«ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է արևմտահայերենը որպես վտանգված, վերացման եզրին գտնվող լեզու». Ավետիս Ափոշյան

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է արևմտահայերենը որպես վտանգված, վերացման եզրին գտնվող լեզու». Ավետիս Ափոշյան

876

Պատերազմից հետո սփյուռքի խնդիրները շարունակում են մնալ արդի, որոնցից կարևորը լեզվի պահպանման խնդիրն է, ինչի մասին զրուցել ենք պատմագետ, միջազգայնագետ, արևմտահայերենի խմբագիր Ավետիս Ափոշյանի հետ։

-Պարո՛ն Ափոշյան, սփյուռքի մասին խոսելիս, նախ հասկանանք` ի՞նչ է իրենից ներկայացնում վերջինս և ի՞նչ կառուցվածք ունի։

-Խոսելով սփյուռքի մասին՝ նախ պետք է նշել, որ այն բազմաշերտ է, համայնքները տարբեր են, բայց հիմնականում կարելի է առանձնացնել երկու ճյուղ` դասական սփյուռք և նոր սփյուռք։ Դասական սփյուռքը հայոց ցեղասպանությունից հետո պատմական Հայաստանից արտագաղթած հայերի ամբողջությունն են, իսկ նոր սփյուռքը Հայաստանից արտագաղթած հայերի ձեւավորած համայնքները։

-Դասական սփյուռքը հատկապես կենտրոնացած է սփյուռքի ինքնության պահպանության գործում։ Վերջինս ի՞նչ է ներառում իր մեջ, և գործընթացը որքանո՞վ է հաջողության հասնում։

-Դասական սփյուռքը իր գոյությունը առաջին հերթին պահպանում է լեզվով։ Այսպես, եթե սփյուռքում արևմտահայերեն են խոսում, ուրեմն, պարզ է, որ հայ են։ Տեղ ունի նաեւ կրոնը, հայ եկեղեցու պատկանելությունը։ Երրորդը՝ հայոց ցեղասպանության հիշատակը վառ պահելն է, որ սփյուռքի ինքնության անբաժան մաս է կազմում։ Ցեղասպանությունն է միշտ հիշեցնում, թե հայը ինչու է սփյուռքում։ Եվ չորրորդը՝ Հայաստանն է` որպես գաղափար, որպես վեհ իդեալ։

-Արևմտահայերենը որքանո՞վ է կարևորված սփյուքում։ Արդյո՞ք մարդիկ հետամուտ են լինում լեզվի պահպանության և սերունդների փոխանցման գործին։

-Ինչպես նշեցի, արևմտահայերենով խոսելը սփյուռքում առաջին գրավականն է, որ մարդն իրեն հայ է համարում։ Այսպիսով, հայ մարդը,խոսելով իր լեզվով և իմանալով իր պատմությունը, պահպանում է ազգությունը և զերծ մնում ձուլումից։ Ցեղասպանությունից հարյուր տարի անց դեռևս մեզ հաջողվել է պահել արևմտահայերենը, որը իսկապես հաղթանակ է` հաշվի առնելով այն, որ մեզ փորձել են բնաջնջել։ Սակայն հստակ չեմ կարող ասել, թե լեզուն դեռ որքան կշարունակի իր ճանապարհը, և արդյոք այն հետագայում սերնդեսերունդ փոխանցելու խնդիրներ չեն առաջանա` հատկապես անգլիախոս աշխարհում և արևմուտքում, որտեղ արդեն արևմտահայերենը որպես օտար լեզու են սովորում։
Եվ սա հաշվի առնելով՝ սփյուռքը ստեղծել է իր ավանդական դպրոցներն ու վարժարանները, որոնք հիմնականում լինում են կամ հայկական միություններին, կազմակերպություններին կամ էլ հայ եկեղեցիներին կից, որոնք էլ զբաղվում են արևմտահայերենի ուսուցմամբ։

-Չնայած սփյուռքի համայնքներ կան յուրաքանչյուր երկրում, սակայն որոշները, այնուամենայնիվ, պասիվ են և սակավաթիվ։ Այս դեպքում լեզվի վերացման վտանգ չկա՞, և արդյո՞ք վտանգը չափելի է։

-Գատնիք չէ, որ տարեցտարի պակասում է արևմտահայերենով խոսող մարդկանց թիվը աշխարհում և դա է պատճառը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է արևմտահայերենը որպես վտանգված, վերացման եզրին գտնվող լեզուներից մեկը։ Սա դարձավ հիմք, որպեսզի մասնագետներն ավելի ակտիվանան լեզվի պահպանման հարցերով և սկսեն Հայաստանում իրականացնել աշխատանքներ այդ ուղղությամբ։ Դրան հետևեց այն, որ ունեցանք Հանրային ռադիոյում արևմտահայերեն լուրեր, ինչպես նաև տարբեր այլ հարթակներում սկսվեց փոքր քայլերով լեզվի տարածումը, ստեղծվեցին կայքեր, ինչպիսին է «Հայերն այսօր»-ը, որտեղ նյութերի մի ստվար հատված արևմտահայերենով է մատուցվում։ Դրա գլխավոր նպատակը կապ ստեղծելն էր սփյուռքի և Հայաստանի միջև, ինչպես նաև պահպանել և աշխուժացնել վերջինիս լրատվության շնորհիվ։

-Հայաստանում և սփյուռքում ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում ի պահպանություն արևմտահայերենի։

-Ավելի շատ կոնֆերանսի տեսքով միջոցառումներ են տեղի ունեցել նախկինում, որոնցից մեկը ես էի նախաձեռնել 2016-ին` կազմակերպելով կոնֆերանս «Արևմտահայերենը Հայաստանում. մարտահրավերներ, հեռանկարներ» թեմայով։ Ներկայումս լեզվի հետ կապված դարձյալ կան նոր ծրագրեր։ Մարտի 31-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում արևմտահայերենի բաց դաս է տեղի ունենալու։ Ըստ պահանջի, դասընթացները կարող են լինել պարբերական։
Դրանից զատ, ես և թատերական արվեստի իմ ընկերները նախաձեռնել ենք Գրիգոր Զոհրապի 160-ամյակի առիթով նորավեպերից մեկը` Փոստալը, վերածել արևմտահայերեն թատերգության։

-Եվ վերջում, կա՞ն հովանավոր անձինք կամ կազմակերպություններ, ովքեր բոլոր միջոցներով օժանդակում են լեզվի պահպանմանն ու տարածմանը։

-Աշխարհում ամենահայտնի ու ամենախոշոր կազմակերպությունը, որ արևմտահայերենի համար ֆինանս է տրամադրում, դա Լիսաբոնում գտնվող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունն է։ Հիմնարկությունը հովանավորում է նաև Վիքիպեդիայում արևմտահայերենի առանձին հարթակը, որպեսզի բոլոր ասպարեզներում ստեղծվեն հոդվածներ, և լեզուն կենսունակ մնա։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել