Իկեբանան ճապոնական ծաղկահարդարման արվեստ է, որն աշխարհում մեծ մասսայականություն է վայելում: Այն օգնում է ի հայտ բերել և ցուցադրել ծաղիկների բնական հատկությունները: Իկեբանան բաժանվում է երեք մեծ խմբի՝ ծիսակատարությունների, ուրախության, հանգստի և դեկորատիվ իկեբանա: Սրանցից հնագույնը ծիսակատարությունների իկեբանան է, որն ըստ իր նշանակության լինում է շնորհավորանքի ծիսակատարության և թեյախմության իկեբանա:

Արդեն մի քանի տարի է՝ Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ քաղաքում ներկայացվում են Ճապոնիան և ճապոնական մշակույթը: Մինչ օրս համագործակցությունն ընթանում էր ֆիլմերի փառատոնների անցկացմամբ: Այս անգամ Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում անցկացվեցին իկեբանայի վարպետության դաս և թեյախմության արարողություն: Ճապոնական ծաղկարվեստի գաղտնիքներին և թեյախմության արարողակարգին ծանոթացնում էր Միդորի Յամադան. «Էջմիածնում նման նախաձեռնությամբ առաջին անգամ եմ հանդես գալիս, բայց հուսով եմ, որ դեսպանատունը կհովանավորի և իմ այցելություններն ավելի հաճախակի կլինեն: Նպատակը Հայաստանին ճապոնական արվեստը ներկայացնելն է և հայերի մոտ դեպի մեր արվեստը սեր առաջացնելը: Հայաստանում ինձ հանդիպած մարդիկ հիմնականում տաղանդավոր են ու բավականին հեշտ են ընկալում»:

Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիտիրո Սասամեն, ողջունելով ներկաներին, շնորհակալական խոսք հղեց քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության և համագործակցության համար. «Շատ ուրախ եմ, որ այսօր իկեբանայի վարպետության դասը և թեյախմության արարողությունն անցկացնում ենք ձեր պատմական և հիասքանչ քաղաքում»:

Այս արվեստում առաջին հերթին ընդգծվում է բնության գեղեցկությունը: Միդորի Յամադայի խոսքերով՝ տասը տարի նույն արվեստով զբաղվելիս՝ միևնույն իկեբանան կարելի է ընդամենը տասն անգամ պատրաստել, քանի որ, օրինակ, լոտոսը միայն օգոստոսին է ծաղկում, իսկ իկեբանա պատրաստում են բացառապես տարվա այդ շրջանում ծաղկած ծաղիկներից:

Մինչև 17-րդ դարը Ճապոնիայում միայն տղամարդիկ իրավունք ունեին թեյ պատրաստելու: Թեյախմության արարողությունը տևում է 4 ժամ: Տարբեր արարողությունների ժամանակ և տոն օրերին հատուկ թեյեր են խմում՝ առանձնահատուկ արարողակարգով:

Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայտեց Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներին՝ հավաստիացնելով, որ պատրաստ է նպաստել երկու երկրների մշակութային համագործակցությանը:

Ներկաները, ծանոթանալով ճապոնական մշակույթին, հնարավորություն ունեցան դասընթացի ավարտին սեփական իկեբանան ձևավորել. «Մեծ հետաքրքրությամբ մասնակցեցինք միջոցառմանը, ծանոթացանք ճապոնական արվեստին: Տպավորությունները շատ մեծ են, հիացած ենք»,- ասաց Անի Հակոբյանը:

Դասընթացի ավարտին հյուրերը ներկաներին ճապոնական թեյ և քաղցրավենիք հյուրասիրեցին:

Մերի Իսայան, 2-րդ կուրս

Կիսվել