Փետրվարի 28-ին հայկական լրատվադաշտում սկսեցին տեղեկություններ տարածվել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Թուրքիայից հատուկ ջոկատայինների խումբ է ժամանել Հայաստան։
13 հատուկ ջոկատայիններին տրված է հստակ առաջադրանք՝ վերացնել ՀՀ ռազմական ղեկավարությանը։ Նշված էին անգամ ժամանած թուրքերի անունները։ Նյութի սկզբնաղբյուրը Livenews.am կայքն էր։ Թեև դրա ոչ մի հավաստում չկար, բացի սկզբնաղբյուր կայքի նշած «հավաստի աղբյուրներից», բայց լուրը տարածեցին նաև hayeli.am, yerevanblog.am, sputnikarmenia և այլ լրատվականներ՝ հղում անելով Livenews-ին։
Տարածվող լուրը չհաստատվեց ոչ մի պաշտոնական աղբյուրի կողմից։ Սակայն ԱԱԾ հայտարարությունը չուշացավ։ Լուրը տարածվելուց ժամեր անց ԱԱԾ-ն պաշտոնապես հերքեց այն։
Մենք փորձեցինք պարզել, թե ում է պատկանում վերը նշված լուրի սկզբնաղբյուր Livenews.am կայքը։
Որոնելով amnic.net կայքում ՝պարզ է դառնում, որ կայքը գրանցվել է 2018 թվականի սեպտեմբերին։ Որպես գրանցող անհատ նշված է Ռուզաննա Իսագուլյանի անունը։
Առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ Ռուզաննա Իսագուլյանը լրագրող է, որը գրանցել է իր կայքը։ Վերջինիս Ֆեյսբուքյան էջը մի փոքր ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ունի ակնհայտ հակաիշխանական հայացքներ։ Տիկին Իսագուլյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարները փաստում են նաև, որ նա «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, նախկինում ՀՀ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի կինն է։
Վերը նշված փաստերը, ինչպես նաև լրատվականի հրապարակումները թույլ են տալիս ասել, որ Livenews.am կայքը ևս ակնհայտ հակակառավարական է, աջակցում է ընդդիմությանը, և որ դրա վրա անմիջական ազրեցություն ունի «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար կազմը։ Մենք փորձեցինք կապ հաստատել կայքի հետ՝ հասկանալու համար, թե որոնք են հավաստի աղբյուրները, որոնցից ստացվել էր տեղեկությունը, ինչպես նաև խնդրեցինք հիմնավորել, թե ինչու պաշտոնական հերքումից հետո կայքում ևս հերքումը չհրապարակվեց։ Ուրբաթ՝ մարտի հինգին կայքին ուղղված հարցը մինչև այսօր մնացել է անպատասխան։
Օֆելյա Արսենյան
2-րդ կուրս