Էթիկական նորմերի պահպանումը՝ արդյունավետ աշխատանքի գրավական

Էթիկական նորմերի պահպանումը՝ արդյունավետ աշխատանքի գրավական

923

Ռազմական և արտակարգ իրավիճակներում նույնքան կարեւոր է լրագրողի էթիկական նորմերի պահպանումը, որքան զինվորինը՝ մարտի դաշտում, փրկարարինը՝ հրդեհի մարման ընթացքում։ Առաջին հայացքից թվում է՝ կանոնները պարզ են, իսկ իրականում դրանց պահպանումը բավականին ժամանակատար աշխատանք է։ Լրագրողները միշտ ձգտում են օպերատիվ աշխատել, առաջինը լուրը հայտնելու ցանկությունը հաճախ պատճառ է դառնում սխալվելու եւ նորմերը չպահպանելու։ Ցավոք, ներկայումս Հայաստանյան լրատվամիջոցներում նման օրինակները բազմաթիվ են։

Լրագրողները հաճախ անունները ներկայացնում են ամբողջությամբ, հրապարակում են լուսանկարներ՝ առանց արյունոտ հատվածները կամ դեմքը ծածկելու, զրուցում են տուժածների հետ եւ վիճակը վատթարացնող հարցադրումներ են անում։ Մարտական գործողությունների լուսաբանման ընթացքում տեղանքի անուններ են նշում, թվաքանակ և ռազմական մի շարք գաղտնիքներ են բացահայտում։

Նման իրողություններից խուսափելու լավագույն տարբերակը լրագրողի էթիկական նորմերին ծանոթանալն է և գործնականորեն կիրառելը։ Լրագրության ոլորտում կան սկզբունքներ, որոնք, անկախ իրավիճակից, չի կարելի ոտնահարել. Հետեւանքները անդառնալի կարող են լինել։

Լրագրողների համար կազմված ուղեցույց-ձեռնարկը մշտապես պետք է պահպանվի յուրաքանչյուր լրագրողի նոթատետրում կամ կարեւոր ֆայլերի շարքում։

Ուղեցույցը հստակեցնում է ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ զանգվածային լրատվության միջոցների աշխատանքը: Այն ներառում է լրագրողների անվտանգության ապահովման կանոնների պահպանում, միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքներ և կարգավորում, դրանց հետ առնչվող հարաբերություններ: Ուղեցույցը միտված է՝ ճգնաժամային իրավիճակներում և մարտական գործողությունների ժամանակ օգնել լրատվամիջոցներին առավել անվտանգ և ճիշտ լուսաբանել մարտական գործողություններ։


Այն մասին թե ինչպես պետք է պատրաստվել լուսաբանմանը

Կան մի շարք կետեր, որոնց պետք է հետեւել մարտական գործողություններ լուսաբանելու մեկնելիս։ Օրինակ՝ ունենալ տարողունակ ուսապարկ, առաջին անհրաժեշտության դեղորայք, չոր սնունդ, հիգիենայի պարագաներ (ատամի մածուկ, խոզանակ) ջուր, սմարթֆոն՝ լուսանկարների համար, քնապարկ, լուսարձակ, նոթբուք, նոթատետր, մարտկոց, տեղանքի քարտեզը, գիշերակացի հասցե, ինչպես նաեւ փաստաթղթեր։ Ցանկալի չէ հաճախակի խոսել բջջայինով։

Նախապատրաստական աշխատանքները՝ որպես լավագույն արդյունք

Առաջին հայացքից պարզ է թվում՝ իմանալ արտակարգ իրավիճակի մասին, լսել հասցեն և ուղեւորվել։ Բայց իրականում այն մեծ նախապատրաստական աշխատանք է ենթադրում իրենից։ Պետք է գիտակցել, որ հնարավորությունները սահմանափակ են լինելու։

Ինչից՞ սկսել։ Նախ պետք է ուսումնասիրել տեղանքի քարտեզը, ծանոթանալ պատմությանը։ Եթե նման հնարավորություն չկա, ապա կարելի է խոսել տեղանքին ծանոթ ընկերոջ կամ այլ ծանոթի հետ։ Կարելի է որոնել եւ գտնել վերջին հրապարակումները տեղանքի մասին։

Կարեւոր է անհրաժեշտ փաստաթղթեր եւ հեռախոսահամարներ ձեռք բերելը։ Կարելի է նաեւ գտնել տեղանքին լավ ծանոթ մեկին, տեղացի, ով կլինի վստահելի ու հաճույքով կուղեկցի։

Կապի խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ստուգել կապի որակը։ Պետք է նաեւ չմոռանալ փաստաթղթերի, մասնավորապես՝ լրագրողի վկայականի մասին։

Արտաքին տեսքը

Լրագրողը պետք է մեծ տեղ հատկացնի հարմարավետությանը։ Կրի մուգ գույնի հագուստ՝ PRESS մակագրությամբ։ Պետք է կրել ձեռնոցներ։ Կին լրագրողները չպետք է շպարվեն, պետք է կրեն փակ եւ լայն հագուստ։

Մեծ ուշադրություն պետք է դարձնել կոշիկներին։ Դրանք պետք է լինել հարմարավետ, տաք եւ դիմացկուն։

Այն մասին, թե ի՞նչ չի կարելի անել մարտական գործողությունների լուսաբանման գնալիս

Պետք է զգուշանալ, հասկանալ, որ տեղանքը ապահով չէ։ Քայլելիս ոտքերի տակ նայել։ Քանի որ ականապատ դաշտերում կողմնորոշվելը դժվար է՝ ցանկալի է ասֆալտապատ տարածքներով քայլել։ Արագ կողմնորոշվել, կրակի դեպքում՝ թաքնվել ապաստարանում։

Լիանա Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել