Երջանիկ են այն ծնողները, ովքեր արժանավոր զավակներ են մեծացնում։ Մխիթարյանների ընտանիքը հպարտանալու տեղ ունի. առաքինի, մեծի հարգն իմացող, ազնիվ, հայրենապաշտ տղա է դաստիարակել։ Վահե Մխիթարյանը ծնվել է քսան տարի առաջ այս օրը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում։ Նա շտեմարանն էր սիրո, մաքրության, պարզության ու ազնվության։ Բառերն անզորանում ու նվաղում են Վահեին նկարագրելիս. տղան բացառիկ տեսակ էր։ Որքան աղջիկներ այդպես էլ կարոտ մնացին Վահեի մի հայացքին, շատերն էին երազում նրա թրթռացող ջահել սրտում տեղ գտնելու մասին, բայց ավա՜ղ…
Փոքր սենյակի ամեն անկյունում Վահեի ներկայությունն զգացվում է։ Ընտանիքին մնացել են միայն ջերմագին հիշողություններն ու լուսանկարները, որոնք Լուսիկ մայրիկը ամեն օր ամու¯ր-ամու¯ր սեղմում է կրծքին ու լուռ հառաչում։ Վահեի նկարներից պոկված տաք ժպիտը գալիս ու պարուրում է մեր սառած հոգիները, և մենք անձայն, անշշուկ սկսում ենք զրուցել նրա հետ։ Տան ամենալուսավոր մասը դարձել է Վահեի փառքի անկյունը, որ օղակված է կակաչների գույնզգույն փնջերով։
«Միայն Վահեիս հետ էի կիսվում։ Ինձ համար նա ամեն ինչ էր։ Ասում էր. «Ոչ մեկի մի վստահիր, բոլորը քեզ մի օր թողնելու են, գնան, կողքիդ են մնալու միայն եղբայրդ ու ծնողներդ»։ Շատ խիստ եղբայր էր։ Կարոտս այժմ նրա անունն ունի»,- ասում է քույրը` Նարեն։
Այս կյանքը Վահեի համար էր, որ վայելեր, ծիծաղեր իրեն հատուկ ծիծաղով` բարձր ու կենսատու։ Տանկիստ Մխիթարյանի երակներով կյանքն ուղղակի հոսում էր։ Բոլորի համար պահած սեր ուներ նա։ Վահեն բնավորությամբ ու արտաքինով հորն էր շատ նման։ Սենյակի մի անկյունում լուռ նստած է Արմեն հայրիկը։ Անհագորեն լսում է որդու մասին հազար անգամ լսածները, մեղմորեն ժպտում ու արտասունքներով լի աչքերը հառում Վահեի փառքի անկյունին։ Տղան Երևանում էր բնակվում, բայց սիրտն ու հոգին հայրենի գյուղում էին։ Վերին Կարմիրաղբյուր գնալիս մի պահ կանգ կառնեք Վահեի գերեզմանի մոտ, նրան երփներանգ ծաղիկներ կտանեք ու զուլալ երկնքում կփնտրեք նրա սիրուն պատկերը։
«Հոկտեմբերի 5-ին Ասկերանի թեժ մարտերի ժամանակ Վահես մի կերպ է փրկվել։ Ընկերոջն ասել է. «Եթե էսքանից հետո ողջ ենք մնացել, ուրեմն մենք անմահ ենք»։ Շատ դեպքեր են եղել, երբ շրջափակման մեջ են ընկել։ Վահեի մարտական ընկերները պատմում են, որ նա աննահանջ էր։ Մեզ համար պատերազմը տևեց 33 օր,- որդու քաջությունների մասին իրեն հասած տեղեկությունները պատմում է Լուսիկ մայրիկն ու շարունակում,- ինձ խաբել, ասել էր, որ առաջնագծում չէ։ Թշնամու կողմն անցնելով` Վահես երկու տանկ է առգրավել ու ոչնչացրել մեծաթիվ կենդանի ուժ։ Հոկտեմբերի 29-ին 19։17 րոպեին զանգեց, խոսեցինք, ձայնը լավ էր, տրամադրությունը` բարձր»։
Լուսիկ մայրիկն ինչ իմանար, որ այլևս չի լսելու որդու քաղցր ու անուշ ձայնը, շնչառությունը։ Վերջին խոսակցության ամեն բառը դաջվել է մոր մտքում։ Մի օր կլռեն աշխարհի բոլոր զենքերը, բայց երբեք չի դադարի զավակին կորցրած մոր հառաչանքը։
-Նարեն անընդհատ կրկնում էր` ամսի 29 ու 30-ը, որ անցնեն ու Վահեին ոչինչ չլինի, ամեն ինչ լավ կլինի արդեն։ Դողում էր այդ օրերի համար։ Ու հենց լույս երեսունի գիշերն էլ դեպքը տեղի է ունեցել։ Աստված երևի միշտ լավերին է տանում։ Ամեն վայրկյան սպասում եմ` ուր որ է պիտի դուռը բացի ու ներս գա Վահես։
-Գալու է,- ասում է Նարեն` մտովի ամու¯ր-ամու¯ր գրկելով սիրուն Վահեին ու հաշվելով եղբոր ետդարձի օրերը։
Հայրենիքը պիտի սիրել Վահեի չափ ու Վահեի նման։ Անբացատրելի մաքուր հոգեկերտվածքով տղան քրոջը պատվիրել էր, որ չնեղացնի մայրիկին։ Ու երևի ամեն անգամ Վահեն, երբ հայտնվում է Նարեի երազներում, մեղմ շշնջում է. «Ասա մայրիկին, որ ընկնելու պահին հասցրել եմ նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի ու արցունքներով չլվանա»։
«Օր չկա, որ երազումս չտեսնեմ Վահեիս։ Ինքն իմ մեջ է։ Որ մի քայլ անելիս եմ լինում, կարծես` մեկը ներսից ինձ հուշի` որն է ճիշտ, որը` սխալ։ Մեկ-մեկ զգում եմ, որ սկսում եմ նրա նման քայլել, խոսել, մտածել։ Երազներումս գալիս է պինդ գրկում ու ասում. «Մամայիս չնեղացնես»։ Ես գիտեմ` ինքը գալու է»,- հանդարտ, կարծես եղբոր հետ զրուցելով` ասում է Նարեն։
Պահեր են եղել, երբ թվացել է, թե թշնամու տասնապատիկ գերազանցող ուժի դեմ պայքարելը հավասարազոր է խենթության, և այդ ուժերի անհավասար հարաբերակցության մեջ հակառակորդի հաղթանակն արդեն իսկ կանխորոշված, բայց ոչ տանկիստ Մխիթարյան Վահեի, Սիմոնյան Տիգրանի, Սաղումյան Վարուժանի, Օհանյան Գոռի և մնացածների համար. նրանք մտածված, առանց մեկ վայրկյան իսկ տատանվելու նետվեցին մարտի` իրենց ջահել կյանքը դնելով հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։
Աննա Խաչատրյան
2-րդ կուրս