Լույս տեսավ Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» գիրքը

Լույս տեսավ Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» գիրքը

898

Մարտի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գրող, գրականագետ Սոնա Վանյանի «Մարդը և մարտը» պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը։

Երիտասարդ գրող Սոնա Վանյանի պատմվածքների ժողովածուն նվիրված է 2020 թվականի արցախյան 25 հերոս հայորդիներին։ Թեև Սոնան անդրադարձել է 25 հերոսի, բայց նշում է, որ նրանք բոլորն էլ ընդհանրական կերպարներ են։ Սոնայի խոսքով՝ գիրքը գրելիս նրա գլխավոր նպատակը եղել է ստեղծել իրապատում պատմվածքների շարք, որտեղ գրական կերպարը հենց անմահացած հերոսն է։ Հերոսների մասին տեղեկատվության հավաքագրումը Սոնայի խոսքով շատ բարդ էր.

«Մեկ հերոսին անդրադառնալու համար կատարում էինք նախապատրաստական աշխատանքներ, որոնք տևում էին մոտ մեկ շաբաթ: Ես կապ էի հաստատում ծնողների և տվյալ հերոսի հետ սերտ հարաբերություններ ունեցող այլ անձանց հետ։ Բայց ամենացավալին այն էր, որ ինձ անհրաժեշտ տեղեկությունները, հուշերն ու հիշողությունները հաճախ չէին լսվում հեղվող արցունքների միջից»։

Շնորհանդեսը սկսվեց դաշնակահար Արթուր Գյուրջինյանի Հայոց բանակի հիմնի կատարումով, որից հետո ելույթ ունեցան մի շարք երիտասարդ երաժիշտներ: Միջոցառման հյուրերը հերոսների ծնողներն ու հարազատներն էին։

Սոնա Վանյանի խոսքով՝ գիրքը շարունակություն կունենա, որպեսզի մի քանի տասնյակ հերոսներ ևս անմահանան։

«Գիրքը լինելու է շարունակելի և կունենա 2-րդ ու 3-րդ մասեր: «Մարդը և մարտը 2 » գիրքը նվիրված է լինելու այն հերոսներին, ովքեր այս պատերազմում բախտավոր գտնվեցին, իսկ 3-րդը մասը՝ բոլոր նրանց, ում մասին չեմ խոսել առաջին մասում»:

Շնորհանդեսի վերջում Սոնա Վանյանը գրքերը նվիրեց բոլոր այն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին, ում մասին գրել է գրքում:

Միջոցառման վերջում կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ Սոնա Վանյանը:

Մերի Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել