Ճանաչենք մեր հերոսներին. Սերժ Հակոբքեխվյան(Քեխո)

Ճանաչենք մեր հերոսներին. Սերժ Հակոբքեխվյան(Քեխո)

1204

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում քաջաբար զոհել է Սերժ Հակոբքեխվյանը։ Սերժը ծնվել է  2000 թ-ի սեպտեմբերի 29-ին քաղաք Երևանում։

Սերժի վառ կերպարը երբեք անտարբեր չի թողել ոչ ոքի։ Ընկերասեր տղայի մասին բոլորը խոսում են մեծագույն սիրով։ Դպրոցում, ընկերական շրջապատում, զինվորական ծառայության ընթացքում նա եղել է լավագույնը, ում կերպարը կբացահայտենք այսօր։

«Սովորող չէր, երբեմն կռվարար, բայց անչափ բարի, նվիրված, ջիգյարով, այս բառի իսկական իմաստն արտահայտող հոմանիշ չգիտեմ։ Ինքը հենց էդ բառի ամենատիպիկ ներկայացուցիչ էր», պատմում է դասղեկը՝ Օվսաննա Աբրահամյանը։

Սերժը շատ կապված է եղել դպրոցի և դասղեկի հետ, տիկին Աբրահամյանը խոստովանում է՝ կռվարար բնավորության համար  շատ է բարկացել Սերժի վրա. «Թվում էր, թե պետք է նեղացած լիներ ինձնից, բայց էստեղ էլ ինքը իր տեսակը ցույց տվեց՝ մեծահոգի ու բարի։ Ավարտելուց հետո ամեն օր դպրոց էր գալիս, պահակը զանգահարում էր, Աբրահամյան, էլի էն տղադ է եկել, ու բոլորը գիտեին, որ Սերժն է»։

 Սերժի մասին մեծ սիրով մեզ պատմեց նաև երկար տարիների լավագույն ընկերը՝ Հովհաննես Կարապետյանը։ Ասում է՝ Սերժի հետ կապված ամեն բան երազի է նման, չի հավատում, որ ընկերը հիմա ֆիզիկապես իր կողքին չէ։

«Սերժի մասին սխալ է անցյալով խոսել, քանի ես կամ, ինքն էլ կա ու հոգեպես իմ կողքին է։ Սերժը մարդ էր մեծատառով, նվիրված ու հոգատար ընկեր էր, լսող ու հասկացող։ Իրեն պետք չէր շատ բան ասել, ինքը կես խոսքից հասկանում էր»։

Սերժը շատ սկզբունքային ու իր խոսքի տերն է եղել, ընկերը փաստում է, եթե անգամ մեզ թվար` ամենահիմար բանն է ասում, մեկ է, եթե ասել էր, պետք է աներ։

«Սերժը անասելի բարի էր ու քչախոս, օգնում էր բոլորին։ Այսօրվա պես հիշում եմ, երբ ես աշխատում էի, մեր տանը վերանորոգում էր, Սերժն ու ընկերներս մեր տանն էին, օգնում էին, որ արագ ավարտեինք։ Կապ չունի, որ ես տանը չէի, Սերժը միայն իմ ընկերը չէր, այլ մինչև հիմա էլ իմ տան անդամն է»։

Սերժը լողալ շատ է սիրել, ջուրը իր տարերքն էր. «Ձմռանը ընկերներով գնացել էինք Աղրլիճ, բոլորս խմում էինք, միայն Սերժն էր այդ եղանակին լողում»։

Ընկերները շատ էին սիրում քայլել, զրուցել, մինչև հիմա Հովհաննեսը հիշում է իրենց զրույցներն ու կարոտում, բայց նաև հպարտ է, որ Սերժի պես հերոս ընկեր ունի։

Սերժը տեսակով ուրախ մարդ է եղել, ասում են՝ միշտ ժպիտը դեմքին էր։ Ամեն բան իր համար լուծելի էր։ Ընկերասեր տղան կռվի դաշտում ապացուցեց իր ընկերասիրությունն ու նվիրվածությունը։

Զինակից ընկերներից Ալբերտ Ներսիսյանը հիշում է Սերժին հենց ծառայության առաջին օրվանից։ Ասում է, որ նոր էր եկել, մի քիչ փակ մարդ էր, բայց հետո ընկերացել են. «Սերժը շատ լավ զինվոր էր, իր պարտականությունները հրաշալի կատարում էր,  տեսակով պատասխանատու մարդ էր»։

Զինակից ընկերը հատ-հատ հիշում է Սերժի ասած ամեն բառը, բայց կա մի բան, որ հստակ տպավորվել է իր հիշողության մեջ. «Ասում էր՝ հենց ծառայությունս ավարտեմ, աշխատելու եմ, մամաս երբեք ոչ մի բանի կարիք պիտի չունենա։ Ասում էր՝ մամայիս թագուհու պես եմ պահելու»։

«Սերժի հետ կապված շատ դեպքեր են եղել ծիծաղելի, բայց ամեն անգամ հիշում եմ, երբ վերակարգի մեջ էինք երկուսով, բոլորը քնած էին, ես ու Սերժը ատամի մածուկը քսել էինք տղերքի դեմքին։ Այդ պահը, անկեղծ, շատ ծիծաղելի էր»։

Սերժը Ալբերտի զորացրվելուց մեկ օր առաջ խաչ է նվիրել իրեն ու ասել, երբ գամ, ցույց կտաս, որ տեսնեմ, նվերս պահում ես։ Այդ օրը երկար խոսակցություն են ունեցել, ու չգիտես ինչու, երբ Ալբերտը ասել է՝ հիմա ես եմ գնում, քիչ ժամանակ հետո էլ դու կգաս, Սերժը թերահավատորեն ասել է, բայց կգա՞մ։ Ալբերտը փաստում է՝ նա ինչ որ բան զգում էր։

Սերժի մայրը՝ տիկին Արմինեն ասում է՝ տղաս ոչնչից չէր դժգոհում. անգամ պատերազմի օրերին միշտ ասել է՝ դուխով, ամեն ինչ լավ է լինելու։

«Սերժս շատ էր ուզում բանակ գնալ, անգամ պատերազմի դաշտից էնպես էր խոսում, որ չէինք անհանգստանում։ Ասում էր՝ Հադրութում ենք, բայց մեր կողմերը կռիվ չկա։ Զանգեց 29-ին՝ իր ծննդյան օրը, ասեց մամ ջան սաղ շատ լավ ա, դուք քեֆ արեք»։

Սեպտեմբերի 30-ը ճակատագրական եղավ Հադրութի արծվի համար։ Երկար ժամանակ համառ մարտեր մղելուց հետո Սերժը զոհվեց ընկերոջ կյանքը փրկելիս։ Լուսավոր տղան տվեց իր կյանքը հանուն գալիքի ու հավերժացավ բոլորիս հօգիներում։

Հովհաննեսն ասում է՝ կասկած անգամ չունի, որ եթե անգամ 10 կյանք ունենար, 10-ն էլ նույն ձև կապրեր հերոսը. «Մենք 4 ընկերներով մի կարգախոս ունեինք՝ որտեղ փորձանքն էր, այդտեղ մենք էինք, և՝ հակառակը։ Այդ քայլին գնալուց առաջ վստահ եմ՝ ինքը գիտակցել է, որ կարող է դա վերջը լինի, բայց հաստատ հետ չէր դառնա։ Ցավը մեծ է, բայց որպես ընկեր հպարտանում եմ, շատ ճիշտ քայլ է արել»։

Բոլորը միաբերան ասում են, պետք է այնպես ապրենք, որ արժանի լինենք Սերժին և իր ապրած ու չապրած արժանապատիվ տարիներին…

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել