«Ուսանողական, մարզային մի շարք խնդիրներ առիթ դարձան 2018 թվականին «ՄԻՏՔ» կազմակերպության ստեղծման համար». կազմակերպության նախագահ Լևոն Չուկակլյանն է պատմում։ Ասում է նաև, որ «Միտք» հասարակական կազմակերպությունը կենտրոնացնում է տարբեր մարզերի ակտիվ երիտասարդությանը։ Կազմակերպությունն աշխատանքներ է ծավալում մի շարք համայնքներում՝ Արմավիր, Լոռի, Վայոց ձոր, Սպիտակ, Էջմիածին և այլն։ «Մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր, որոնք ուղված են երիտասարդների և համայնքների զարգացմանը»,- ասում է նա։
Մեզ հետ զրույցում կազմակերպության նախագահը խոսեց նաև անցած ճանապարհի մասին. «Առաջին ծրագիրը «Տեղական ժողովրդավարությունը ակտիվիզմի միջոցով» ծրագիրն էր, որի շրջանակներում ՀՀ 7 համայնքներում ստեղծվեցին երիտասարդական նախաձեռնություններ, որոնք ակտիվացրին համայնքների կրթական և մշակութային կյանքը»։
Նախաձեռնությունների արդյունքում մի շարք համայնքներում կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են աղբամաններ, բարեկարգվել են այգիներ, անցկացվել են լուսավորության ցանցեր։ Ստեղծել են «Երիտասարդների ձայնը» միավորումը, որի հետ միասին` «Երիտասարդների ձայնը» մեդիան, որը լուսաբանում է ՀՀ երիտասարդական օրակարգը։ Լևոն Չուկակլյանի խոսքով՝ կազմակերպությանը կարող են անդամակցել 16-30 տարեկան ակտիվ երիտասարդները։
«Այժմ իրականացնում ենք «Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագիրը։ Շուրջ 35 երիտասարդներ մասանակցել են բազմաթիվ դասընթացների, որի արդյուքում էլ թիմային և անհատական կարգավիճակով ստանալու են դրամաշնորհներ, ինչի շնորհիվ էլ կիրականացվեն բազմաթիվ ծրագրեր»,- հավելեց կազմակերպության նախագահը։ Ասաց նաև, որ «Միտքը» ֆինանսավորվում է տարբեր միջազգային և տեղական կազմակերպություններից, անդամավճարների և անհատական նվիրատվությունների միջոցով։
Լևոն Չուկակլյանի հետ մեր զրույցին միացավ նաև կազմակերպության անդամներից մեկը՝ Անի Խաչատրյանը։ «Անդամակցում եմ կազմակերպությանը, քանի որ այն հնարավորություն է տալիս մասնակցելու բովանդակալից դասընթացների և բազմաթիվ ծրագրերի։ Բացի այդ, ինձ դուր է գալիս թիմային աշխատանքը»,- նշեց նա։
Անիի խոսքով ՝ որպես կազմակերպության լրատվության բաժնի կամավոր՝ այստեղ ինքը կարողանում է իր մտքերն ու ծրագրերը ներկայացնել։
ՄԻՏՔ-ի երիտասարդությունը պատերազմական օրերին կանգնել է նաև Արմավիրում ապաստանած արցախցիների կողքին։
ՄԻՏՔ-ի թիմի և Արմավիրի քաղաքապետարանի համագործակցությամբ, ինչպես նաև բազմաթիվ անձանց նվիրատվություններով պատերազմական օրերին հավաքվել է հումանիտար օգնության 200-ից ավել փաթեթ՝ սնունդ, հիգիենա և ձմեռային տաք վերմակներ։
Էլեն Առաքելյան
2-րդ կուրս