«Մատներով, ձեռքի հպումներով էլ ավելի ես խոսում կտավի հետ». Լիլիթ Տոնականյանը

«Մատներով, ձեռքի հպումներով էլ ավելի ես խոսում կտավի հետ». Լիլիթ Տոնականյանը

1603

Յուրաքանչյուր արվեստագետ ապրում է իր ստեղծած գունային աշխարհում, որը նրա կյանքի անբաժան մասն է կազմում: Այդպիսի գունավոր ու ծաղկաշատ աշխարհ է իր համար ստեղծել նկարչուհի Լիլիթ Տոնականյանը:

Նա ծնվել ու ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, այնուհետև` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը: Նկարչուհու հետ զրուցել ենք առաջին քայլերի, ծաղիկների, սիրելի գույների և եղանակի մասին:

Ձեր առաջին քայլերը դեպի մեծ  արվեստ:

-Ինչպես բոլոր փոքր երեխաների, այդպես էլ ինձ մոտ եղավ. ծնողներս նկատեցին, թե ինչպիսի ոգևորությամբ եմ արտանկարում գրքերից: Սկսեցի հաճախել նկարչական դպրոց. առաջին քայլերս սկսվեցին այդտեղից: Երեխա էի, հիշում եմ՝ մրցույթ կար. Արթիկի հրապարակում գետնի վրա էինք նկարում, և առաջին մրցանակը ինձ հանձնեցին: Դա էլ ինձ ավելի ոգևորեց, առաջ գնալու ձգտումն էլ, անվերջ ստեղծագործելու սերն էլ:

-Նկարչության ո՞ր ուղղությունն է Ձեզ առավել հոգեհարազատ: Նկարիչներից ու՞մ կառանձնացնեք, ու՞մ գործերն են Ձեզ համար առավել դուրեկան:

-Ավելի հոգեհարազատ են իմպրեսիոնիզմը, աբստրակցիան, վերացականը: Իսկ նկարիչներից ինձ համար կարող եմ առանձնացնել Վան Գոգին, Կլոդ Մոնեին, Մարտիրոս Սարյանին, Մինասին. շատ եմ սիրում նրանց գործերը:

Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Ոգեշնչման աղբյուր է ամեն բան. այն, ինչ դրական է, երջանկացնում է: Մեկը կարող է ինձ մի լավ բան ասել, կամ ես լսեմ, որ ինչ-որ մեկը մյուսին օգնում է, աջակցում, ու դրանից մի լավ բան է ծնվում: Ես շատ երջանկանում եմ և ոգևորվում, երբ բարին և լույսն է իշխում բոլորին:

-Լիլի՛թ, հարցազրույցներից մեկում նշել եք, որ ավելի հաճախ նկարում եք ձեռքերով, քան վրձինով, կմեկնաբանե՞ք:

-Այո՛, վրձիններ քիչ եմ օգտագործում: Մատներով, ձեռքի հպումներով էլ ավելի ես խոսում կտավի հետ, ավելի բնական էմոցիաներով ես արտահայտում աշխատանքդ, կտրվում ես միջավայրից և միանգամից մտնում մի ուրիշ աշխարհ:

-Ձեր կտավներում գերակշռում է բնությունը, մասնավորապես՝ ծաղիկները, ինչու՞:

-Սիրում եմ նկարել մեր Շիրակի դաշտերի բնապատկերները: Ամեն ծաղիկ իր բույրն ունի, և ես փորձում եմ իմ կտավների մեջ արտահայտել այն ամենն, ինչ տեսել և զգում եմ: Ես մարդկանց նվիրում եմ մնայուն ծաղիկներ. ամեն ծաղիկ մեկը մյուսից տարբերվող և գեղեցիկ, կարևորը՝ երբեք չեն թառամում:

Ինձ համար առանձնացնում եմ ալ կարմիր գույնի կակաչները, որոնք շատ եմ սիրում:

-Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:

-Ինձ համար ինքս եմ ստեղծում իմ եղանակը: Երբ ես ստեղծագործում, արարում եմ,  ինչ-որ մի լավ բան եմ ուզում անել, և այն ժպիտ է պարգևում մարդկանց. դա ամեն ինչ արժի:

Ասում են, որ արվեստագետները յուրաքանչյուր երևույթ մի գույնով են պատկերացնում. իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում և տեսնում մեր հայրենիքի գույնը:

-Բոլոր վառ ու դրական գույներով: Մի քիչ սեր, ջերմություն և արև է պակասում: Ամեն բան լավ է լինելու, երբեք չկորցնենք սերը և հավատը:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գույնը, ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

-Ես բոլոր գույներն էլ սիրում եմ, իմ կտավներում կտեսնեք, որ գերիշխում են պայծառ, վառ գույները. գորշ գույներից խուսափում եմ, քիչ եմ օգտագործում:

-Ձեր կարծիքով մեր երկրում կա՞ն նպաստավոր պայմաններ նկարիչների համար:

-Նպաստավոր պայմաններ ստեղծագործելու համար, բնական է,  մենք ինքներս  ենք փնտրում և գտնում: Շփումը արվեստի ու արվեստի սիրահարների հետ տեղի է ունենում ցուցահանդեսների ժամանակ: Բայց ավելի նպաստավոր պայմաններ կլինեին, եթե ստեղծվեին «գալերեյաներ», ցուցասրահներ, որտեղ մարդիկ իրենց գործերը կներկայացնեին, ճանաչելի և հասանելի կդառնային բոլորին:

-Դուք ունեք ժամանակի մեքենա և հնարավորություն՝ ընդամենը 10 րոպեով տեղափոխվել անցյալ, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:

-Ժամանակի դեմ մենք անզոր ենք, եթե եղել է ինչ-որ բան, ուրեմն այդպես էր պետք:

Ձեզ առաջարկում են ընդմիշտ տեղափոխվել ինչոր մի քաղաք. ո՞ր քաղաքը այն կլինի և ինչու՞:

-Ես ինձ ոչ մի տեղ Հայաստանից բացի չեմ պատկերացնում և կասեի՝ իմ Շիրակ աշխարհից այն կողմ չեմ տեսնում ինձ:

-Լիլի՛թ, եթե Ձեզ թույլ տան ընդամենը մի բան փոխել աշխարհում, ապա ի՞նչը…

-Աշխարհում կցանկանայի չտեսնել այն ցավը, որ հիմա շատերի տանն է: Թող միայն ավելանան և չպակասեն, երջանկանալու առիթները շատ լինեն, ոչ մի ծնողի աչքերում ցավ չլինի, միայն՝ սեր, ժպիտ:

Ռոզա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել