Մարիամը ընտրեց վրձինը ու գույները

Մարիամը ընտրեց վրձինը ու գույները

1718

Նկարչուհի Մարիամ Թերզյանը փոքր տարիքից սիրել է նկարել:

«Նկարչության խմբակում մի նկար էի նկարել, որը շատ էր հավանել նկարչության ուսուցիչը։ Ծնողներիս ասել էր՝ պետք է անպայման շարունակեմ նկարել և դառնամ նկարչուհի։ Հետո այնպես ստացվեց, որ չգնացի նկարչության դասերի, բայց միշտ նկարում էի։ Այդ ընթացքում նաև երաժշտական դպրոց էի հաճախում՝ դաշնամուրի բաժին։ Մասնագիտություն ընտրելուց տատանվում էի դաշնակահարուհու և նկարչուհու միջև, բայց ընտրեցի նկարչությունը»,- անկեղծանում է Մարիամը։

Ուսուցչի խորհրդին և նկարչության հանդեպ իր սիրուն հետևելով ՝ 2005թ.֊ին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ձևավորման բաժին, ապա  Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժին։

«Սկզբում ջրաներկով նկարում էի թղթի վրա, հետո, հետաքրքրությունից ելնելով, սկսեցի նկարել փայտե թևնոցների, զարդատուփերի, կավի և կտորի վրա, բայց չմաքրվող նյութով ՝ ակրիլով։ Փայտագործից գնում եմ զարդը, մատիտով կոմպոզիցիան նկարելուց հետո ակրիլով գունազարդում։  Սկզբում նվիրում էի, հետո զգացի, որ մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում, և պահանջարկ կա, սկսեցի վաճառել։ Ամեն անգամ նոր պատկերներ եմ նկարում, աշխատում եմ, որ օրինակները չկրկնվեն»,-պատմում է Մարիամը։

Մարիամի աշխատանքներում ամենից շատ գերակշռում են Հայաստանի դրոշի գույները և հայկական պատկերները: Նպատակը մեկն է ՝ պահպանել հայկական մշակույթը, ոճը։ Ոգեշնչվում է բնությունից։ Ասում է ՝ տրամադրությունն ու մարդիկ էլ են մեծ դեր խաղում։ Նաև շատ է նկարում արև ու լուսին։ Նկարները միշտ չէ, որ վերնագրում է , ասում է ՝ վերնագիրը պետք է ճիշտ ու  տեղին լինի։

«Այս նկարը նկարել եմ արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Ամուսինս պատերազմում էր, վախ ու տագնապ էի զգում, այդ ապրումներով էլ նկարել եմ: Վախի զգացումս արտահայտվել է հրեշտակի տագնապալի դեմքի, արևի խավարման միջոցով։ Վերնագրել եմ «Մոտալուտ արհավիրք»,-պատմում է նա։

Մարիամը շատ է մասնկացել խմբային ցուցահանդեսների, բայց անհատականը դեռ չի ունեցել, հուսով է, որ ապագայում կունենա։ Կան նկարներ, որոնք չի վաճառելու,  ասում է ՝ նկարելու ընթացքում կապվում է նկարի հետ,  դժվար է հրաժարվելը։

«Հիմա չեմ կարողանում կտավի վրա շատ նկարել, արվեստանոցի բացակայությունն է պատճառը։  Շատ եմ ցանկանում ունենալ արվեստանոց, հույս ունեմ, որ ապագայում կունենամ»։

Տաթև Նաջարյան

2-րդ կուրս

Կիսվել