Արևի ջերմությամբ ու երանգներով լցված Նկարիչների միության դահլիճում տեղի ունեցավ Մարինե Մանուկյանի կտավների ցուցահանդեսը։ Մարդ, ով ստացել է ժուռնալիստական և իրավաբանական կրթություն, աշխատել է օրենքի ու օրինականության ոլորտում (ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարն է), այսօր ներկայանում է բոլորովին այլ ոլորտում։ Իրավաբանությունից ու օրենքներից այն կողմ Մարինեի ստեղծած իրականությունն է՝ արտահայտված կտավների ու գույների միջոցով։
Չնայած Մարինե Մանուկյանը Նկարիչների միության պատվավոր անդամ է և ստեղծագործել սկսել է տարիներ առաջ, սա նրա առաջին ցուցահանդեսն էր, որին ներկա էին Մարինեի ընկերները, գործընկերները, ծանոթ ու անծանոթ մարդիկ։ Միջոցառմանը իրենց շնորհավորանքներով ու շնորհակալական խոսքերով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ Նազիկ Ասլանյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և այլք։
«Մարինեն լույս է»-, այսպես էին ասում Մարինեի մասին խոսելիս։ Նազիկ Ասլանյանի խոսքերով՝ կտավները կարծես Մարինեի հոգու հայելին լինեն, ու այն ջերմությունը, որ նա միշտ փոխանցում է մարդկանց, այսօր դա անում է իր լուսեղեն կտավների միջոցով։
Լիլիթ Մուրադյանը շնորհավորանքի խոսքեր ասելիս՝ չկարողացավ զսպել հուզմունքը․ «Մարինեի տաղանդը բացահայտում էր բոլորի համար: Նա աշխատել է իրավաբանության բնագավառում ու իր մտքի թռիչքը միայն նկարելով կարող էր արտահայտել»։
Մարինեի ցուցահանդեսի այցելուների մեջ էր նաև մայրը՝ Անահիտ Մովսիսյանը, ով պակաս հուզված ու լարված չէր։ Տիկին Անահիտը խոսեց դստեր անձնային հատկանիշներից, նաև հիշեց, որ նա փոքրուց է սիրել նկարել, բայց մինչ վերջերս ուշադրություն չեն դարձրել․ «Մենք էլ էինք զարմացած, բայց երևի ինչ-որ ներքին պահանջմունք է ունեցել զգացմունքները կտավներին հանձնելու»։
Այցելուներից մեկն ասում է, որ դեղին գույնը հանգստացնող է, մյուսի կարծիքով կտավների դեղին երանգը ակտիվություն ու աշխուժություն են հաղորդում, մի ուրիշի կարծիքով էլ երանգներից ջերմություն է ճառագում։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը, ով միաժամանակ Մարինեի մանկության ընկերուհին է, ասում է, որ Մարինեի նկարների մեջ շատ է արևը, որովհետև ինքն է արև․«Մարինեն տարիներ շարունակ աշխատել է իրավաբան, էմոցիաներից զուրկ բնագավառում է եղել, ու իր էմոցիոնալ ամբողջ միջուկը փոխանցել է նկարներին»։
Այցելուների շարքում էր նաև ՀՀ վաստակավոր դերասանուհի Նարինե Ալեքսանյանը, որ թեև Մարինեին անձամբ չէր ճանաչում ու նոր էր սկսել ուսումնասիրել կտավները, սակայն նկատեց, որ Մարինեն իրեն գտել է նոր երանգների ու գույների մեջ, իսկ մեզ պետք են մարդիկ, ովքեր իրենց գույներով կփոխանցեն դրական էմոցիաներ ու տրամադրություն։
Հյուրասիրությունը ևս օրիգինալ էր՝ գինին ու կտավների նկարներով կոնֆետներ։ Դե արդեն կոնֆետի նկարն էլ ման գալն ու գտնելը այնքան էլ բարդ չէր։
Վերջում էլ Մարինեն պատասխանեց իրեն ամենաշատը տրվող հարցերին․ ե՞րբ է սկսել նկարել ու ինչո՞ւ է դեղին երանգը այդքան շատ կտավներում․«Ես ինքս ինձ էլ եմ այդ հարցերը տվել ու ի վերջո հասկացել եմ, որ ես ամբողջ կյանքումս էլ նկարել եմ, ուղղակի միայն հիմա եմ դրանք հանձնել կտավներին, իսկ արևը շատ է, որովհետև մեր իրականության մեջ ջերմությունն է պակասում»։
Ցուցահանդեսը նկարիչների միությունում կմնա մինչև ապրիլի 8-ը:
Աննա Պալաքյան
2-րդ կուրս