1980-ական թվականներին  մի խումբ երիտասարդներ Հայաստանի գյուղերով ձիարշավ էին կազմակերպել` հեծյալ  խաղերը որպես ազգային մշակույթ քարոզելու  նպատակով: 1983 թվականից հեծյալ խաղեր, ազգային երգ ու պար ցուցադրող «Այրուձի» արշավախումբը հետաքրքրվեց նաև անհետացող թատերատեսակով` ստվերների թատրոնով: Այն դարձավ հեծյալ  արշավների անբաժան մասը: Մինչ օրս նախկինում ստեղծված խմբի անդամները պահպանում են մեր նախնիներից հասած կցկտուր ժառանգությունը` ավելի զարգացնելով այն: Ամիսը մեկ անգամ ներկայացում են ունենում Երևանում, երբեմն էլ՝ մարզերում:

«Այրոգի» ստվերների թատրոնի դերասանները փոխանցում են հին թատերարվեստի էներգիան: Այս պարագայում լույսն ու ստվերը համագործակցում են, և ծնվում է ստվերների տիկնիկային թատրոնը: Էկրանին տեսնում ենք տիկնիկի ստվերը, որը մեր աչքի առաջ կենդանանում է ու ապրում իր սեփական կյանքով: Ստվերների թատրոնն իր մեջ պարունակում է դասական թատրոնին բնորոշ ամեն տարր, պարզապես դերասանների փոխարեն հանդես են գալիս տիկնիկները: Հայաստանում քիչ մարդիկ կան, որոնք հիշում են, որ հայերը ստվերների թատրոն են ունեցել, քանի որ այդպիսի ներկայացումներ այստեղ վերջին անգամ 60-ական թվականներին էին ցուցադրվել, ստվերների թատրոնը գրեթե մոռացության էր մատնվել: Երկարատև դադարից հետո «Այրոգի» թատերախումբը կրկին ցուցադրում է հնուց պահպանված մանրապատումների և հայկական ժողովրդական հեքիաթների հիման վրա ձևավորված ներկայացումներ: Խաղացանկում առկա են նոր բեմադրություններ, բայց որքան էլ կատարելագործեն, հինը պահպանվում է, և հենց դա է հիմք ծառայում նորերի համար: 19­րդ դարից պահպանված հայկական ստվերների թատրոնի որոշ բեմադրություններ պահպանել և 1960-ականներին Հայաստանում վերականգնել են Խաչատուր Թումասյանը և Մելքոնենց Հովհաննեսը: Թատրոնի տիկնիկների մի մասը Թումասյանի տիկնիկների կրկնօրինակներն են, իսկ բնօրինակներն այժմ գտնվում են Սարդարապատի թանգարանում:

Տիկնիկային թատրոնի այս ձևն ունեցել են գրեթե բոլոր ժողովուրդները, բայց քչերին է հաջողվել պահպանել ու փոխանցել: Հայաստանում ստվերների թատրոնը ծիսական նշանակություն է ունեցել. ժողովրդական տոների, խաղերի, տոնավաճառների, մասնավորապես` Բարեկենդանի, Վարդավառի, Ամանորի, հարսանյաց ծեսերի անբաժանելի մասն է եղել: Ծիսական այդ նշանակությունը թատրոնի հնության մասին է վկայում: Հնում ներկայացումները նախատեսված են եղել միայն տղամարդկանց համար, երեխաներին և կանանց թույլ չեն տվել մասնակցել դրանց: Հանրային կյանքից ստվերների թատրոնը դուրս է մղվել 20-րդ դարի կեսերին, ըստ երևույթին դրան նպաստել են նոր արվեստները` կինոն և հեռուստատեսությունը:

«Այրոգի» ստվերների թատրոնի անդամները պրոֆեսիոնալ դերասաններ չեն, նրանցից ոչ ոք երբեք չի տեսել ստվերախաղ: Նրանք տարիների ընթացքում հարուստ նյութ են հավաքել` դառնալով անհետացող արվեստի յուրատեսակ պահապաններ, ձեռք են բերել դերասանական ինքնատիպ տեխնիկա, վարժվել ստվերախաղին, սովորել են  տարբերել հանդիսատեսի ռեակցիան, դուր եկած հատվածները: Այսքանով հանդերձ, թատերախմբի բոլոր անդամներն իրենց մասնագիտություներում կայացած մարդիկ են: 30 տարի առաջ և այսօր խմբի անդամները նույն նպատակն ունեն` գրառել և վերադարձնել ժողովրդին հին մշակութային արժեքները:

Երևանում «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում, ամիսը մեկ անգամ  ստվերների թատրոնը,  արդեն կայուն պարբերակությամբ, ներկայանում է նոր հանդիսատեսին:

Մերի Իսայան, 2-րդ կուրս

Կիսվել