Արմանը մեր դասարանի հումորասեր տղան էր՝ ընկերասեր, մարդամոտ, ֆուտբոլը շատ սիրող։ Դեռ դպրոցական տարիներից ծառայության մեկնելու մասին միշտ ոգևորությամբ էր խոսում։ 2019թ.-ի հունվարի 29-ին Արմանը ծառայության անցավ Ջրականում (Ջաբրայիլ)։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, նրա մոտ ընկերն էլ (ով ևս մեր դասարանից էր) այդտեղ էր ծառայում։ Սա իմանալուն պես դեմքիս ակամայից ժպիտ հայտնվեց. երկու մոտ ընկերներ միասին սովորեցին, միասին էլ ծառայելու էին։
2020թ. սեպտեմբերի 27, Ջրական. «Սովորականի նման առավոտյան արթնացանք, ընկերոջս մահճակալին նստած՝ խոսում էինք։ Մեկ էլ պայթյուն լսվեց, գումարտակի պատուհանը ջարդվեց-թափվեց գետնին։ Գնացի պատուհանի մոտ, տեսա, որ զենքի պահեստի տանիքի վրա արկ էր ընկել։ Գունդը տագնապ տվեցին։ Բարձրացանք, դիրքավորվեցինք, մեր գումարտակի հրամանատարի՝ Դավիթ Նազարյանի (Ջաբրայիլի կյաժ) հետ հրամանատարական դիտակետ առաջինը մեր վաշտը մտավ»,- հիշում է Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից, 20-ամյա Արման Ավետիսյանը։
1-2 օր դիտակետի հետևում գտնվող թիկունքի ղեկավարման կայանում են մնացել։ Սեպտեմբերի 30-ին վերջնական որոշել են վերադարձնել հրամանատարական դիտակետը. «Հետ գրավեցինք, դրոշը փոխեց Էդգար Եղիազարյանը։ Մի տեսանյութ կար, որ սոցկայքերում «հայտնի էր» էդ օրերին։ Տվյալ տեսանյութում Էդգարն էր, ով ասում էր՝ կրակով պահեք, հելնեմ, դրոշը դնեմ»։
Հոկտեմբերի սկիզբ՝ առաջին հրադադար, Հադրութի անտառ. Արմանն ու ընկերները շրջափակման մեջ էին. «Էս շրջափակումն էր ահավոր վախենալու. պիտի ճեղքեինք, անցնեինք։ Հատուկ ջոկատը, մեր դիմացից բոլորին սպանելով, գնում էր, մեր գումարտակն էլ՝ ետևից»։
– Արման, ասում ես՝ շատ անգամներ ես մահից փրկվել…
«Մի անգամ քնած էի մնացել թիկունքի ղեկավարման կայանում, գերի էի ընկնում, կրակեցին լուսամուտներին, զարթնեցի։ Հրամանատարական դիտակետում սեպտեմբերի 30-ին գրադ գցեցին խրամատի գլխին։ Ալիքից կասկայիս պատյանը թռավ։ Խրամատը թափվեց մեր Սաքոյի վրա։ Հողի տակ մենակ ձեռքն էի տեսնում. փորեցի, հանեցի… Էստեղ ամենադաժան բաներն եմ տեսել։ Մեր Աղվանը մահացավ… Դրեցինք մեքենան, ճանապարհին մահացավ։ Մի կամազ էլ վիրավորներով պայթեցրին…
Ջրականը հետ գրավելիս, 10 րոպե փոսի մեջ պառկած, աղոթել ենք. կանգնում էի՝ ճամփա գտնեի, դիպուկահարը կրակում էր, արկերը մեր ետևում էին գցում, դիմացներս էլ մինապատ էր։ Էդ ժամանակ ընկերս վիրավորվեց»,-պատմում է Արմանը՝ ցույց տալով իր և ընկերոջ լուսանկարները։
Հոկտեմբերի 18-ին Թութակներում (Հադրութ) զոհվեց Արմանի գումարտակի հրամանատարը. «Նրա հետևում էի կանգնած։ Կրակեցին, կպավ իրեն։ Դիմացս չլիներ՝ ես էի մահանալու»։
«Հոկտեմբերի 28-ին նահանջեցինք։ Մարտունու Շեխեր գյուղում էինք։ Սարից մանր-մունր զենքեր էինք իջեցնում, դնում կամազի մեջ։ Եթե 30 վայրկյան ավելի մնայի կամազի մոտ, ես էլ էի զոհվելու։ Մեքենան պայթեցրին, մենակ «Օգնեցեք» էի լսում. բոլորը վառվում էին։ Չէի կարողանում մոտենալ, որովհետև փամփուշները տաքացել էին ու կրակում էին»,- հիշում է Արմանը։
Այս ամենից հետո նա ու ընկերները հայտվել են գյուղի գոմերից մեկի մոտ։ Թշնամու նետած արկից ողջ են մնացել Արմանն ու զինվորներից մեկը։
Գլուխները կորցրած 30 կմ քայլելով՝ հասել են Կոլխոզաշենում գտնվող ինչ-որ դահլիճ։ Այստեղ քնել են, առավոտյան շարժվել Նինգի գյուղ՝ մոտ 7 օր մնալով այստեղ։ Հետո գնացել են Ամարաս եկեղեցու մոտ, դիրքավորվել, և պատերազմը վերջացել է։
Պատերազմի օրերին հասկացածի մասին պատմում է. «Պիտի գնահատես ունեցածդ։ Միշտ էսպես էի ասում. «Տղե՛րք, մեր հասակակիցները ինչ են ուզում ու երազում հիմա. փող, լավ մեքենա, ընկերուհի, ժամանց։ Բայց մենք, էստեղ նստած, Աստծուց զուտ կյանք ենք ուզում, երազում, ամենասովորական կյանքը…»»։
Արմանն արդեն տանն է։ Ձեռքին փոքր բեկոր ունի։ Սա էլ միշտ կհիշեցնի սովորական կյանքի մասին երազանքը։ Սովորական կյանքի…
Հասմիկ Անդրեասյան
3-րդ կուրս