Կապուտաչյա հայրենիքի հանճարեղ բանաստեղծը. Եղիշե Չարենց

Կապուտաչյա հայրենիքի հանճարեղ բանաստեղծը. Եղիշե Չարենց

2230

«Իմ կյանքը շատ ու շատ բանով թերի կլիներ, եթե չհանդիպեի Չարենցին, չլինեի նրան մտերիմ և, որ ամենահիմնականն է, ոչնչացումից չփրկեի բանաստեղծի 1935-37 թթ. գրած և իր կողմից նամակ-հանձնարարականով ինձ վստահված անտիպների զգալի մասը: Չարենցի ձեռագրերի պահպանումն իմ ամենանվիրական ծառայությունն եմ համարում հայ ժողովրդին»:  

նկարչուհի Ռեգինա Ղազարյան

Երևի թե շատերիս կյանքը թերի կլիներ, եթե չընթերցեինք Չարենց, եթե չպարուրվեինք չարենցյան ոգով և, որ ամենակարևորն է, չընկալեինք և չլինեինք չարենցյան աշխարհի մի մասնիկը:

20-րդ դարի հայ ամենաազդեցիկ բանաստեղծներից մեկի՝ Եղիշե Սողոմոնյանի անունը շատերն են լսել: Նա, գրական կյանքում բարձունքների հասնելու համար, վերցրեց «Չարենց» գրական ազգանունը և հենց այսպես էլ հայտնի դարձավ ողջ աշխարհին:

Եղիշե Սողոմոնյանը ծնվել է 1897թ մարտի 13-ին Կարսում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյանի ընտանիքում: Հանճարեղ կարսեցին հետևողական կրթություն չստացավ, բայց դեռ մանուկ հասակից ուսումը կարևորեց հագուստից. «Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»: Նա իր ուսման բացը լրացրեց կյանքի համալսարանում:

Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովա փողոցում է գտնվում մեծանուն բանաստեղծի «Ամբոխները խելագարված» հուշակոթողը: Մյուս կողմում հուշասյուն է, որի վրա փորագրված են Չարենցի բանաստեղծության տողերը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի վառվող ապագան»:

Չարենցը փախնելու, դեգերելու ու թափառելու մեծ հակում ուներ: Նա իր առաջին մեծ «փախուստներ»-ից մեկն իրագործեց 1915թ: Ամուսնացած քրոջը տեսակցելու պատրվակով գնաց Երևան և, անդամագրվելով կամավորական ջոկատին, մեկնեց Վան: Պատերազմից վերադառնալուց հետո նրա հոգում մի քանի տարի թարմ մնացին պատերազմի պատկերները: Այդ տարիներին գրեց իր «Դանթեական առասպելը», «Աթիլա» և «Վահագ» պոեմները:

Չարենցյան ոգին թևածում է ոչ միայն Սայաթ-Նովայի փողոցում, այլև Մաշտոցի պողոտայում: Այստեղ` 17-րդ շենքում է բանաստեղծն ապրել իր կյանքի վերջին 2 տարիները: Չարենցը հանճարեղ էր նաև կանանց սիրելու հարցում: Թերևս պատահական չէ, որ այս օրերին նրա  տուն-թանգարանի առջև մեզ դիմավորում են  հայ նշանավոր կանանց ֆոտոմանեկենները: Բազում կանայք են եղել Չարենցի կյանքում, որոնք նրան միշտ շրջապատել են, գայթակղել ու հրապուրել: Եղել են նրա կյանքի որևէ շրջափուլի ուղեկիցը, և իրենց անջնջելի հետքն են թողել բանաստեղծի զգացական և ստեղծագործական կյանքում: Բանաստեղծն  առաջին անգամ սիրահարվել է 14-15 տարեկանում` Աստղիկ Ղոնդաղչյանին, ում նվիրում է իր առաջին` «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն:

Բարձրանում ու շրջում ենք եռահարկ տուն-թանգարանով: Ահա՛,  այստեղ` սրահի ձախ անկյունում են դրված Չարենցի «հերոսական կնոջ», «կյանքի ընկերոջ» ու «բարեկամի»` Արփենիկ Տեր-Աստվածատուրյանի իրերը`հարդարման պարագաները, օծանելքի սրվակները: Արփենիկը կյանքից վաղաժամ է հեռացել, իսկ Չարենցը հոգեկան խռովքի պահին այրում է կնոջ զգեստները, որ ոչ ոքի հագին չտեսնի սիրելիի իրերը: Իսկ որպես թանկարժեք մասունք` բանաստեղծի խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանում է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Չարենցն այնքան է սիրում Արփենիկին, որ իր երկրորդ կնոջ` Իզաբելա Կոդաբաշյանի և իր առաջնեկին անվանում է Արփենիկ: 

Մտնում ենք Չարենցի աշխատասենյակ, որի հատակը ճռճռում է: Հենց այստեղ է պոետն օրեր ու անքուն գիշերներ անցկացրել, Աղասի Խանջյանի (հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ)  հետ շախմատ խաղացել և կոնյակ ըմպել: Աշխատասենյակի սեղանի մի  անկյունում դրված փոքրիկ գիրքը Չարենցի սիրելի ու անբաժանելի «Նարեկ»-ն է: 

Տուն-թանգարանում կան նաև դաշնամուրներ. բանաստեղծը շատ էր ուզում, որ իր աղջիկները գործիքը նվագել իմանան: Այստեղ են նաև բանաստեղծի ու ժամանակի նշանավոր անձանց լուսանկարները: Ահա Կոմիտասինը: Երբ բանաստեղծը Կոմիտաս էր լսում, մանկան նման հեկեկում էր:

Այս տանից 1937թ հուլիսի 26-ին  բանաստեղծին ձերբակալում և բանտարկում են: Նա,  նույն թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 7-ին բանտի հիվանդանոցում վախճանվում է:

Կանանցից և ամեն ինչից առավել բանաստեղծը սիրեց իր «Նաիրյան երկիրն» ու հավատով սպասեց նրա լուսապայծառ ապագային: Չարենցն ուզեց իր «Կապուտաչյա հայրենիք»-ի հետ մի օր ամուսնանալ:

«Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք

Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն»:

Արևիկ Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել