Նկարչությունը եղել և միշտ էլ մնալու է ծաղկող ու ապրող արվեստ, իսկ նրա ձեռքերում վրձիններն ու թելերը ասես պար են բռնում։ Մեր զրուցակիցը նկարչուհի և դիզայներ Արմինե Խաչատրյանն է։
–Ինչու՞ ընտրեցիք այդ մասնագիտությունը, ինչո՞վ էր դա պայմանավորված, և որո՞նք եղան Ձեր առաջին քայլերը այս ոլորտում։
-Մանկուց սիրել եմ նկարչությունը և վեց տարեկանից հաճախել եմ Գորիսի արվեստի դպրոցը, այնտեղ տասը տարի սովորել եմ նկարչություն։ Այնուհետև տեղափոխվել եմ Սիսիանի հումանիտար քոլեջ՝ դեկորատիվ, կիրառական արվեստ բաժինը։ Եվ ստացվեց այնպես, որ իմ մասնագիտությունը դարձավ նկարչությունը։ Շատ ուրախ եմ դրա համար, քանի որ նկարչությունից շատ մեծ ճյուղեր են բացվում, որոնցից ես շատ եմ օգտվում հենց հիմա՝ իմ բիզնեսում։
–Կար մի շրջան, երբ ծնողները իրենք էին որոշում, թե երեխան ինչ մասնագիտություն ընտրի։ Ձեր ծնողների արձագանքը ինչպիսի՞ն եղավ Ձեր ընտրության հարցում։
-Երբ հասավ իմ այդ տարիքը, որ պիտի մասնագիտական ընտրություն կատարեի, 10-րդ դասարանն ավարտելուն պես հայրս ուզում էր, որ ես անպայման գնամ և քույրական սովորեմ, բայց քանի որ ես արյունից շատ վախենում էի, այլ մասնագիտական ընտրությունը ծնողներիս կողմից այդքան էլ դժվար չընդունվեց. հարգեցին իմ որոշումը և ինձ կրթության տվեցին։
–Մեր հասարակության մեջ առկա է այն կարծրատիպը, որ կինը հիմնականում պետք է զբաղվի տնային գործերով, երեխաների դաստիարակությամբ։ Ինչպե՞ս եք Դուք համատեղում և՛ երեխաների դաստիարակությունը, և՛ Ձեր աշխատանքը, և՛հասարակական աշխատանքներով զբաղվելը։
-Առավոտյան զբաղվում եմ տնային գործերով, այնուհետև բիզնեսի համար գաղափարներ եմ մշակում, և ասեմ, որ շատ հեշտ եմ կարողանում այդ ամենը համատեղել, քանի որ իմ երեխաները, հենց այստեղ, իմ գործունեության ընթացքում ինձ տեսնելիս, արդեն դաստիարակվում են, որ պետք է աշխատեն արարել։ Եթե ես կարողանամ իմ երեխաների մեջ դնել այն ոգին, որ իրենք պետք է աշխատեն, հետագայում ստեղծեն հայկականը, դա արդեն իսկ մեծ դաստիարակություն կլինի։
–Տևական ժամանակ զբաղվել եք նաև Ձեր իսկ պատրաստած հուշանվերների վաճառքով, հիմա ունեք Ձեր ձեռագործ աշխատանքների կենտրոնը, որը կոչել եք «ԼուսեԹև»։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ հենց այս անունը ընտրեցիք։
-Միացրել ենք «Լույս» և «Տաթև» բառերը։ Ես իմ մանկությունը անցկացրել եմ Տաթևի վանքում և տվյալ պահին շատ ճիշտ ընտրություն էր այս բառերի համակցումը։ Նաև նշեմ, որ մեր «ԼուսեԹև» բռենդը հիմնականում զբաղվում է հայկական հուշանվերների արտադրությամբ, և փառատոնների ժամանակ մեր բռենդը արժանացել է պատվավոր մրցանակների, և հաճախորդները ևս գոհ են մեզանից։
Անահիտ Քարամյան
2-րդ կուրս