Արձագանքներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

Արձագանքներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ

633

Վերջերս «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկել են նախագիծ   «Զանգվածային լրատվության մասին» օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին, մասնավորապես օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն`  կհստակեցվեն մի շարք հասկացություններ, այդ թվում՝ անանուն աղբյուրը։ Նախատեսվում է  «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որտեղ սահմանված են հիմնական հասկացությունները, ավելացնել 5-րդ կետ եւ սահմանել անանուն աղբյուր հասկացությունը, այն է՝ համացանցում գրանցված դոմեն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի օգտահաշիվ կամ համացանցային կայքի ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասել է․«Զանգվածային լրատվության միջոցները տարածում և գովազդում են այնպիսի աղբյուրներ, որոնց կառավարման և ստեղծման նպատակների մասին որևէ մեկը ոչինչ չգիտի: Իրական լրատվամիջոցների կողմից գովազդվում են կամ տարածվում են այնպիսի տելեգրամյան ալիքների և ֆեյսբուքյան էջերի տեղեկությունները, որոնք հնարավոր չէ նույնականացնել»: 

Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատգամավորն այս հարցում ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ ռիսկեր է տեսնում, որովհետև շատ հնարավոր է, որ այդ աղբյուրները բացվել են հակառակորդ երկրի կողմից, որոնք տարածում են տեղեկություններ՝ երկրում անկայունություն, վախի մթնոլորտ ստեղծելու և մի շարք այլ նպատակներով:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի եւ հաղորդակցության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վարդուհի Պետրոսյանը կարծում է, որ այս նախաձեռնությունն ակտուալ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվության արագ տարածման արդյունքում նոր մարտահրավերներին (ապատեղեկատվություն, կեղծ լուրերի տարածման վտանգ) համաչափ արձագանքելու առաջնահերթություններն են ճիշտ, արդյունավետ գործիքակազմերի կիրառումը, ինստիտուցիոնալ փոփոխությունները, օրենսդրության բարելավումը։ 

Սակայն Վարդուհի Պետրոսյանը նշում է նաև, որ «անանուն աղբյուրներ» եզրույթը կարող է կասկածի տակ դնել լրատվամիջոցների՝ խոսքի ազատության իրավունքի իրացման իրավաչափությունը. «Նախագծում «անանուն աղբյուրներ» առանցքային եզրույթը տարընթերցման տեղիք է տալիս՝ այդպիսով իսկ կասկածի տակ դնելով լրատվամիջոցների՝ խոսքի ազատության իրավունքի իրացման իրավաչափությունը, ինչպես նաև լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրի պաշտպանությունը։ Նախագծում նույն հասկացության համար տարբեր եզրույթների միաժամանակյա կիրառումը հետագայում խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն եզրույթների ճիշտ կիրառման տեսնակյունից, այլև իրավակիրառ պրակտիկայում»։
Վարդուհի Պետրոսյանը նաև ավելացրեց, որ չնայած միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ անանուն աղբյուրների հաճախակի օգտագործումը լսարանի մոտ անվստահության մթնոլորտ կարող է ձևավորել, սակայն առանձին դեպքերում, հանրային գերակա շահով պայմանավորված, անանուն աղբյուրների տրամադրած տեղեկությունները կարող են արժեքավոր լինել։ Եվ ըստ նրա՝ եզրույթի հստակեցման, դրա ճիշտ մեկնաբանման կարիք կա։

ԵՊՀ դասախոս, փաստերի ստուգման մասնագետ Հարություն Ծատրյանն անընդունելի է համարում այս լուծումը` նշելով, որ այս կերպ լրատվամիջոցին պարտադրում են հղում կատարել այս կամ այն աղբյուրին, մինչդեռ լրատվամիջոցը պիտի լինի ազատ՝ կայացնելու այդպիսի որոշում․ «Նախ՝ նախագծի խնդրի հիմնավորումը և ներկայացված լուծումները չունեն ուղիղ իմաստային փոխկապակցվածություն։ Երկրորդ՝ այսօր անանուն աղբյուրը, իսկ վաղը՝ արհեստական բանականությունը կարող են խնդիրներ ստեղծել, եթե երկարաժամկետ չեն մտածում՝ օրինակ՝ կրթելով մեդիագրագետ հանրություն»:

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել