» բարեգործական հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Լոռու մարզի տարբեր համայնքներում, իր ծրագրերն իրականցնելիս ուսումնասիրում է մարզի համայնքների ներուժը: Այս ծրագիրը իրականացնելիս հենց Կուրթանը ընտրվեց որպես շահառու համայնք։ Մեզ հետ զրույոցում Մարիամ Անտոնյանը նշեց, որ յուրաքանչյուր որակյալ արտադրանք հեշտ է իրացվում։ Այսինքն՝ իրենց խնդիրն է Կուրթանում արտադրել որակյալ և տարբերվող բաճկոններ։ Արտադրանքը այժմ իրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն կան նաև արտահանման առաջարկներ, որոնք այժմ գտնվում են քննարկման փուլում։ Այս պահին արտադրամասում աշխատում է 9 հոգի։ Քանի որ տարիներ առաջ համայնքում եղել է կարի այլ արտադրամաս, այժմ հեշտ է օգտագործել համայնքում եղած ներուժը և մասնագիտական կարողությունները՝ լավ արտադրանք ապահովելու համար։ Համայնքապետը և համայնքի շատ բնակիչներ ընդգծեցին, որ կարի արտադրամասը շատ դրական ազդեցություն է ունեցել համայնքի ճանաչման և զարգացման համար։
Կուրթան գյուղի բնակիչ Սոնա Մաթևոսյանը նշեց, որ իրեն շատ է ուրախացրել այն փաստը, որ իր համագյուղացի կանայք բացի գյուղատնտեսական աշխատանքներից կարող են այլ գործով զբաղվել և, ըստ իրեն, նրանք այս ոլորտում իրենց լավագույնս դրսևորում են։ Նույն համայնքի բնակիչ Սյուզաննա Պողոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ առաջարկ է ստացել հանդես գալ ֆոտոշարքով, որտեղ ինքը կրում էր made in Kurtan-ի կարած բաճկոնները։ Բացի այդ, նա առօրյայում նույնպես հագնում է այս բրենդի արտադրանքից և ընդգծեց. «բաճկոնները շատ հարմար են՝ տաքուկ, փափուկ, թեթև։ Շատ պրակտիկ են, դե իսկ որակի մասին էլ խոսք չկա։»
Made in Kurtan-ի արտադրանքները կարող եք գտնել Ազգային մոլում և mediamarket.am օնլայն խանութում։
Ելենա Մաթևոսյան
2-րդ կուրս