Պատերազմի դաշտում կնոջ ներկայությամբ ամենավախկոտ տղամարդն էլ առյուծ է կտրում, երբ իր կողքին կռվող կին է տեսնում. ասում է ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը:
-Կինը ոգեւորում է տղամարդուն, ես դա իմ սեփական փորձից եմ ասում: Չորս տարի արցախյան ազատամարտի ընթացքում ես Ղարաբաղում եմ եղել, եւ շատ դեպքերում տղամարդիկ ավելի էին ոգեշնչվում, երբ մեզ տեսնում էին իրենց կողքին»,- ասում է Աիդա Սերոբյանը:
Նրա խոսքով, այսօր, երբ պատերազմական իրավիճակում ենք գտնվում, կինը պետք է ոչ միայն սահմանին կանգնած լինի, այլեւ ներգրավվի բոլոր զինվորական հաստատություններում:
-Կնոջ ներկայությամբ տղամարրդիկ դառնում են ավելի քաղաքակիրթ, կազմակերպված: Հիմա կին-տղամարդ չկա, եթե պահը օրհասական եղավ, կանայք պետք է առանց մտածելու կանգնեն մեր տղաների կողքին,- ասում է նա:
Նրա խոսքով` լուրջ անելիքներ ունեն իշխանավոր կանայք, որոնք փոխանակ բանակի կողքին կանգնեն եւ աջակցեն, պճնամոլությամբ են զբաղված:
-Կուզենամ, որ կին իշխանավորներն օրինակ ծառայեն մեր անբան իշխանությանը, որովհետեւ երբ տղամարդու կողքին կինն ինչ-որ քայլ է անում, տղամարդը ձգտում է շատ ավելին անել: Թե չէ ստացվում է, որ 17-րդ դարում մենք ունեինք առաջնորդ կանայք, իսկ այսօր` 21-րդ դարում, երբ հանարավորություններն ավելի շատ են, հայ իշխանավոր կինը պճնամոլությամբ է զբաղվում:
Ափսոսում է միայն մի բանի համար, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ապրիլին առաջնագիծ մեկնել…
-Եթե պետք էր 7-ին վեր կենալ, ես 5-ին վեր էի կենում, պատրասվում, շրթներկս քսում, զենք վերցնում ու գնում դիրքեր: Ասում էին` ինչի՞ ես շրթներկ քսում, որ պուլյան կպավ, մեռնելու ես: Ասում էի` ոչինչ, թող մեռնելիս սիրուն մեռնեմ,- 1991թ-ին սահմանում բուժաշխատողների պակասի մասին լսելուն պես, Աիդա Սերոբյանը մոր խնամքին թողնելով իր մանկահասակ երեխաներին, դիմում է Առողջապահության նախարարություն` որպես բուժքույր Ղարաբաղ մեկնելու համար:
-Մտածեցի՝ եթե ոչ ես, ապա ով պետք է գնա: Երեխաներս փոքր էին, բացատրության կարիք չկար: Իսկ մորս ստեցի, ասի` ինձ գործուղման են ուղարկել Ջերմուկ: 91-ին գնացի Ղարաբաղ եւ վերադարձա պատերազմի ավարտից հետո միայն, երբ ասին` դոխտուր, աչքդ լուս լինի, կռիվը պրծալ ա,- ասում է կին գնդապետը:
Աիդա Սերոբյանը եղել է Հաթերք գյուղի պարտիզանական ջոկատի բուժքույրը, իսկ Արցախի բանակի հիմնադրումից հետո` Մարտակերտի գնդի, այնուհետ` Արցախ փրկարար ծառայության բուժքույրը: Հայրենիքի պաշտպանների կյանքը փրկելուն զուգահեռ` զենքը ձեռքին միշտ կանգնած է եղել նրանց կողքին:
-Հո մենք չէինք սպասելու` մեկը վիրավորվի, որ գնայինք առաջին բուժօգնություն ցույց տայինք: Մենք բոլորս զենքը ձեռքներս կանգնած ենք եղել. եթե վիրավոր է եղել, վիրակապել ենք, եթե ոչ` զինվորներին հավասար կռվել ենք,- ասում է նա:
Աիդա Սերոբյանը մասնակցել է Քարվաճառի, Աղդամի, Հորադիզի, Ֆիզուլու, Ջաբրայիլի շրջանների ազատագրմանը: Պատերազմի օրերից հիշողությունները դեռ թարմ են:
-Ինձ մինչեւ հիմա հանգիստ չեն տալիս ծանր վիրավորների` կյանք աղերսող հայացքները, երբ նրան փրկել-չփրկելու հարց կա, նայում է աչքերիդ մեջ ու ասում` դոխտուր, կարող է ինձ չփրկե՞ս, դոխտուր, կարող է ես մեռնի՞մ,- ասում է նա:
Ազատամարտիկը նկատում է` պատերազմի դաշտում, երբ անընդհատ լինել-չլինելու վտանգ կա, լացն ու ծիծաղը, ցավն ու հումորը ապրում են կողք կողքի: Հիշում է` Օմարի լեռնանցքում թոքերի ծանր վիրավորում ստացած զինորներից մեկին:
-Ես բինտը փաթաթում եմ, մտցնում եմ վերքի մեջ, ձեռքով սեղմում եմ, որ սրսկեմ, ասում է՝ դոխտուր, օկոլ ուզում չեմ, դու խոսա, խոսա, որ խոսում ես, լոխ ցավերս թողում ա …:
Պատերազմի երկրորդ խմբի հաշմանդամ, չորս անգամ վիրավորված, կոնտուզիա տարած Աիդա Սերոբյանն այժմ դասավանդում է Երեւանի պետական հումանիտար քոլեջում, քոլեջի զինղեկն է, վաղվա զինվորների է պատրաստում: Ապրածի, արած-չարածի համար չի զղջում, ափսոսում է միայն մի բանի համար, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ապրիլին առաջնագիծ մեկնել:
-Հիմա բուժման մեջ եմ, երեխաների մոտ էլ քննական շրջան է, հենց ավարտեցի, առաջին գործս սահման մեկնելն է: Ես նրանց կողքին պետք է լինեմ` եւ որպես բժիշկ, եւ որպես պատերազմի թոհ ու բոհով անցած կին,- ասում է նա:
Էմմա Թումանյան
3-րդ կուրս