Եզդիական առաջին թատրոնը Հայաստանում

Եզդիական առաջին թատրոնը Հայաստանում

1325

«Journalist.am»-ը զրուցել է Հայաստանում եզդիական  միակ թատրոնի հիմնադիր Գրետա Ալեքսանյանի հետ։ Նա նաև «Եզդիների կողքին» նախաձեռնության հեղինակն է։ Թատրոնը հիմնվել է  2021թ.-ի հունվարին։ Ներկայացումները ցուցադրվում են Էջմիածնում՝ «Մաչանենց թատրոն»-ում։

– Գրետա, ինչպե՞ս առաջացավ եզդիական թատրոն հիմնելու գաղափարը:

– Ամեն ինչ սկսվեց դեռևս մեկ տարի առաջ, երբ ստեղծվեց «Եզդիների կողքին» նախաձեռնությունը։ Աշխատելով «Հայ միասնության խաչ» ԲՄՀԿ-ում՝ որպես «Մաչանենց թատրոն»-ի տնօրեն, և զուգահեռաբար լինելով եզդիների կողքին՝ այդ համայնքում զգացի թատրոնի բացակայությունը։ Սկսեցի աշխատել այդ ուղղությամբ այնքան, մինչև ստեղծվեց մնջախաղի հայտնի վարպետ, ազգությամբ եզդի Արսեն Փոլադովի անվան եզդիական 1-ին թատրոնը։

– Ո՞րն է թատրոնի ստեղծման նպատակը:

– Նպատակը եզդիների հայրենիք Հայաստանում եզդիական մշակութային կյանքն ակտիվացնելն է։ Մենք ունենք ընդհանուր տուն, հող ու հայրենիք, նույն ցավը ճաշակել ենք տարբեր ժամանակաշրջաններում։ Ի վերջո, նրանք Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնությունն են, որոնք, ունենալով բավականին մեծ համայնք, չունեն մշակութային որևէ օջախ։ Կարծում եմ, որ այս և նմանատիպ այլ քայլերը պետք է արվեին դեռ վաղուց։ Իմ նախաձեռնության շրջանակներում ունեմ բազմաթիվ այլ ծրագրեր. մոտ ապագայում տեղի կունենա հայ-եզդիական մշակութային երեկո, որտեղ իրար ճանաչելու հնարավորություն կունենան հայ և եզդի մտավորականները։

– Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել թատրոնը: Ներկայացումների լեզուն եզդիերենն է. ինչպե՞ս հավաքվեց լեզվին տիրապետող դերասանական կազմը:

– Հիմնական խնդիրը եղել է եզդիական գրականության սուղ կամ անհասանելի լինելը։ Այդ պատճառով սցենարը գրել եմ ես, թարգմանությունը կատարել է Արագածոտնի մարզի Շամիրամ եզդիաբնակ համայնքում բնակվող Ուսուբյան Զադան։ Դերասանական կազմի ընտրությունը շատ հետաքրքիր է եղել։ Ես անընդհատ գնում էի եզդիաբնակ գյուղեր, հանդիպում մարդկանց հետ։ Դերասանների ընտրության ժամանակ գնացի Ֆերիկ եզդիաբնակ համայնք, մտա տուն առ տուն։ Այդ ձևով գտա այն մարդկանց, ովքեր այսօր իմ կողքին են, խաղում են ներկայացման մեջ։ Նրանք, չունենալով թատերական կրթություն, թատրոնի առաջին՝ «Կռիվ ու սեր» ներկայացման ռեժիսոր Գևորգ Ընծա Բաբախանյանի օգնությամբ կարողացան հաղթահարել դժվարությունները և պատվով ներկայանալ հանրությանը։

– Հունվարի 17-ին «Կռիվ ու սեր» ներկայացման առաջնախաղն էր: Ինչպիսի՞ արձագանքի արժանացավ այն:

– «Կռիվ ու սեր»-ը նվիրված է Արցախյան պատերազմում զոհվածների անմար հիշատակին։ Բավականին ակտիվ և ուրախ կերպով ընդունեց եզդիական համայնքը և ոչ միայն։ Այս փուլում, կարծես, ավելի ու ավելի ընդգծվեց հայ-եզդիական եղբայրության կարևորությունը։

-Ներկայացումը եզդիերենով էր: Ինչպե՞ս կարող է այն հասկանալ լեզվին չտիրապետող հանդիսատեսը:

-Մենք մտածել էինք այդ մասին և պատրաստել հայերեն հուշող թերթիկներ։ Սակայն հայ հանդիսատեսները հրաժարվում էին վերցնել՝ գուցե հետաքրքրությունից ելնելով։

-Ի՞նչ ներկայացումներ են նախատեսված մոտ ապագայում:

– Առաջիկայում նախատեսվում է ուրախացնել երեխաներին՝ բեմադրելով հեքիաթներ։

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել