Դուք հավանաբար կարդացել եք Շառլ Ազնավուրի «Ազնավուրը Ազնավուրի մասին» ինքնակենսագրականը կամ գոնե այլ հրապարակում նրա մանկության մասին։ Այդ գրքում Ազնավուրը գրել է․
«Հեռավոր տարիների հիշողության մեջ ամենապարզորոշը քրոջս՝ Աիդայի կերպարն է ուրվագծվում: Թեպետ նա ինձնից շատ քիչ էր մեծ, սակայն ինձ խնամում էր փոքրիկ մոր պես: Աիդան ու ես իրար լավ էինք հասկանում: Կատարյալ դավադիրներ էինք: Երբեք չէինք մատնում իրար: Մեկիս գործած մեղքի համար երկուսիս հավասարապես էին պատժում, ու կարևորն այն էր, որ ոչ մեկս մյուսին չէր կշտամբում ….»:
Եղբայրս, իհարկե, մեծ շանսոնյե դառնալու ոչ հնարավորություն, ոչ էլ ձգտում չունի, բայց եթե մի օր վերադառնա և որոշի իր պատմությունը գրել, հավանաբար նույնը պիտի գրի, ինչ Ազնավուրը իր քրոջ մասին:
Արամից մեծ եմ 359 օրով: Թեև մայրս շատ է ցանկացել, որ տարվա նույն օրը ծնվենք, բայց ինչպես Արամն էր հաճախ կրկնում՝ ճակատագիր էր:
Թմբլիկ, մեծ-մեծ աչքերով, բաց գույնի մազերով երեխա էր եղբայրս, ձեռքին միշտ դուդուկ կամ զուռնա կար (մորական պապս դուդուկահար էր և դա անտարբեր չէր թողել եղբորս):
Մայրս, որ մեծ ընտանիքի առաջին և միակ հարսն էր այն ժամանակ, միշտ անելու ինչ-որ բան ուներ, ու երբ եղբայրս օրորոցում լացում էր, ինձ էր ուղարկում հանգստացնելու: Ես, իհարկե, բարձր գոռում էի.
«Սուուու՜ս, քնի՜ , Արամ ջան»: Հետո նրա բերանից հանում էի կաթի շիշը ու սկսում ինքս ուտել. Արամը սկսում էր ավելի բարձր լացել:
Բայց քայլել սկսելուց հետո ասես զույգեր լինեինք. մանկապարտեզում, թեև նույն տարիքային խմբերից չէինք, նա համառորեն գալիս ու նստում էր կողքիս.
«Կեր աղբարիկ»,-համարյա Ազնավուրի քրոջ՝ Աիդայի հոգատարությամբ ասում էի ես:
Հետո գնացինք դպրոց: Ես մինչ վերջերս բողոքում էի մորս, թե ինչու՞ ինձ մի տարի ուշ ուղարկեց դպրոց, որ Արամի հետ նույն դասարանում լինեմ, իսկ այժմ երախտապարտ եմ նրան, որ մեզ իրար հետ ավելի երկար լինելու ժամանակ տվեց, թեպետ նա շատ չար էր, և ինձ հաճախ էին ասում.
«Եղբայրդ դասին շատ է խոսում», «Սրանից հետո դասին պատրաստ գա», «Արամը վերջին դասին չի նստել»:
Ես հաճախ արցունքոտ աչքերով մորս բողոքում էի, թե ինչու՞ են ինձ ասում, ես ի՞նչ կարող եմ անել, բա ինչի՞ իմ պատճառով իրեն ոչ մի բան էլ չեն ասում:
Տարիներ հետո նա պիտի արյունով շնորհակալություն հայտներ ինձ ու բոլորին.
«Էդ ադրբեջանցիներին, որ առաջ գալուց եմ տեսնում, աչքերիս դիմաց դու ու մեր գյուղն եք գալիս, իսկ դու ասում ես մի մնա առաջնագծում »,- ասում էր պատերազմի օրերին մեր կարճատև հեռախոսազրույցների ժամանակ:
Մեր գյուղը մեծ չէ. բոլորը բոլորին ճանաչում են: Գյուղի արևմտյան և արևելյան ափերը եզերում են ոչ այնքան բարձր, բայց գեղատեսիլ լեռները, մի անկյունից երևում է «Արմաղան»լեռնագագաթը, իսկ ներքևում կապուտաչյա Սևանն է:
Գյուղացիները որքան հյուրասեր, այդքան էլ բամբասկոտ են. այստեղ ես հազարավոր կշտամբանքների եմ արժանացել, օրինակ՝ մի քիչ ուրիշ կերպ մտածելու, հարևանի կնոջ տված հարցին պատասխանելու, անծանոթ տղայից հարցազրույց վերցնելու համար:
Բամբասանք չէր սիրում և Արամը, չնայած, հաճախ ասում էր.
«Դե տեսնում ես, որ գյուղացիք չեն սիրում էդ մասնագիտությունդ, դու էլ մի ասա բոլորին, մի արդարացիր, քո համար ինչ ուզում ես արա»:
Ու մինչ ես ասես արդարանալով բացատրում էի, որ լրագությունը աշխարհի ամենալավ մասնագիտությունն է, նա ժպտալով ասում էր.
«Մենակ ինձ կասես, եղա՞վ»:
Ընտանիքը, որտեղ մեծացանք, մեծ էր: 14 տարի ապրելով տատիս, պապիս, հորեղբայրներիս ու նրանց ընտանիքների հետ՝ սովորեցինք անհանգստանալ միանգամից 14 մարդու համար, կիսել բոլորի խնդիրները և մեծ աղմուկով ծիծաղել աննշան բաների վրա:
Արամը տատուպապերիս տղա թոռներից ամենամեծն էր, բոլորի պաշտպանն ու օգնականը, բոլորի վրա ջղայնացողն ու բոլորի խնդիրները լուծողը:
«Գուլնար» թուրքական անունով տատս, ում անձնագրի մեջ հայկական «Գոհար » անունն է գրված, մյուս տատիս ու պապերիս հավաքական ներկայացուցիչն է հիմա.
«Արամն իմ առաջին տղա թոռն է, ամենահասնող-օգնողը, ճիշտ է՝ մի քիչ չարաճճի երեխա էր, բայց մեծանալով դարձավ հավասարակշիռ ու խոհեմ»,-ասում է նա:
Օրվա մեջ երեք անգամ նա երնեկ է տալիս իր այն հասակակիցներին, որ «չոր աչքով մտան գերեզման, չտեսան ոնց է թոռը անհետ կորում կամ զոհվում»:
«Քոռանայի՜, չտեսնեի …»:
Արամի ամենաչսիրած գործը երևի խոսելն էր, իսկ երբ խոսում էր, իր խոսքը շատ կշռադատված ու տեղին պիտի լիներ: Նրա մեջ իմ ամենաչսիրած հատկանիշները չխոսկան ու չափից դուրս պահանջկոտ լինելն էր:
Երբեք էլ չսիրեց դպրոցական «լուրջ» առարկաներն ու ջանասիրաբար արտագրեց ինձնից, բայց «ՆԶՊ»-ից (նախնական զինվորական պատրաստոիթկուն) նրա գնահատականները միշտ բարձր էին, դասերին միշտ պատրաստ էր.
«Հենց այդ տարիներից էլ ամեն օր ասում էր, որ թողնենք գնա Ռազմական համալսարան ու այդ գործով զբաղվի ,բայց ես համաձայն չէի, միակ տղաս միշտ ինձ հետ պիտի լինի,-ասում է մայրս, հետո գլուխը կախում ու հազիվ լսելի ձայնով ավելացնում,-բայց ինչպես ինքը կասեր ՝ ճակատագիր էր, նա պիտի փայլեր զինվորական գործում»:
Տեսնելով, որ չի կարող մայրիկին դեմ գնալ, Արամը սկսեց լրջորեն զբաղվել իր մյուս հոբբիով՝ մեքենաներ վարելով: Սովորեց հատուկ դպրոցում և ստացավ բանակում մեքենաներ վարելու «պաշտոն »: Անչափ ոգևորված ու հպարտ՝ հուլիս ամսվա երկրորդ օրը մեկնեց ծառայության:
«Արամ, ամսի 6-ին վերջին քննությունս է, գոնե համալսարան ընդունվեմ, նոր գնա »,-համոզում էի ես :
«Ասենք թե մի երկու օր էլ մնացի, վերջը պիտի գնամ, ինչքան շուտ գնամ, էդքան էլ շուտ կգամ», -վստահեցնում էր արդեն իրեն զինվոր համարող եղբայրս:
Առաջին անգամ նրան այդչափ ուրախ պարելիս տեսա իր բանակի քեֆին, շատ ուրախ էր, միաժամանակ՝ մեծ պատասխանատվությամբ լցված: Գիշերն անցկացրեց ընկերների հետ, իսկ առավոտյան խիստ հայացքով ասաց՝ չլացեք:
Խոստմանը հավատարիմ մնալով՝ մայրս գոնե բոլորի ներկայությամբ չլացեց, բայց առավոտյան, երբ լսեց «Արցախ» և «Ջաբրայիլ» (ջրական) անունները, խորը հոգոց հանեց ու մի քանի արցունք թափեց հեռախոսի էկրանին:
Տառացիորեն ոչ մի օր ու ոչ մի պահ Արամը չդժգոհեց ի բաժին ծառայությունից.
«Գիտե՞ք՝ որտեղից է սկսվում Հայաստանը: Մեր զորամասի դիրքերից է սկսվում ու գիտե՞ք՝ որտեղ է ավարտվում՝ էլի էստեղ. սա մեր Հայաստանի համ սկիզբնուվերջն է, համ կենտրոնն ու հրապարակը»:
Տանը բոռշչ չուտող եղբայրս հորս մի անգամ ասել էր.
«Ստեղ «բոռշչի օրերն» եմ սիրում, չնայած ամեն ինչ էլ ուտում եմ»:
Շատ մեծ ոգևորությամբ էր պատմում հատկապես իր արած գործերի մասին, թե ինչպես էր դիրքեր զենք տանում, ամռանն ինչպես էր ձմերուկ, սեխ, մոշ ու էլի նման բաներ տեղափոխում զորամաս ու ինչքան էր սիրում իր բանակային ընկերներին:
«Երկու տարի էլ ավել կծառայեմ, շատ լավ ա ստեղ», -ամենաշատը սա էր կրկնում:
Ունենալով հավանած աղջիկ՝ ինձ հաճախ ասում էր.
«Տիրություն արա, մինչև գամ»:
Հետո հումորով ավելացնում.
«Դու հո էդտեղ արդեն հավանած տղա չունե՞ս, կսպասես գամ՝ նոր միասին կտեսնենք ՝ ում ենք վատություն անում»:
Ուղիղ մեկ տարի անց, երբ թվում էր, թե դժվարինն արդեն անցել է, Արամը ընկերոջ՝ Շոթայի հետ, Ջաբրայիլի մատուռից տեսակապով զանգեց ինձ ու շա՜տ երկար խոսեցինք, կամ ուղղակի նայեցինք իրար: Դա պիտի լիներ դեռևս վերջին անգամը, որ նրա շատ լայն ժպիտն էինք տեսնում:
Շոթան մեր գյուղին հարևան գյուղից էր, բարձրահասակ, խելացի դեմքով երիտասարդ, ում վիճակված էր ուղիղ 30 օր կռվել թշնամու դեմ, բայց անմահանալ ՝ շտապ օգնության մեքնային ԱԹՍ-ի հարվածից:
Սեպտեմբերի 27-ին ես արթնանում եմ տրակտորի ուժեղ ձայնից, որ մտել էր հողամաս ու քանդում էր հողը, մայրս առավոտ վաղ արթնացել ու արագ-արագ իր գործն էր անում, մինչև ես կարթնանայի ու կգնայի օգնելու: Պատերազմի մասին իմանում եմ ինտերնետից ու վազում մորս մոտ՝ հողամաս, ասես ուզում էի փրկել նրան:
Երեկոյան մեր տան բակից երևում է Վարդենիսի վրա ուժգին պայթյունների հրե կրակն ու մայրս բարձր-բարձր կրկնում է.
«Էս, որ ստեղից է էս ձեներն ու կրակը թափվում, բա էնտեղ ի՞նչ կկատարվի, Աստված ջա՜ն, ջուր լից էս կրակին, ջուր լից էս կրակին, ջուր լից էս կրակին»:
Ջղայմանում էի ու խոսում մորս վրա.
«Արագ տուն մտի, էդ մերոնք են դրանց խփում, մեր հակաօդային կայաններն են»:
Իսկ Արամը, արդեն Ջաբրայիլից դեպի Հադրութ նահանջած, երեկոներին զանգում ու ծիծաղելով ասում էր.
«Դրանք խմել, հրավառություն են անում, էդ ձեներն են, բայց հեսա մեր հերթն է՝ լավ հրավառություն անելու»:
Թե որքա՜ն էր ոգևորված, որ մի ամբողջ Հադրութի առաջին գծին հաց, քնապարկ ու տաք գլխարկներ է տանում, վիրավորներին հետը թիկունք իջեցնում.
«Արծրուն Հովհաննիսյանի լայվը տեսա՞ր, բոլորս պիտի մտնենք մեր խրամատներն ու կռվենք մինչև վերջ: Այ էս ավտոյի ղեկն էլ իմ խրամատն է, ու մինչև Ջաբրայիլը նորից մերը չլինի, դուրս չենք գա էդ խրամատից »:
Հոկտեմբերի 9-ից մինչ օրս նա չի զանգել :
Նրան ոմանք մի քանի անգամ իրենց մտքերում թաղել ու վերակենդանացրել են, ոմանք՝ անդամահատել կամ գերի դարձրել, ոմանք՝ թնդանոթի միս սարքել, ուրիշներն էլ կրկնել՝ նրա ճակատագիրն էլ դա էր։
Պատասխանատու կոչվածները մի քանի անգամ զոհ, անհայտ զոհ, անհետ կորած են համարել եղբորս, բայց նրա մեքենայից դուրս բերված ոսկորները, որոնց մեջ իրենն էլ էինք փնտրում , պարզվում է ընկերոջին են:
«Թիկունքի պետի վարորդն ա եղել, ի վերջո, հաստատ հետը գերի են տարել»,-ասում է իրեն շատ խելացի համարող ուսուցիչներից մեկը:
«Տեխնիկան վառել են, իրենց էլ թաղել են էնտեղ»,-ասում է մեր՝ երբեք Հայաստանում չապրած շատ հայրենասեր բարեկամը:
«Արամը ողջ է, երազումս եկել էր »,-ասում է դասընկերս:
Եվ միայն մայրս է, որ ամեն առավոտ նրա սենյակի սպիտակեղենն ու մահճակալը թարմացնում է, որ գա, լավ հանգստանա սիրելի սենյակում: Իսկ հայրս դիահերձարանների ու նախարարությունների շենքերի բակերում ծերացել, բարակել ու դալկացել է:
Ես՝ Արամի միակ ներկայացուցիչս մեր տանն ու այս աշխարհում, ամեն օր ստանում եմ կրկնակի ուշադրություն, հոգատարություն, գումար և, որ ամենակարևորն է՝ մտածում, աշխատում, սովորում ու հանգստանում եմ երկու մարդու փոխարեն:
Մեզ բոլորիս ընդամենը մի զանգ ու մի նամակ է պակասում Արամից․․․
Անահիտ Սվարյան
2-րդ կուրս