Ջեմմա տատն ու իր պատրաստած քալագյոշը

Ջեմմա տատն ու իր պատրաստած քալագյոշը

1315

Երբևէ լսել եք քալագյոշ կոչվող ուտեստի մասին: Շատերին անծանոթ, իսկ շատերի ընտանիքներում էլ ավանդական կերակուր դարձած այս ուտեստին լավ ծանոթ են վայոցձորցիները: Վայոց ձորի բնակիչների մեծ մասը եկել են Վանից և դրան հարակից շրգաններից, իսկ Քալագյոշը հնում հորինել ու կերել են վանեցիները:  Այն անվանել են նաև «Ընտանեկան ուտեստ», որովհետև պատրաստում էին հիմնականում այն ժամանակ երբ ընտանիքի բոլոր անդամները իրար գլուխ էին հավաքվում: Ուտեստը պատրաստում է հիմնականում տան մեծը:

Ջեմմա տատը, ով նույնպես Վայոց ձորից է, Քալագյոշ պատրաստելը սովորել է իր մայրիկից: Ջեմմա տատի ծնողները եկել են Վանից: Նրա մայրը հեքիմ է եղել և տան պայմաններում բուժել տարբեր հիվանդություններ: Ասում են, որ հենց Ջեմմա տատի ծնվելուց էլ նրա առջև սպիտակ շորերով մի մարդ է հայտնվել և նրան տվել այդ շնորհքը:               

Ովքեր ճանաչում են նրան, գիտեն նրա ձեռքի պատրաստածի տարբերվող համը: Իսկ թե ինչ սիրով և գեղեցիկ է այն մատուցում, դժվար է բառերով ասել: Ասում են՝ Ջեմմա տատը շատ համեղ է պատրաստում, և իր պատրաստած Քալագյոշը լրիվ այլ համի է լինում, իսկ թե ինչ է ավելացնում դրան, որ տարբերվում է, գաղտնի է պահում բոլորից: Քալագյոշի համն ու հոտը յուրահատուկ են դարձնում իր մեջ պարունակող կանաչիների տեսականին: Դրա պատրաստման համար կա հատուկ կանաչի, որին Ջեմմա տատը հենց  Քալագյոշի կանաչի էլ անվանում է: Եվ իհարկե՝ նախօրոք պատրաստած և չորացրած չորաթանը, որը գլխավոր բաղադրիչն է: Քալագյոշի պատրաստման աշխատանքները սկսում են դրան նախորդող գիշերվանից, նախապես ջրի մեջ տեղափոխելով չորաթանը (չորացրած թանից գնդիկներ): Հաջորդ առավոտ այն մի լավ տրորում են, ավելացնում  ոսպն ու կանաչին և եփում: Բայց սա ամենը չէ, հետո առանձին սոխեռա (սոխառած) են պատրաստում պարտադիր ղավուրմայի մսով (տնայնագործական եղանակով պահածոյացված միս): Իսկ պատրաստ լինելուց հետո չորաթանի մեջ բրդում են լավաշը, ավելացնում սեխեռան և վայելում: Ջեմմա տատի խոսքով՝ այս կերակուրը այն ժամանակ կերել են հիմնականում ամռանը, որովհետև այն իր մեջ թան է պարունակում, իսկ թանը զովացնում էր մարդկանց:

Շատերը քալագյոշին ծանոթ են «պսկաթան» անվամբ, դե դա էլ պայմանավորված է մեր գեղեցիկ և տարբերվող բարբառներով:  Ջեմմա տատը մի քանի անգամ այս ուտեստը պատրաստել է նաև զբոսաշրջիկների համար, օտարազգիներն այն շատ են հավանել, այնքան, որ իրենց հետ տարել են բաղադրատոմս իրենց հարազատներին հյուրասիրելու համար:              

Ջեմմա տատը ոչ միայն լավ պատրաստում է, նա նաև շատ լավ մայր և տատ է իր երեխաների և թոռների համար: Երբ նույնիսկ սոված չես, հերիք է նա մի բան դնի սեղանին և միանգամից ցանկություն է առաջանում ուտելու:  Նա երբեք չի սիրում պարտքի տակ մնալ, և եթե նրան մի բան ես տալիս, նա կրկնակին քեզ հետ է վերադարձնում: Իսկ պատրաստածը ճաշակելուց հետո էլ այնքան ես ջերմանում և հավանում, որ դժվար է դառնում հեռանալը:

Սիրուշ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել