Անիմացիոն աշխարհի բանաստեղծը

Անիմացիոն աշխարհի բանաստեղծը

2210
«Երբեմն տեխնոլոգիան այնքան ոգեշնչող է, որ նույնիսկ երևակայությունը հեռանում է դրա սահմաններից` հաճախ շատ հեռու տանելով իրականությունից: Ռոբոտաշինություն էլ հենց այդ երևակայության արդյունքն է», – ասել է ամերիկացի լրագրող և ռոբոտների մասին գրքի հեղինակ Հենրի Վիլսոնը:

Մեր հերոսը` Տիգրանը, այդ երևակայությունը դարձնում է իրական` ստեղծելով ռոբետներ և անիմացիոն ծրագրեր: «Առաջին ռոբոտը, որը ստեղծել եմ, կառավարվել է նոթբուքի օգնությամբ, բայց որոշ ժամանակ անց հասնելով կատարելության` ստեղծեցի այնպիսի ռոբոտ, որը կառավարվում է առանց միջամտության»,- պատմում է Տիգրանը:

Ռոբոտաշինության խմբակի ղեկավար Շուշան Գրիգորյանն ասում է, որ Տիգրանը ամենապարտաճանաչ պատանիներից մեկն է և երբեք առանց հանձնարարությունը վերջացնելու չի հեռանում. «Երբ Տիգրանն առաջին անգամ սկսեց մասնակցել Այգեկի միջնակարգ դպրոցի ռոբոտաշինության պարապմունքներին, հետաքրքրություն ամենևին չուներ: Բայց որոշ ժամանակ անց այնքան տարվեց ռոբոտաշինությամբ և անիմացիոն ծրագրերով, որ նրա երկվորյակ քույրն անգամ ստիպված էր դուրս գալ խմբակից, որպեսզի եղբայրն ավելի երկար ժամանակ կարողանա օգտվել համակարգչից»:

Երբեմն աշակերտները ծուլանում են բացել դասագիրքը և սովորել հանձնարարված դասը: Տիգրանն իր անիմացիոն ծրագրերի միջոցով փորձել է դաս սովորելու ընթացքն ավելի հետաքրքիր և հեշտ դարձնել: «Ես օգնում է ուսուցիչներին բաց դասեր կազմակերպել անիմացիոն ծրագրերի միջոցով: Օրինակ` «Ոսկրային համակարգը» ծրագիրս: Այն ներկայացնելու է մարդու գանգ, որի օրինակ` դիմածնոտային հատվածը, առաջ գալով, ներկայացնում է իր դերը և այլն»,- պատմում է Տիգրանը:

Առաջին մրցույթը, որին մասնակցել է, եղել է Agues ծրագրով ստեղծված խաղերի և անիմացիաների մրցույթը: Այստեղ նա, «Լավագույն ուսանողական ծրագիր» անվանակարգում ներկայացնելով ոսկրային համակարգը, 2-րդ տեղն է զբաղեցրել: Մասնակցել է նաև Երևան Էքսպոյում տեղի ունեցող ռոբոտների փառատոնին , ԴիջիՔեմփ նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ – փառատոնին, որտեղ ներկայացրել է «Խոսող ձեռնափայտ» նախագիծը, որի օգնությամբ տեսողության խնդիր ունեցող մարդիկ հեշտությամբ կարող են տեղաշարժվել:

21-րդ դարի պատանին, տեխնոլոգիական աշխարհի հետ համահունչ քայլելուց բացի, նաև գրում է բանաստեղծություններ: Ըստ նրա՝ լավ բանաստեղծ լինելու համար  կյանքը պետք է  ճիշտ հասկանաս և ընդունես այն այնպիսին, ինչպիսին կա: Ստեղծագործել սկսել է 12 տարեկանից: Գրում է միայն սիրային բանաստեղծություններ: «Չգիտեմ, թե ինչու հենց սիրային բանստեղծություններն են ինձ հոգեհարազատ: Հավանաբար պատճառը միակողմանի սերն է եղել:  Այդ բանաստեղծությունների միջոցով փորձել եմ ասել այն, ինչը չեմ համարձակվել ասել սիրածս աղջկան».- ասում է:

Տիգրանի ամենասիրած բանաստեղծը Պարույր Սևակն է, իսկ ամենասիրած ստեղծագործությունը՝ նրա «Ապրել» բանաստեղծությունը:

Անիմացիոն աշխարհի բանաստեղծը մի երազանք ունի՝ Արարատին երկու կողմից նայել, միայն թե ոչ հյուրի կարգավիճակում. «ՈՒզում եմ, որ մեր պապերի հողերը ետ բերենք, և Հայաստանը առաջվա նման ծովից ծով լինի»:

Գայանե Մարտիրոսյան, 3-րդ կուրս

Կիսվել