Եկեղեցին և յոգան

Եկեղեցին և յոգան

2586

Մեր օրերում գնալով մեծանում է յոգայով հետաքրքրվող անձանց թիվը, դրան զուգահեռ էլ՝ պարբերաբար բացվում են յոգայի կենտրոններ, կազմվում նոր խմբակներ:

Յոգայի ուսուցիչ Գագիկ Թադեւոյանն առաջինն է, ով Հայաստանում 2006 թվականին հիմնեց յոգայի կենտրոն: Նա ասում է, որ յոգան իրենից ներկայացնում է մի գիտություն, որն իր մեջ ներառում է ցանկացած այլ գիտություն ու մասնագիտություն.

-Յոգայի մեջ ամեն ինչ կա՝ ֆիզկուլտուրա, հոգեբանություն, կրոն, արվեստ, փիլիսոփայություն, մի խոսքով՝ ամեն ինչ իր մեջ ներառում է: Յոգան թարգմանաբար նշանակում է՝ մարմնի, մտքի եւ հոգու միացում: Իսկ կրոնական բացատրությունն էլ կրկին նշանակում է միացում, բայց հոգու եւ գերհոգու:

Ըստ մասնագետի, գոյություն ունի յոգայի 4 տեսակ՝ բահակտի, ջնանա, ռաջա, կառմա: Իսկ մնացած մյուս տեսակները պատկանում են այս խմբերին:

Գագիկ Թադեւոսյանի կարծիքով, մարդու ինքնաճանաչման միակ ձեւը յոգան է: Ուստի, այսօր յոգայով զբաղվելը անհրաժեշտություն է, քանի որ այն մարդուն նաեւ լիցքաթափում է, հանում ստրեսային իրավիճակից.

-Այլ տեխնիկա չկա, որպեսզի մարդ հանգտանա, լիցքաթափվի: Յոգան մարդուն բերում է հարմոնիայի, այսինքն՝ մարմինը, միտքը եւ հոգին միացնում է իրար:

Մասնագետն ասում է, որ յոգան տարիք ու սեռ չի ճանաչում: Յոգայով հետաքրքրվում են 5 տարեկանից մինչեւ 80-ն անց մարդիկ.

-Բայց հիմնականում ավելի ակտիվ հաճախում են 30-40 տարեկան կանայք: Դա պայմանավորված է գիտակցությամբ, մեր կանայք ավելի գիտակից են, բացի դա, յոգան սթրեսը հանելու լավ եղանակ է:

Խոսելով յոգայի հակաքրիստոնեկան լինել-չլինելու մասին, շատ սկսնակ աշակերտներ զարմացան, որ կարելի է յոգան դասել այդպիսինների դասին:

Աննա Նազարյանը արդեն 5 ամիս է ինչ զբաղվում է յոգայով, բայց դեռ չի հասցրել այն խորը ուսումնասիրել և բացահայտել, թե ինչ հակաքրիստոնեկան բան կա յոգայում:

-Երբեք չեմ մտածել այդ մասին, նույնիսկ մտքովս չի անցել, ես դրան նայում եմ միայն որպես առողջ ապրելակերպ: Ինձ համար կարևորը յոգայի միջոցով գտած հանգստությունն է:

Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը նշեց, որ յոգան մեր կրոնին հատուկ չէ.

-Փրկության, մարդաբանության, քրիստոսաբանության տեսակետից յոգան՝ որպես այդպիսին, ընդունելի չէ, որովհետեւ նա ինքնին ծես է, պաշտամունք: Իսկ, եթե յոգային նայում ենք՝ որպես ուղղակի մարզանք, շատ կներեք, բայց դա իր մեջ թերի է արդեն։ Բերեք փնտրենք խաղաղություն եւ ներդաշնակութուն այն ամենով, ինչ որ դարերով մեր սերունդները կարողացել են ապրել եւ հասնել դրան: Ոչ ոք չի կարող ասել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հոգու եւ մարմնի խաղաղության ներդաշնակություն չի ապրել, կամ, եթե ապրել է, ուրեմն նա յոգայո՞վ է զբաղվել, իհարկե՝ ոչ: Նա մեզ փոխանցել է այն արմատական ուսուցումները, ինչով մարդը կարող է լիարժեքորեն խաղաղ լինել, ապրել եւ Աստծո առաջ պատասխանատվություն կրելով՝ կարողանալ իր խաղաղությունը համակարգել:

-Երբ հասկացա, որ յոգան հակաքրիստոնեկան տարրեր ունի, օրինակ այն, որ առաջացել է հինդուիզմից, թողեցի ուսմունքը ,- նշեց տիկին Էլիզան:

Սակայն իմալայան յոգայի ուսուցիչ Վահագն Վարդումյանը պատմում է, որ յոգայի պատմական հիմքը բավականին հանելուկային է, և ժամանակագրությունը որևէ գիտնական, հնագետ չի կարող ասել: Յոգան իր ակունքներում որևէ կրոնական համակարգի հետ կապ չունի: Հասարակությունը քայլ առ քայլ սկսում է գիտակցել սա: Մեր հասարակության մեջ, հայկական գենի հարուստ ինֆորմացիան հաշվի առնելով, յոգա կիրարկելը շատ հարմար է թե՛ հոգևոր, թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական առումներով: Առաքելական եկեղեցին դեմ չէ յոգային: Հիմնականում դեմ են այն եկեղեցականները, ովքեր յոգայի մասին ոչինչ չգիտեն, որովհետեւ իրականում յոգայի մոտեցումն ավելի մոտ է Քրիստոսին, քան մեր եկեղեցականների մոտեցումը այդ հարցին:

Էմմա Թումանյան, 3-րդ կուրս

Կիսվել