Գնահատման կարգի դրական ու բացասական փոփոխությունները, պարզաբանում են մասնագետները

Գնահատման կարգի դրական ու բացասական փոփոխությունները, պարզաբանում են մասնագետները

84

Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի համաձայն  1-4-րդ և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտները գնահատական չեն ստանա, տարեկան ամփոփիչ գնահատականի փոխարեն կլինի սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը։ Անբավարար գնահատականն ամբողջովին դուրս կգա, կկիրառվի 10 միավորային սանդղակ, որտեղ որևէ թիվ անբավարար չէ, յուրաքանչյուրը կնկարագրի երեխայի հաջողության մակարդակը։ Աշակերտն այլևս չի մնա նույն դասարանում։

Փոփոխությունների վերաբերյալ առաջացել է տարակարծություն։   Ծնողների մի ստվար զանգված դեմ է գնահատականի չլինելուն,  պարզաբանելով, որ երեխայի իմացության մակարդակի մասին գնահատականի միջոցով էր գաղափար դրսևորվում, և տեղյակ էին լինում, թե ուսուցչի հետ համատեղ որքան պետք է աշխատեն ավելի լավ արդյունք ունենալու համար։ Ծնող Նարինե Ստեփանյանը, ում երեխան սովորում է 3-րդ դասարանում, մեզ հետ զրույցում պատմում է․                                                                                                                   

«Երկար տարիներ, դեռ մեր սովորելու ժամանակներից սկսած, սովորել ենք գնահատման միավորային կարգին և, իմ կարծիքով, ավելի հեշտ էր սովորել նման չափորոշիչներով, երեխաներն էլ էին իմանում դեռ ինչքան սովորելու բան ունեն, մենք՝  ծնողներս էլ»։

Նաև նշում են, որ տարրական դասարանի երեխան ունակ չէ գիտակցելու գիտելիքի արժեքն ու կարևորությունը, որ սովորի միայն գիտելիքը կարևորելով։ Նրանց ստիմուլ է անհրաժեշտ, ինչը տարիներ շարունակ եղել է գնահատականը, և ծնողներն ու երեխաները սովորել են միայն այդ միջոցով գիտելիքի չափմանը։ Եթե հանվում է գնահատականը, փոխարինող միջոց է անհրաժետ։ 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, հ․ 122 դպրոցի բազմափորձ մանկավարժ Նադյա Հաբեթյանը պարզաբանում է նման որոշման կարևորությունը․«Տարրական դպրոցում աշակերտը ուսուցչի օգնությամբ որոնում ու գտնում է այն կողպեքն ու բանալին, որով պիտի բացի գիտելիքի դպրոցը։ Տառաճանաչություն, թվերի զարմանալի աշխարհ, նկար, գույն, ստեղծագործական աշխատանք, մտածելու, ընթերցելու, հաշվելու, նկարելու գենետիկ կարողությունները ուսուցչի աջակցությամբ վերածվելու են հմտությունների, որոնք էլ օգնելու են արդեն հիմնական դպրոցում  գիտելիք ձեռք բերելուն, արդյո՞ք ճիշտ է գնահատել ունեցած գենետիկ և ուսուցչի աջակցությամբ գտած կարողությունները․ կարողությունները չէ, որ պետք է գնահատվեն, դրանք պիտի խթանվեն, որ հմտությունների վերածվեն գիտելիքներ ձեռքբերելու համար։  Հիմնական դպրոցում արդեն աշակերտի ձեռքբերումները,  ով՝ ինչ չափով , ով ՝ ինչպիսի աշխատանքով արդեն չափորոշիչների միջոցով կարող է դառնալ գնահատական։ Գնահատումը հնարավոր է նաև առանց միավորների։ Հատկապես տարրական դպրոցում գնահատման տեսակը ուսուցանող պիտի լինի, այսինքն՝ աշխատանքի վերջնարդյունքի գնահատումը պիտի լինի բնութագրական։ Ընդ որում գնահատման այս ձևն էլ կարող է ոգևորել աշակերտին։  Սովորողը կհասկանա՝ ինչ սովորեց, ինչպես հաղթահարեց, ինչ դժվարություններ կան հաղթահարելու։ Նրա հետ աշխատող ուսուցիչն էլ բնութագրական գնահատական տալով կկարողանա անհատական մոտեցում դրսևորել յուրաքանչյուր աշակերտի համար»։

Մանկական հոգեբան Սիրարփի Ֆահրադյանը նշում է, որ համակարգված մոտեցում է պետք։ Աշխարհի հաջողված մոդելների ցանկում է ֆիննականը, որտեղ չկա դասապատրաստում, չկա գնահատում, չկա դիրքորոշումներով կրթություն, բայց ամենից արդյունավետն է համարվում: Հոգեբանական իմաստով քիչ բան կփոխվի թղթի վրա ունեցած լավ կամ վատ գնահատումից, եթե դրան ուղեկցող վարքային ձևերը դրական լրացումներ չունենան։ Եվ ավելացնում է, որ կարևորը մոտիվացված լինելն է, ինչը բացի գնահատականից այլ միջոցներով ևս հնարավոր է․ «Մոտիվացիան կարող է դառնալ յուրաքանչյուր դասաժամից ստացված գիտելիքի պրակտիկ կիրառությունը և դրանից ստացված փորձառությունը։ Իսկ դա իրագործելի դարձելու համար, առաջին հերթին լավ զինված մանկավարժ է հարկավոր։ Եվ, իհարկե, ծնողներ, ովքեր տանը զբաղվում են երեխայի դաստիարակությամբ և այդ գործառույթը չեն բարդում միայն ուսուցչի վրա»։                                                                                                   

Որոշ ծնողներ էլ կողմ են նոր փոփոխություններին։  Լուսինե Մարգարյանը՝ ծնող, ասաց, որ իր երեխաները, ովքեր սովորում են 2-րդ և 4-րդ դասարաններում, ավելի ոգևորությամբ պատմում են իրենց սիրած առարկաներից ստացած նոր գիտելիքների մասին, քան գնահատականի, որն ավելի են կարևորում իրենց ընտանիքում, քան թվանշանը։ Եվ ավելացնում է, որ գնահատականը որոշ չափով սահմանափակում էր երեխային, այս եղանակով աշակերտները կկենտրոնան իրենց գիտելիքի վրա։                                            

Ուսուցչուհի Ն․ Հաբեթյանը նշում է․«Ճիշտ է,  տարրական դպրոցի աշակերտը հասուն չէ այնքան, որ գիտելիքը առաջնային համարի, սովորի լավագույն արդյունք դրսևորելու համար ( Նա ոչ էլ թվանշանի համար է սովորում․ նա գիտի, թե դա ծնողներին է պետք ), բայց հետաքրքրության, ձգտման, հասկանալու ցանկության, բնատուր կարողությունների, ուսուցչի օգնությամբ մտածելու, կարդալու, հաշվելու, բանավոր խոսք կազմելու հմտություններ ձեռք բերելու մղում կլինի։ Գովեստի, խրախուսման խոսքն էլ գնահատական է ( «Ապրես», «Լավ է», «Հրաշալի է», «Բավարար է», «Ավելին կարող ես»․․․) ։  Տարրական դպրոցում ուսուցումը առավելապես երեխայի բացահայտման գործընթաց է, ի՞նչ ունակություններ ունի, ինչպե՞ս է սովորում։ Լավագույն ուսուցիչը կարող է բացահայտել աշակերտին, բայց բացահայտելու, սովորել սովորելու համար մինչև 5-րդ դասարան խոսքով գնահատվելու կարիք կա, գնահատականի կարիք չկա։                                                                                                                           

Արաքս Հագեյան

2-րդ կուրս

Կիսվել