Ասեկոսեների ուժն ու ազդեցությունը

Ասեկոսեների ուժն ու ազդեցությունը

1192

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ համացանցում տարածվում էին ասեկոսեներ, որոնց մի մասի հավաստիությունը հետագայում հաստատվում էր, մի մասինը՝ ոչ:

Հայաստանյան մեդիաոլորտում կան լրատվամիջոցներ, որոնք ասեկոսեների համար ունեն ենթաբաժին, որտեղ ներառում են չճշտված, չմեկնաբանված, բայց հանրության շրջանում լայն տարածում գտած խոսակցություններն ու տեղեկությունները։ Կա նաեւ այդպիսի լրատվակայք:

Մեդիայում տեղ գտած ասեկոսեներն ու չճշտված տեղեկությունները, ինչպես ցույց են տալիս մոտ 80 հոգու շրջանում մեր կատարած հարցման արդյունքները, հայաստանյան հասարակության մեծ մասը, նորության բնույթից կախված, կարդում է։ Սակայն նույն հարցման արդյունքները ցույց էին տալիս նաեւ, որ մարդկանց մեծամասնությունը չի հավատում լրատվամիջոցներում տեղ գտած ասեկոսեներին, որովհետեւ հաճախ չի համոզվում դրանց հավաստի լինելու մեջ։

Պատերազմի ժամանակ մարդկանց շրջանում, հետո նաեւ  լրատվամիջոցներում տարածվում էին նաեւ «հաճելի» ասեկոսեներ, որոշ դեպքերում անգամ լուրեր, որոնք սուտ էին։ Հարցվածների մի զգալի մասը, սակայն, կարծում է, որ կեղծ տեղեկությունները երբեք ցանկալի չեն, իսկ մի զգալի մաս էլ կարծում է, որ դա կախված է տեղեկատվության բնույթից։

Բամբասանքներն ազդում են մարդկանց հոգեբանության վրա նաեւ խաղաղ ժամանակ։ 2015 թվականին  Social Psych Online կայքը հրապարակել է  հետազոտություն՝ առանձնացնելով ասեկոսեների տարածման 6 պատճառ։ Այստեղ կետերով նշված են շարժառիթները, որոնց դեպքերում մարդիկ ստեղծում  ու տարածվում են դրանք.

  1. Տիրող անորոշությունը երեւույթի/ անձի վերաբերյալ
  2. Ինչ-որ երեւույթի/անձի հետ կապվող անհանգստությունը
  3. Տեղեկության կարեւոր լինելու հանգամանքը
  4. Տեղեկության հանդեպ հավատը
  5. Սեփական կերպար ձեւավորելու ցանկությունը
  6. Սեփական սոցիալական դիրքի ձեւավորման համար։

Կայքն այս կետերից յուրաքանչյուրի համար առանձնացրել է իր մեկնաբանությունն ու սեփական փորձաքննության արդյունքները։

Ասեկոսեների ազդեցության մասին խոսելիս հայկական հոգեվերլուծական ասոցացիայի տնօրեն, հոգեբան, հոգեվերլուծության թեկանածու Արթուր Տոնոյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց Զիգմունդ Ֆրոյդի աշխատությունը՝ «Զանգվածների հոգեբանություն և մարդկային «ես»-ի վերլուծություն» («Психология масс и анализ человеческого Я»). «Այստեղ խոսվում է ամբոխում մարդկանց վարքի եւ ապանձնայնացման մասին։  Նշվում է, որ ամբոխում  անձը կորցնում է կոգնիտիվ վերահսկողությունը հույզերի նկատմամբ եւ առաջնորդվում է արտաքին գործոններով: Կարող ենք ասել, որ ասեկոսեների ու բամբասանքների հիմնական ազդեցությունը տարածվում է նաեւ այս տրամաբանությամբ. ներազդել մարդու վարքագծի վրա՝ օգտագործելով ամբոխին հեշտ կառավարելու մեթոդը»։

Հոգեբան, դասախոս Քրիստինե Պետրոսյանի մեկնաբանմամբ՝ ոչ միայն պատերազմի ընթացքում, այլեւ ցանկացած արտակարգ իրավիճակում, երբ տեղի է ունենում երեւույթ, որը մեզ համար անսպասելի է ու ոչ սովորական, մենք անմիջապես առաջին լուրերին կամա թե ակամա ուշադրություն ենք դարձնում. «Երեւույթի պատճառով մենք կարող ենք գտնվել սթրեսային վիճակում, եւ լսելով նորությունը, որ վերաբերում է տվյալ աղետին, մենք այն անմիջապես ընդունում ենք»։

Մասնագետի պնդմամբ՝ պատերազմական իրավիճակում մարդկանց մոտ նկատելի է եղել շոկային իրավիճակ, որը հոգեբանության մեջ դեռեւս լավ ուսումնասիրված չէ։ Նրա խոսքերով՝ պատերազմական ու հետպատերազմյան իրավիճակները ամենաբարդ հոգեբանական բնութագիրն են ունենում հոգեբանության մեջ, ու մինչեւ անգամ  կարող ենք բախվել կանտուզիային։ Իրավիճակն ազդում է նաև տեղեկատվության նկատմամբ հետաքրքրության վրա․ «Ազդեցությունը լինում է այն հետաքրքրությունն այդքան սպասելի լուրի նկատմամբ, որը  լսում ենք արտաքին միջավայրից։ Այդ լուրերն անմիջական ազդեցություն են ունենում, ու կապ չունի՝  դրանց հավատում ենք, թե ոչ։ Դրանք մեխանիկորեն մեր գիտակցության դաշտ են մտնում, ու մենք դրանց մասին սկսում եք մտածել»։

Ոչ միայն թիկունքում գտնվողների, այլեւ հենց առաջնագծում ծառայող զինվորների վրա ասեկոսեների ազդեցությունն ահռելի է եղել։ Այդ օրերին զինծառայողների հետ աշխատանքներ իրականցրած հոգեբան Արթուր Տոնոյանի վկայությամբ՝ ասեկոսները զորքի մոտ եւս քաոս ու խառնաշփոթ են առաջացրել, գցել նրանց անորոշության մեջ։

Այսպիսով ՝ հոգեբանների հետ զրույցի վերլուծության արդյունքում առանձնացրել ենք մի քանի հիմնական պատճառներ, որոնք առհասարակ բնորոշ են ասեկոսեների տարածմանը՝ անկախ պատերազմական իրավիճակից․

  1. Հասարակության տարբեր շերտերում նորությունների պակաս։

Մասնագետների մեկնաբանմամբ՝ այս խնդրին, մանավանդ Հայաստանում, շատ հաճախ կարելի է բախվել, որովհետեւ տարբեր ոլորտներում կան բացթողումներ, հետեւաբար եւ այդ ոլորտներում տարվող աշխատանքները թերի են լուսաբանվում, ինչն էլ իր հերթին բամբասանքների առիթ է։

  • Լինում է ինչպես պետական մարմինների, այնպես էլ հայտնի մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների պակաս։ Սակայն այս դեպքում պետք է հաշվի առնել, որ գործ ունենք մարդու անձնական տվյալների հետ։ Մեր հասարակության որոշ շերտերին հետաքրքիր են այս կամ այն հայտնի մարդու կողակցի անունը, քաղաքական հայացքները, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքները։ Դրանց վերաբերյալ մեծ հետաքրքրությունն ու այդ մասին բավարար տեղեկացված չլինելը  տեղիք են տալիս բամբասանքների ծագման։
  • Տարիքային ճգնաժամի ․ փորձագիտական վերլուծությունն ասում է, որ սա հիմնականում  բնորոշ է լինում ծերերին ու կապված է լինում ծերության ճգնաժամի հետ։ Մարդիկ վերլուծում են իրենց ապրածը և դիմացինի վարքը դիտարկելով կամ որեւէ երեւույթ քննարկելով՝ ինքնամփոփությունից են դուրս գալիս։ Այս մեխանիզմի միջոցով նրանք նաեւ փորձում են իրենց առավել ուժեղ զգալ։
  • Ինքնադրսեւրվելու համար։ Բամբասում են նաեւ դեռահասները, պատանիները, որոնք, իրենց տարիքային ճգնաժամի հետ կապված, ինքնահաստատաման խնդիր ունեն։

Մեր զրուցակիցներն արձանագրեցին, որ որ  մեդիադաշտում տարածվող ասեկոսեները, լինեն դրանք ճշմարիտ, թե ոչ, միեւնույն է, կլանում են մեր ուշադրությունը եւ անմիջական ներազդեցություն են ունենում մեր ենթագիտակցության եւ ներաշխարհի վրա։

Սեդա Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել