Նոր տեխնոլոգիաների և հատկապես սոցիալական ցանցերի տարածումը վերջին շրջանում, կարելի է ասել՝ուղիղ համեմատական է դարձել տրանսլիտ և երբեմն նաև կիրլացիա կոչվածի տարածմանը: Գուցե քչերը գիտեն այս տերմինների բացատրությունը,սակայն ամեն երկրորդը սոցիալական ցանցերում ընկերների հետ շփվելու, գրառումներ կատարելու համար օգտվում է դրանցից: Տրանսլիտը, մեր դեպքում՝ հայերեն լեզվի փոխանցումն է լատինական այբուբենի միջոցով, իսկ կիրիլացիան՝ ռուսերեն այբուբենի:
Սոցիալական ցանցերում ընկերների հետ շփման համար մեծամասնությունը նախընտրում է տրանսլիտի տարբերակը՝ մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ այս դեպքում հնարավորություն է տրվում խոսքը կրճատել նշանների կամ թվերի միջոցով՝ 4e(չէ), hy8(հյութ):
Հատկապես դեռահասների, երիտասարդների դեպքում այն լուրջ վտանգ է ներկայացնում՝ հայերեն ուղղագրության, քերականության մոռացում և լատինատառ մտածողության զարգացում: Լատինական այբուբենի ոչ բոլոր տառերն են, որ լիովին արտահայտում են հայերեն հնչյունները, արդյունքում հաճախ առաջանում է իմաստային շփոթ: Տեսնենք, թե այս և այլ խնդիրներից խուսափելու համար ինչն է խանգարում մարդկանց զերծ մնալ տրանսլիտի օգտագործումից՝ տեխնիկական խնդիրնե՞րը, հայերեն քերականությանը վատ տիրապետե՞լը, թե՞ պարզապես հակիճությունը ու հարմարավետությունը: Ինչպե՞ս զերծ մնալ այս երևույթից, որը հանգեցնում է հայերենի աղավաղմանը:
Բայց նախ հասկանանք, թե որոնք կարող են լինել հնարավոր պատճառները:
Ըստ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս,բանասեր Նարինե Ներսիսյանի՝ մարդկանց մի որոշ հատվածի ՝ սոցցանցերում հայատառ չգրելը մի քանի բացատրություն կարող է ունենալ.
1. Թաքցնել անգրագիտությունը կամ կիսագրագիտությունը
2. Երևալ նորաձև
3. Իբրև թե հեշտացնել հաղորդակցումը և այլն…
Հայերենի ուսուցչուհի Անժելա Դանիելյանն այս պատճառներին ավելացնում է ևս մեկը՝ տեխնիկական խնդիրը՝ հիշեցնելով՝ բոլոր հեռախոսները չեն, որ հայերեն տառերի հնարավորություն ունեն:
Էլմիրա Միրաբյանը շփման համար հաճախ է օգտագործում լատինատառ այբուբենը, երբ հեռախոսով է մուտք գործում սոցցանցեր: Ասում է՝ հայերեն տառերը քանի որ շատ են, նույն տարածքում նրանց չափն ավելի փոքր է լինում, ինչը դժվարացնում է տառերը հեշտությամբ տեսնելը և արագ գրելը:
Մելանյա Գևորգյանը 17 տարեկան է, գրանցված է երեք սոցցանցերում, այնտեղ շփման համար, ինչպես ինքն է ասում՝ 90 տոկոս դեպքերում օգտվում է բացառապես լատինական այբուբենից, քանի որ այդպես ավելի արագ է ու հեշտ:
Նարինե Ներսիսյանի նշում է․ «Լատինատառ գրելը կարող է աղավաղել հատկապես դեռահասների լեզվամտածողությունը։ Ազգային արտասանությունից և գրությունից խուսափելը դեռահասի համար ժամանակի ընթացքում դառնում է սովորույթ, որը մարդու երկրորդ բնավորությունն է։ Իսկ մարդու լեզուն, մտածողությունը և բնավորությունը սերտորեն կապված են։ Լատինատառ գրությունը վտանգավոր է նաև նրանով, որ մենք մեզ վարժեցնում ենք չմտածելուն»։
Քրիստինե Գրիգորյանն իր սմարթֆոնում ունի հայերեն ստեղնաշար, սակայն ընկերների հետ շփվում է հիմնականում լատինատառ, ինչպես ինքն է ասում՝ «այդպես ավելի հեշտ է ու արագ, քանի որ ուղղագրության ու կետադրության վրա չես ֆիքսվում»: Քրիստինեն ասում է, որ եղել են դեպքեր, երբ լատինատառ հաղորդագրությունները դժվարացել Է հասկանալ, նույնիսկ երբեմն զվարճալի են հնչել տառացի արտասանությամբ: Սակայն մեր զրուցակիցն աշխատում է գրառումներն ու մեկնաբանությունները գրել հայատառ, երբ իր գրածն ավելի մեծ թվով մարդիկ պիտի տեսնեն, քանի որ ինքը ևս նյարդայնանում է, երբ լատինատառ երկար գրառումներ է տեսնում:
Վոլոդյա Մուշեղյանը ևս այն մարդկանցից է, ով սոցցանցերում ընկերների հետ շփման համար նախընտրում է տրանսլիտը, քանի որ այդպես կետադրությանը մեծ ուշադրություն չի դարձվում, արդյունքում՝ ավելի արագ ու հեշտ է ստացվում:
Հարցին՝ արդյո՞ք հայերենն այդքան բարդ կետադրություն և ուղղագրություն ունեցող լեզու է, որ մարդկանց մի հատված սոցցանցերում հայատառ չի գրում՝ հենց դրանցից խուսափելու համար, Նարինե Ներսիսյանն ասաց․ «Հայերենի ուղղագրությունն ու կետադրությունը գուցե բարդ են, բայց օտարազգիների համար։ Լեզվակիր լինելու և տասներկուամյա կրթության պայմաններում դրանց յուրացումն ու կիրառությունը կարող են ենթադրել սակավաթիվ դժվարություններ՝ պայմանավորված զուգաձևություններով»։
Հաճախ տարբեր հնչյունների համար օգտագործվում է միևնույն տառը, հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այդ որոշ հնչյունները կամաց-կամաց իրենց դերը կորցնեն հատկապես դեռահասների լեզվամտածողության մեջ, ազդեն արտասանության վրա, հայերենի ուսուցչուհի Անժելա Դանիելյանն ասաց. «Մեր այբուբենի կենսունակությունը մնացել է անփոփոխ դարեր շարունակ, կարծում եմ՝ հետագա սերունդը, եթե շարունակի գրել օտար այբուբենով, գուցե հեռանա բանավոր խոսքից: Գիտենք, որ շատ անգամներ գրական լեզվի մեջ է մտել բանավոր, խոսքային տեսակը, այսօր, ցավոք, ևս հնարավոր է, որ լատինատառի ազդեցությամբ՝ սխալ բանավոր խոսքը մտնի գրական լեզու»:
Անահիտ Հակոբյանն ասում է, որ բոլոր դեպքերում օգտվում է միմիայն հայերեն տառերից՝ թե՛ սոցցանցերում շփման, թե՛ հեռախոսով պարզապես հաղորդագրություն գրելու դեպքում:
Լաուրա Մարտիրոսյանը ևս հայատառ գրողների շարքին է դասվում և պնդում է, որ երբեմն-երբեմն տեխնիկական խնդիրների պատճառով լատինատառ գրելով՝ իր մոտ լատինատառ լեզվամտածողություն չի կարող առաջանալ, հակառակը, երբ պիտի լատինատառ գրի, հայերեն կոճակներն է սեղմում բնազդաբար:
Այնուաամենայնիվ, Անժելա Դանիելյանը, առկա խնդրին առաջարկում է իր լուծումները. «Քանի որ ամեն ինչ սկսում է դպրոցից, հենց դպրոցում երեխաների մեջ խորացնել հայոց լեզուն՝ կետադրական և ուղղագրական բոլոր նրբություններով, երեխաներից երբեմն-երբեմն հանձնարարությունները պահանջել համակարգչով հայատառ հավաքած, տպած՝ փոքրուց ձևավորելով տեքստերը հայատառ հավաքելու սովորույթը, ինչպես նաև աշխատել նախապատվությունը տալ այն հեռախոսներին, համակարգիչներին, որոնցով հայատառ գրելը հասանելի ու մատչելի է»:
Աննա Գրիգորյան, 3-րդ կուրս