Կեղծ լուրերը՝ ազգային անվտանգության սպառնալիք՝ պատերազմի և համաճարակի ընթացքում դրանց դրսևորման օրինակով

Կեղծ լուրերը՝ ազգային անվտանգության սպառնալիք՝ պատերազմի և համաճարակի ընթացքում դրանց դրսևորման օրինակով

1079

Ըստ ռուս գրող, հրապարակախոս Միխայիլ Նազարովի ուսումնասիրությունների՝ կեղծ լուրերի անընդհատ զարգացումը խթանող պատճառներից մեկը համացանցն է: Սա նույն փոստն է, որը գոյություն չի ունեցել հիսուն տարի առաջ: Ժամանակակից ԶԼՄ-ների բնութագրական առանձնահատկություններից է նաև տեղեկատվության զգալի զանգվածների կուտակումը։ Եթե ​​ավելի վաղ ավանդական լրատվամիջոցները հանդես էին գալիս որպես տեղեկատվության վերահսկող՝ տիրապետելով բացառիկ ռեսուրսների, ապա նոր մեդիան դիտողին հնարավորություն է տալիս կարճ ժամանակում անդրադառնալ մոռացության մատնված իրադարձություններին: Նրա կարծիքով՝ այս փաստը էական դրդապատճառ է ռազմական բախումների, նախընտրական արշավների, լիազորությունների չարաշահումների և այլնի ուսումնասիրման համար:

Կեղծ լուրեր ասվածը ենթադրում է փաստի և մեկնաբանության հստակ տարանջատում, բայց երբ իրավիճակը չսահմանված է, չճշգրտված և դինամիկ զարգացող, ստացվում է, որ ճշգրտության սահմանն էլ է կորչում: Բացի այդ, երբ լուրը, որը հավաստի է թվում, անընդհատ շրջանառվում է, չենք կարողանում հասկանալ՝ որտեղ է ավարտվում փաստը, և որտեղ է սկսվում մեկնաբանությունը: Այս իրավիճակին մենք բախվեցինք և՛ համաճարակի, և՛ պատերազմի օրերին: Սրանք 2020 թվականի ամենամեծ երկու իրադարձություններն էին, որոնք բազմաթիվ տեղեկատվական արշավների առիթ տվեցին: 

Ընդհանրապես, տեղեկատվության պակասի պատճառով մարդիկ հակված են հավատալ ցանկացած նորության: Այդ պատճառով հատկապես շատ կեղծիքներ հայտնվում են համաճարակների, ռազմական բախումների ժամանակ՝ ահաբեկչություններից կամ այլ արտակարգ իրավիճակներից անմիջապես հետո:

Սա ապացուցեցին կորոնավիրուսային համավարակը և արցախյան երկրորդ պատերազմը, որոնք նպաստեցին կեղծ թեզերի շրջանառմանը սոցցանցերում և լրատվամիջոցներում։ Եվ կարող ենք փաստել, որ տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։

Կեղծ լուրերի քննությունը, սակայն, բարդանում է նրանով, որ պատերազմական իրավիճակում՝ տեղեկությունների գաղտնիությունը, իսկ համաճարակի պայմաններում՝ իրավիճակի անորոշությունը պաշտոնական լրահոսը հաճախ կարծես մոտեցրին կեղծ լուրերին։

Մեկ այլ խնդիր ևս կար. տեղեկատվությունն այնքան շատ էր ու այնքան իրարամերժ, որ հասարակությունը շատ դեպքերում կորցնում էր ունակությունը ստուգելու, և, բնականաբար, հետևանքները լինում էին շատ բազմակողմանի:

Ինչպես գիտենք, այսօր, երբ աշխարհը բախվում է աննախադեպ համաճարակի, երբ այդքան շատ բան դեռ հայտնի չէ, երբ իրավիճակը գրեթե ամեն օր փոխվում է, բնական է, որ մարդիկ ամեն տեղ տեղեկատվություն են փնտրում և հաճախ դառնում են չճշտված լուրերի կամ ապատեղեկատվության զոհ:

Հաճախ ասում են, որ անհրաժեշտ է կրթել բնակչությանը:  Շատ երկրներում մարդիկ չեն վստահում կառավարությանը և չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը: Մյուս կողմից, բարձր վարկանիշների ձգտելով, լրատվամիջոցները երբեմն սրում են իրավիճակը, տրամադրում թերի կամ կեղծ տեղեկատվություն:

 «COVID-19-ը կենսաբանական զենքի փորձարկում է»: «Օղին օգնում է կորոնավիրուսի դեմ»: «Ամառը կգա, եւ վիրուսը կմեռնի»: Համաճարակի առաջին իսկ օրվանից համացանցը, մասնավորապես Ֆեյսբուք սոցիալական ցանցը, ողողված էր նմանատիպ տեսություններով: Եվ նույնիսկ հարգված լրատվամիջոցները հաճախ խեղաթյուրում էին տեղեկատվությունը կամ դրանք հանում համատեքստից:

Ինչպես Սամվել Մարտիրոսյանն է նշել իր հարցազրույցներից մեկում՝ «հայ հասարակությունն առայժմ չի սովորել տարբերել ֆեյք նորությունն իրականից։ Մարդիկ ամեն տեսակ հիմարություն կարդում են, սեղմում յուրաքանչյուր աղմկահարույց վերնագրի վրա, որը տեսնում են Facebook-ում»:

Ֆեյսբուքում տարածված կեղծ լուրերը բազմաբովանդակ էին՝ սկսած կորոնավիրուսով արտերկրից ներկրված բանանների միջոցով վարակվելուց, վերջացրած ԱՄՆ-ում ձերբակալված՝ Չինաստանի համար COVID-19-ը ստեղծող գիտնականի, կորոնավիրուսի՝ նոր կենսաբանական զենք լինելու վերաբերյալ նորություններով: Ապատեղեկատվությունը նոր կորոնավիրուսի մասին տարածվում էր վիրուսից արագ։ Անհիմն և անապացուցելի տեղեկությունները վիրուսի ծագման, վարակակիր և մահացած մարդկանց թվաքանակի և հիվանդության կախարդական բուժման մասին ողողված էին ողջ համացանցով։

Օրինակ՝ հունվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Ֆեյսբուքում աննախադեպ տարածում գտավ տեսակետը, թե «2019-nCoV» վիրուսը օձերի և չղջիկների վիրուսների հիբրիդ է։ Այս տեղեկությունը հայտնվեց նաև հայկական մամուլում։ Լրատվականները, սակայն, չէին հայտնում ինֆորմացիայի աղբյուրը։ Տեղեկատվության ստուգման կենտրոնին հուզում էր այն խնդիրը, որ օգտագործվում էր միայն հին ու բարի «գիտնականների ուսումնասիրությամբ», «գիտնականների պնդմամբ» եզրույթը։

Վիրուսի՝ օձի և չղջիկի հիբրիդ լինելու վարկածից հետո՝ սոցիալական ցանցերը լի էին քննադատություններով՝ ուղղված չինացիների սննդակերպին։ Այդ օրերին համացանցում սկսեց շրջանառվել մի քանի տարվա վաղեմության տեսանյութ, որտեղ մի չինուհի համտեսում է եփված չղջիկ՝ նշելով, որ այն հավի մսի համ ունի։ Մարդիկ գրում էին, որ չնայած վիրուսային համաճարակին՝ Ուհանում շարունակում են չպահպանել սննդակարգը։

Այդ տեսանյութը, սակայն, արվել էր ոչ թե Ուհանում կամ Չնաստանում, այլ խաղաղօվկիանյան Պալաու կղզի-պետությունում՝ 2016 թվականին։

Սակայն, կարելի է ասել, որ այդ օրերին ամենամեծ աղմուկ հանած կեղծ գրառումը ֆեյսբուքյան մի օգտատիրոջ գրառում էր, ով գրել էր, թե կորոնավիրուսը արտոնագրված է, իսկ դրա պատվաստանյութը՝ արդեն իսկ ստեղծված։ Նրա կարծիքով՝ ԶԼՄ-ների միջոցով տարածվում է վիրուսի մասին լուրը, որպեսզի մարդիկ ահաբեկվեն և գուրմարներ ծախսեն՝ դեղամիջոցների գնման համար: Այն լայն տարածում գտավ և՛ լրատվամիջոցներում, և՛ սոցիալական ցանցերում։ Եղան նաև այլ հրապարակումներ, որոնք հեգնում և կասկածի տակ էին դնում կորոնավիրուսի գոյությունը:

Ըստ Տեղեկատվության ստուգման կենտրոնի՝ պնդումը, թե վիրուսի կամ «վիրուսի մասին լեգենդի» տարածումը հատուկ է արվում՝ դեղամիջոցների մասսայական վաճառքի համար, դավադրության տեսությունների շարքին է դասվում։ Պետք է փաստել, որ օգտատիրոջ գրառումից կարճ ժամանակ անց Չինաստանի իշխանությունը հայտարարեց վիրուսի բռնկման կենտրոնի՝ Ուհան քաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին:

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մեկնարկած պատերազմի ողջ ընթացքում մեկը մյուսի հետևից կեղծ տեղեկություններ էին շրջանառվում սոցիալական մեդիայում՝ մասնավորապես Ֆեյսբուքում: Դրանք չունեին ո՛չ հստակ բովանդակություն, ո՛չ պաշտոնական տեղեկություն: Դրա փոխարեն ունեին կեղծ, մանիպուլացիոն և ցիտած վերնագրեր: Դրանց մի մասը հայտնվում էր նաև մեր լրատվամիջոցներում, և, իհարկե, Ֆեյսբուքում, մի մասն էլ նախատեսված էր հենց իրենց լսարանի համար:

Ադրբեջանական քարոզչական պատերազմը սկսվել էր մինչև էսկալացիա: Ադրբեջանական կողմը, ի թիվս այլ միջոցների, օգտագործում էր ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ, որոնք ստեղծվել կամ ակտիվացվել էին պատերազմը սկսվելուց մի քանի շաբաթ առաջ։ Դրանց մասին գրել էր նաև media.am կայքը:

Սեպտեմբերի 24-ին տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ Արցախի ԱԱԾ-ի անունից շրջանառվող կեղծ որոշմանը։ Գրության մեջ, որը տարածվում էր մեսինջերներով, ասվում էր, որ Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Արցախի բնակչությանը պատրաստ լինել արտակարգ տարհանման


Իսկ հենց պատերազմի հաջորդ օրը Տիգրան Բալոյան անունով օգտատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել էր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որը ֆեյսբուքյան տիրույթում տարածել էին ավելի քան 4300 օգտատերեր: Ըստ հրապարակման` Ռուսաստանից գնված ռազմական տեխնիկան մեզ է հասնում Իրանի տարածքով, քանի որ Վրաստանն արգելափակել է իր տարածքով փոխադրումը, իսկ Իսրայելը Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարում Վրաստանի տարածքով:

Չնայած այն հանգամանքին, որ այս գրառումը բավականին մեծ տարածում էր գտել, այնուամենայնիվ, մինչև պաշտոնական հերքում տալը՝ օգտատերն այն արդեն ջնջել էր:


Այնուհետև, սեպտեմբերի 29-ին Ֆեյսբուքի մեսենջերի միջոցով ակտիվորեն տեղեկություն էր տարածվում այն մասին, թե կեսգիշերից մինչ ժամը 03:30 անհրաժեշտ է անջատել բոլոր տեսակի էլեկտրոնային սարքավորումները (հեռախոս, համակարգիչ և այլն), քանի որ սպասվում է շատ բարձր ճառագայթում: Գրավոր տարբերակից բացի՝ սույն տեղեկությունը տարածվում էր նաև ձայնային հաղորդագրության միջոցով: Տարածվող տեղեկությունը կեղծ էր, և էլեկտրոնային սարքավորումները անջատելու անհրաժեշտություն չկար:

«Ազատագրված տարածքներում ողջ-առողջ 100 զինվոր է գտնվել». այս էմոցիոնալ գրառումը հոկտեմբերի 20-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց «Սուր անկյուն» հաղորդման հեղինակ Վահե Ղազարյանը: Այն հայտնի սկզբնական աղբյուր չունենալով, և լինելով ոչ պաշտոնական՝ շատ արագ տարածվեց սոցիալական ցանցերում, իսկ երկու ժամ հետո խմբագրվեց։ Առանց աղբյուրի անունը նշելու՝ Վահե Ղազարյանը գրեց, որ «տեղեկատվության սկզբնաղբյուրը հեռացրել է հրապարակումը»:

Ի դեմս կեղծ և հերքված լուրերի պետք է անդրադառնալ նաև կեղծ նկարներին, որոնք շատ հաճախ օգտագործվում էին որպես էմոցիաներ առաջացնելու և մարդկանց զգացմունքների վրա ազդելու միջոց: Այդ օրերին նկարների սխալ կիրառությանը նույնպես իր վերլուծություններով անդրադառնում էր media.am կայքը:

  • Հոկտեմբերի 18-ին Չինաստանի համաշխարհային հեռուստաընկերությանցանցը (CGTN) իր Ինստագրամի և Ֆեյսբուքի էջերում հրապարակեց հայկական կողմի զոհերի հուղարկավորության կադրերը՝ ներկայացելով Գյանջայում նկարված։

Կայքի հոդվածագիրը փաստում է, որ լուսանկարների հեղինակը Ֆրանս Պրես գործակալությունից Արիս Մեսինիսն է: Նա իր անձնական էջում հրապարակման մեջ նշել էր, որ զինվորների հուղարկավորությունը, Ստեփանակերտում է։ Բացի այդ, նկարներում երևում էին Արցախի հանրապետության դրոշը և հայերեն գրություններ։

  • Գյանջայի հրթիռակոցության կադրը հոկտեմբերի 16-ին թուրքական մեդիայում ներկայացվեց Նախիջևանի հրթիռակոծության հետևանք։

  • Երկրորդ աշխարհամարտում զոհվածների վերահուղարկավորման կադրը Ադրբեջանում ներկայացվեց Ստեփանակերտի հուղարկավորություն։
  • Անչափահասների զենք բռնելու լուսանկարը ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրին իբրև ապացույց, որ հայկական կողմը պատերազմում օգտագործում է անչափահասների։

Fip.am-ի դիտարկմամբ լուսանկարը համացանցում տարածվել է առնվազն 2016-ի ապրիլին ։ Պատերազմում երեխաների մասնակցության թեմային անդրադարձավ նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ասելով, որ Ադրբեջանի նախագահի խորհրադականի տարածած կադրում երևացող տղան 16 տարեկան է, իսկ գործողությունը կատարում է իր հայրիկի հետ միասին: Բեգլարյանը պարզաբանեց, որ միջազգային իրավունքով արգելված է մինչև 15 տարեկան երեխաների մասնակցությունը ռազմական գործողություններին։

  • 2015 թվականին Սիրիայում արված լուսանկարը, որը շատ արագ տարածվեց համացանցում՝ ներկայացվում էր որպես Գյանջա քաղաքի ավերածության հետևանք ներկայացնող լուսանկար:

  • Սոցցանցերում ակտիվորեն տարածվող բժշկի և զինվորի ձեռքերի նկարները Հայաստանի և Արցախի հետ կապ չունեին։ Դրանցից մեկն արվել է 2020-ի ամռանը․ COVID-19-ի դեմ պայքարող բժշկի ձեռք է: Երկրորդը նույնպես ավելի վաղ արված լուսանկար է և ժամանակ առ ժամանակ տարբեր մեկնաբանություններով հայտնվում է ցանցում:

Նմանատիպ օրինակները շատ են: Իրարից տարբերվող մեկնաբանությունները հաճախ պրակտիկ վտանգներ էին պարունակում, որովհետև մարդիկ հրապարակում էին, օրինակ, զինվորների տվյալներ, զինվորական նշանակության օբյեկտների տվյալներ, համավարակի մասին չճշտված լուրեր և այն: Դրանք երբեմն անգիտակցաբար էին արվում, երբեմն էլ խուճապ տարածելու խնդիր ունեին:

Սրբուհի Հակոբյան

4-րդ կուրս

Կիսվել