Նկարազարդ պայուսակներ Էմմայից, որ պահպանում են բնությունը

Նկարազարդ պայուսակներ Էմմայից, որ պահպանում են բնությունը

1682

Էկոլոգիապես մաքուր ապրանքների օգտագործումը բնության պահպանության մի  մասն է։ 23-ամյա Էմմայի պատրաստած էկո պայուսակներն էլ իրենց ներդրումն ունեն բնության պահպանության  գործում։ Կարանտինի շրջանում շատերի նման Էմման նույնպես փորձեց գտնել մի հետաքրքիր զբաղմունք։ Արդյունքում ծնվեց էկո պայուսակներ կարելու գաղափարը։

Մասնագիտությամբ հոգեբան Էմման նախկինում կտորի հետ աշխատելու  փորձ չէր ունեցել։ Սկզբում  միայն իր համար էր կարում։ Սակայն մի քանի պայուսակ կարելուց հետո, երբ արդյունքը գոհացնող էր,  նա սկսեց մտածել փոքրիկ բիզնեսի հիմնման մասին։  Էմմային ոգևորում էր այն միտքը, որ Հայաստանում էկո պայուսակների թիվը կարող է  ավելանալ, և ինքը դրանում կարող է իր մասնակցությունն ունենալ։ Առաջին քայլը ֆեյսբուքյան էջ բացելն էր, որտեղ ցուցադրվում էին նկարազարդ էկո պայուսակները։ Ինչպես Էմման է նշում՝ առաջին ամիսներին գրեթե պատվերներ չկային, սակայն ինքը չէր հանձնվում, ինչի արդյունքում կարողացավ իր սպառողներն ունենալ․ «Սկզբնական դժվարություններից էր նաև այն, որ սա նոր ոլորտ էր ինձ համար, և պետք է հնարավորինս լավ աշխատեի,  որ մարդկանց էլ ցուցադրեի։ Ինչպես նաև սկզբում  մենակ էի գործում, իսկ հիմա արդեն  աշխատանքը փոքր թիմով ենք անում»։

Առաջին պայուսակը, որ կարել էր իր համար, առանձնահատուկ նշանակություն ունի։ Ինչպես նա է նշում՝ այդ ժամանակ դեռ այդքան լավ չէր նկարում և մեծ պատասխանատվությամբ է աշխատել։ Առանձնացնում է նաև արևածաղիկներով պայուսակը, որը նաև հաճախորդներն են շատ հավանում։

Էմման հիշում է նաև մի դեպք, երբ հաճախորդը մի փոքր բարդ նկար է ընտրել, և դա նկարելու համար գրեթե մեկ օր է պահանջվել։

Սկզբնական դժվարությունների կողքին ամենահաճելի պահերից է եղել այն շրջանը, երբ ժամանակը շատ էր, պատվերները՝ քիչ, և Էմման բնության գրկում էր ստեղծագործում․ «Բնության գրկում ստեղծագործելիս նոր մտքեր էին ծնվում․ բնության մեջ ավելի ազատ ես ստեղծագործում»։

Ապագայի վերաբերյալ նույնպես գաղափարներ կան․ «Ուզում ենք փոքրիկ արվեստանոց ունենալ, որտեղ պայուսակները կցուցադրվեն, և պատրաստման ընթացքն էլ մարդիկ կկարողանան տեսնել»։ Էմման և իր փոքրիկ թիմը մտածում են նաև փոքրիկ խմբակ բացել և երեխաներին կտորի հետ աշխատել և նկարել սովորեցնել։

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել