Ճանաչենք մեր հերոսներին. Ալբերտ Խաչատրյան

Ճանաչենք մեր հերոսներին. Ալբերտ Խաչատրյան

1921

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյուքում քաջաբար զոհվել է Ալբերտ Խաչատրյանը։ Ալբերտը ծնվել է 1994թ.-ի հունիսի 4- ին քաղաք Ագարակում, պատերազմի ժամանակ եղել է Հադրութում։

Կապիտանի հերոսությունների մասին այսօր մեզ պատմում է կինը՝ Մարիամը։ Ալբերտն ու Մարիամը միմյանց ճանաչել են գրեթե 7 տարի։ Մարիամն ամեն օր հիշում է իրենց ճակատագրական հանդիպումը ու հասկանում, որ Ալբերտն հենց այն մարդն է, ում ճանաչելը հպարտություն է։ Ալբերտի սերը կնոջ հանդեպ աննկարագրելի է եղել։ Ասում է՝ միշտ համբուրում էր ճակատս ու, կապ չունի, թե որտեղ էինք։

«Այսօրվա պես հիշում եմ մեր առաջին ժամադրությունը։ Այնքան երջանիկ էինք՝ չէինք ուզում այդ օրն ավարտվի։ Երանի կարողանայինք կրկնել…»։

Շատ ռոմանտիկ է եղել, Մարիամը փաստում է՝ միասին ապրած ամեն վարկյանը իր համար երջանկության անհուն աղբյուր է եղել։ Կապիտանի հոգատարությունն ու ջերմությունը սիրելի կինը միշտ էր զգում։

«Աբոն անասելի նվիրված էր բոլորին՝  ծառայությանը, իր վաշտին, զինվորներին։ Անգամ կիրակի, երբ իր ազատ օրն էր լինում, մեկ է՝ կեսից թողնում գնում էր զորամաս։ Հենց այդ նվիրվածությունը ստիպեց իրեն կռվել անձնվիրաբար»։

Ալբերտի հետ կապված ամեն բան Մարիամը հիշում է ու պահում սրբության պես. «Ամենավերջին հուշը մեր ամուսնական մատանու պատմությունն է։ Պատերազմի ամենաթեժ պահին Հայկը (Ռիժիկ) ասել է՝ կամանդիր ջան, եթե հնարավոր ա, հանի մատանին, շատ ա փայլում, կխփեն։ Ամուսինս կատակել է՝ ասելով՝ կինս ավելի շուտ կխփի, քան թուրքը։ Դա դարձել է պատմություն, բոլորը սկսել են միմյանց պատմել։ Անգամ վիրավոր ժամանակ ասել են, որ հանի մատից, բայց չի հանել. ասել է՝ միակ բանն է, որ հիմա ունեմ…»։

«Աբոն երկու բառ ուներ, որ ասում էր զինվորներին, երբ շատ բարկացած էր լինում։ Կուբիկ և քյոթուկ բառերն էին, երբ այդ բառերը լսում էի, գիտեի, որ շատ է բարկացած, բայց միշտ ծիծաղում էի»։

Կապիտանը Մարիամին միշտ պատմել է իր մի զինվորի՝ Գալեյան Մխիթարի մասին. «Ասում էր՝ հպարտ եմ, որ իր պես սերժանտ ունեմ, ինքն իմ աջ ձեռքն է։  Գալեյան ազգանունը շատ էր տպավորվել իմ մեջ, ու Աբոյի զոհվելուց հետո ման էի գալիս նրան։ Մտածում էի՝ հանկարծ բան եղած չլինի։ Ցավոք, իրենց հրամանատարի զոհվելուց հետո Մխոն, Սերժը(Քեխոն), Հայկը(Ռիժիկ) ևս զոհվեցին»։

Սեպտեմբերի 30-ին կապիտանը կարծես թե զգում էր, որ մահը մոտ է։ Բոլոր զինվորներին ասել է՝ զանգեք խոսեք ձեր հարազատ ու սիրելի մարդկանց հետ. գուցե սա մեր վերջին օրն է։ Ինքն էլ զանգել է սիրելի կնոջը։ Մարիամն ասում է՝ զանգն եկավ ժամը 5-ին, կարծես հրաժեշտ տար։ Հրամանատարը զոհվել է խոսելու նույն օրը՝ ժամը 6-ին։

Ալբերտը իրական հայի ու սպայի կերպար է, ով 3 օր վիրավոր կռվել է, չի երկնչել ոչնչի առաջ ու մինչև վերջ անվերապահորեն հավատացել է հաղթանակին։

Մարիամը փաստում է՝ հերոս ամուսնու մոտ երբեք հուսահատության նշույլ անգամ չի նկատել. «Զարմանում եմ՝ երեք օր վիրավոր է եղել, ցավերի մեջ կռիվ է տվել, բայց էնպես է ինձ հետ խոսել, որ ես չզգամ։ Անգամ չեմ էլ կասկածել»։

Ալբերտը հերոսական վաշտի հրամանատար է եղել։ Մարիամը ոչ մի պահ չի կասկածել, որ նա պատրաստ է զոհել իր կյանքը հանուն հայրենիքի ու իր զինվորների։ Հրամանատարը զոհվել է վիրավոր զինվորին փրկելիս։

«Ես աշխարհում ամենաերջանիկն եմ, որ իմ գիտակից կյանքում ունեցել եմ Աբոյին։ Իմ կյանքում նրա դերն անգնահատելի է։ Անասելի հպարտ եմ, որ հենց ինքն է իմ ամուսինը։ Մեզ երբեք ոչինչ չի կարողացել բաժանել. ես հիմա էլ իր ներկայությունը զգում եմ…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել