Շախմատային մրցաշար Աջափնյակի դպրոցում

Շախմատային մրցաշար Աջափնյակի դպրոցում

1028

Աջափնյակի շախմատի դպրոցում ամեն տարի մի քանի անգամ անցկացվում են մրցաշարեր, դրանք բաց են, և  դրանց կարող են մասնակցել ցանկացողները Երևան քաղաքի բոլոր շախմատի դպրոցներից։ Օրերս անցկացվող մրցաշարին երեխաները մրցում էին երրորդ կարգի համար։

-Աջափնյակի շախմատի դպրոցը գործում է 2014թ.-ից, և այդ տարվանից սկսած մենք յուրաքանչյուր տարի մի քանի անգամ անցկացնում ենք որակավորման մրցաշարեր, որոնք կազմված են ութ խաղափուլերից։ Այսօրվա խաղի մասնակիցները հիսունչորսն են։ Ունենք երեխաներ տարբեր համայնքներից։ Նրանք  պետք է հավաքեն վեցից ութ միավոր, որպեսզի ստանան երրորդ կարգ,-ասում է Աջափնյակի շախմատի դպրոցի մեթոդիստ Աննա Սարգսյանը։

Մրցաշարը տևում է երկու ժամ։ Մրցույթի ընթացքում գործում են որոշակի կանոններ, որոնք պահպանվում են յուրաքանչյուր խաղի ժամանակ։

-Բացակայող մասնակիցներին սպասում ենք  15 րոպե,  որից հետո չներկայանալու դեպքում բացակայողին տրվում է պարտություն։ Անհարգելի բացակայողները մրցաշարից հեռացվում են։ Իսկ դիմացի մասնակիցը միավոր է ստանում։ Այս խաղին եղել է այդպիսի դեպք,- նշում է Աննա Սարգսյանը։

Այս մրցաշարին 54 մասնակիցներից երրորդ կարգ ստացան 7 հոգի, որոնց մեջ էր նաև Աղաջանյան Դավիթը, ով ամենաբարձր միավորներն է հավաքել։

-Արդեն մեկ տարի է, ինչ հաճախում եմ այս դպրոց, այսօր  կարողացա ստանալ երրորդ կարգ։ Շատ եմ սիրում շախմատ խաղալ, որոշեցի գալ շախմատի դպրոց, որպեսզի ավելի շատ մարզվեմ և հաջողությունների հասնեմ։ Ցանակնում եմ ունենալ առաջին կարգ։ Չնայած այսօրվա մրցաշարում հաղթեցի, բայց մարզիչս ասաց, որ մեկ-երկու քայլ սխալ եմ արել, բայց հաղթել եմ ինձ համար ամենակարևոր կանոնը օգտագործելով՝ երբ հաղթած դիրք ես ունենում պետք չի շուտ ոգևորվել, պետք է ուրախանալ միայն մատ   անելու դեպքում,- պատմում է Դավիթը։

Գևորգը այն մասնակիցն է, ում մրցակիցը չէր եկել։

-Ես  ստացա միավոր, բայց կցանկանայի խաղալ այսօրվա խաղը,-ասում է Գևորգը։

Անցկացվող մրցաշարի սենյակից դուրս էին գալիս ոչ միայն ուրախ, այլ նաև արցունքոտ աչքերով երեխաներ և տխուր հեռանում էին՝ չցանկանալով խոսել խաղի մասին։

Մարզիչ Ալեքսանդր Ղազարյանը իր մարզիկների խաղը ավարտելուց հետո սկսում է նրանց հետ քննարկել խաղը ու ասել և՛ ճիշտ , և՛ սխալ քայլերը։

-Եթե շախմատիստը պետք է մրցաշարում հաղթի, ուրեմն բոլոր ուժերը շախմատիստի կողմից են այդ խաղի ժամանակ։ Հնարավոր է, որ սխալ քայլ անի, բայց հաղթի։ Երեխաների ոգևորվածությունը կախված է մարզիչներից, պարապմունքների հետաքրքրությունից, որը պետք է ապահովենք մենք՝ մարզիչներս:

Տաթև Նաջարյան

2-րդ կուրս

Կիսվել