Զրուցակիցս հունահռոմեական ոճի ըմբիշ, 2018թ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն և նույն տարվա պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր և աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Սահակ Հովհաննիսյանն է:
–Գիտեմ, որ մեծ է հետաքրքրությունդ ֆուտբոլի նկատմամբ: Եղե՞լ է մի պահ, որ մտածել ես՝ սխալ ընտրություն ես կատարել և, այնուամենայնիվ, պետք էր զբաղվել ֆուտբոլով:
-Առաջին անգամ ըմբշամարտի տարել է հայրս, ու ես հետագայում այն սիրելով շարունակել եմ: Փուտբոլ խաղում եմ ազատ ժամանակ: Կարելի է ասել՝ այն ինձ համար դառնում է հագեցած ու ծանր օրվա վերջում հանգստանալու միջոց:
-Ի դեպ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր հարցազրույցներից մեկում նույնպես նշել էր, որ եթե ըմբշամարտով չզբաղվեր, ապա կզբաղվեր ֆուտբոլով և ինչպես դու, այնպես էլ նա կխաղար հարձակման գծից: Դա ինչ-որ կերպ կապվա՞ծ է հունահռոմեական ոճի ըմբիշ լինելու հետ, թե՞…
-Սխալ կլինի ասել, որ այն մեր ոճի ըմբշամարտի հետ ինչ-որ կապ ունի: Այո, շատ ըմբիշներ նախընտրում են ֆուտբոլ խաղալ: Երբեմն մենք ինքներս ենք մարզիչներին խնդրում նմանատիպ խաղային պարապմունքներ կազմակերպել: Հիմնականում դա դառնում է ծանր պարապմունքներից խուսափելու միջոց (ծիծաղում է): Նախընտրում եմ հարձակման գծից խաղալ, որովհետև այդ դիրքից խաղն ավելի լավ եմ պատկերացնում:
-Սպորտային կարիերան սահմանափակու՞մ է կյանքդ:
-Այո, հասակակիցներիս համեմատ իմ կյանքը սահմանափակվում է մարզասրահներով: Տարվա մեջ մոտավորապես 1.5 կամ 2 ամիս եմ տանը լինում: Բայց սպորտը քեզ այնպես է «դաստիարակում», որ սկսում ես հասկանալ ու գիտակցել՝ «դու ես ընտրել այս ճանապարհը»:
-Ո՞րն է եղել ամենապատասխանատու պահը քո սպորտային կարիերայում:
-Պատանիների Եվրոպայի առաջնությունը՝ առաջին գոտեմարտից մինչև վերջինը, որովհետև դա վարկանիշային էր պատանեկան օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կարող էին մասնակցել այն մարզիկները, ովքեր կշահեին օլիմպիական ուղեգիր: Սակայն մրցումներից 20 օր առաջ փոխեցին կանոնները. Կարող էին մասնակցել միայն ոսկե մեդալ ստացած չեմպիոնները: Դրանից հետո ես նոր ուժով սկսեցի պարապմունքները: Ճիշտ է՝ մրցման օրը լուրջ վնասվածք ունեի, բայց ես հավատում էի, որ հաղթելու եմ: Հաղթեցի:
-Այսինքն, սպորտում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ սեփական ուժերին հավատա՞լն է:
-Միանշանակ: Երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ սպորտում ամենակարևորը աշխատասեր լինելն է: Եթե հավատք չունենաս, քեզ մոտ ոչինչ էլ չի ստացվի: Հենց այդ հավատքն է ծնում աշխատասիրություն:
–Ի՞նչն է քեզ մոտիվացնում:
-Ուզում եմ ըմբշամարտը թողնելուց հետո անունս հիշվի որպես լեգենդի անուն, հասնել այնպիսի նվաճումների, որոնք շատ մարզիկների համար կդառնան անհասնաելի ու կդառնամ իրենց մոտիվացիայի աղբյուրը: Հենց այս մտքերն են ստիպում առաջ շարժվել ու նոր նվաճումներ ունենալ:
–Ենթադրում եմ՝ շատերն արդեն իսկ ոգևորված են քո հաջողություններով: Աշտարակ քաղաքում, որտեղ ապրում ես, այս մարզաձևով հետաքրքրվողներ շա՞տ կան:
-Պարապմունքներիս գրաֆիկով պայմանավորված՝ Աշտարակում շատ քիչ եմ լինում: Այն ժամանակ, երբ հաղթանակած հետ էի վերադառնում, զգում էի երիտասարդների մեջ առաջացած ոգևորվածությունը: Ես պարապմունքներս սկսել եմ հենց Աշտարակում, բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ այստեղ լուրջ շարունակություն ունենալ չեմ կարող: Այստեղ կա ըմբշամարտի «Այբ, Բեն, Գիմ»-ը, բայց չկա դրա շարունակությունը: Երևի հենց սա է պատճառը, որ մեր տարածաշրջանում հետաքրքրությունը դեպի ըմբշամարտ շատ քիչ է:
-Կողքից նայելիս ամեն ինչ շատ հեշտ է թվում, այդպե՞ս է, թե՞ դժվարություններ եղել են:
-Ճանապարհը, որով գնացել ու դեռ շարունակում եմ գնալ, հարթ չէ: Երբ նոր էի սկսել սպորտային ուղիս, մարզիչներս մեծ հույսեր էին կապում ինձ հետ, բայց չէի կարողանում արդարացնել նրանց սպասումները: Նույնիսկ եղավ մի պահ, երբ հայրս ասաց՝ եթե սպորտում չես կարող հաջողություն գրանցել, մտածիր ուսոմդ շարունակելու մասին: Այդ շրջանում ես իսկապես ծանր հոգեբանական վիճակում էի: Բայց արդեն 17 տարեկանից սկսեցի հաղթանականեր ունենալ:
–Ռոման Վլասովը, ում դու երկրպագում ես, իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հաղթանակը նոր հաղթանակներ է ներշնչում, բայց միայն ուժեղներն են անցնում պարտությունների միջով: Որքանո՞վ են այդ պարտությունները ազդել քո հետագա ընթացքի վրա:
-Ճիշտ է՝ փոքր տարիքում պարտություններից տխրել եմ, բայց երբեք չեմ վախեցել պարտվելուց: Ես, անկախ ամեն ինչից, ընդունում եմ իմ պարտությունը: Նույնիսկ եղել են պահեր, երբ սայթաքել եմ, բայց այդ պահին նայել եմ ներքև, քմծիծաղ տվել ու շնորհակալություն հայտնել Աստծուն, որ դրա միջով ինձ անցկացրեց և նույնիսկ այն դեպքրում, երբ դրանք եղել են մրցավարական սրիկայություններ: Երբեմն լավ թռիչքի համար պետք է մի քայլ հետ գնալ, որպեսզի թափ հավաքես: Եթե կարողանում ես ընդունել պարտոթյունդ, այն քեզ նոր թևեր է տալիս: Հենց դրանք են ինձ դարձրել այն, ինչ հիմա կամ:
Մարինա Մկրտչյան
2-րդ կուրս