Լրատվամիջոցները մշտապես պետք է պայքարեն իրենց հեղինակային իրավունքների վերականգման համար

Լրատվամիջոցները մշտապես պետք է պայքարեն իրենց հեղինակային իրավունքների վերականգման համար

610

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը ժամանակակից աշխարհի ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Որքան շատանում են լրատվամիջոցները, այնքան էլ ավելի պետք է ուշադիր լինել հեղինակային իրավունքի խախտման և գրագողության դեպքերին։ Ներկայիս տեղեկատվական գործընթացի ավելի ինտերակտիվ և էլեկտրոնային լինելը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Մի կողմից ցանկացած տեղեկատվության առկայությունն է, մյուս կողմից՝ տեղեկատվության անվերահսկելիությունը։ Այս գործելակերպի արդյունքում հանգել ենք մի իրավիճակի, երբ առցանց լրատվամիջոցները և սոցիալական մեդիան  ողողված են տարբեր էթիկական խախտումներով։ Հեղինակային իրավուքնի պաշտպանության և ոլորտում արդի խնդիրների վերաբերյալ զրուցել ենք Mediamax կայքի գլխավոր խմբագիր, ԵՊՀ դասախոս Դավիթ Ալավերդյանի հետ։

-Երբևիցե խախտվել է  «Mediamax» խմբագրության հեղինակային իրավունքը։ Եթե այո, ապա ի՞նչ քայլերի եք դիմել հարցը լուծելու համար։

-Այո, Mediamax-ի հեղինակային իրավունքը պարբերաբար խախտվում է, և խախտվում է ոչ միայն հեղինակային հոդվածների այլ նաև սյունակագիրների հեղինակության իրավունքը։  « Mediamax»-ը օնլայն ռեժիմով աշխատող 7 կայք ունի և բոլորից էլ գրագողության փորձեր կատարվում են։ Այս խնդրին մենք բախվում են 20 տարուց ավելի, և պետք է նշեմ, որ մենք մշտապես պայքարի մեջ ենք այս երևույթի հետ։ Ընդ որում գրագողության փորձեր արվում են և՛ տարբեր լրատվամիջոցների, և՛ նորաստեղծ կայքերի կողմից։ Այն բոլոր կայքերում, որտեղ հայտնաբերում ենք մեր հեղինակային աշխատանքները, պարտադրում ենք, որպեսզի այդ խախտումները վերացնեն և համապատասխանեցնեն ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին և հեղինակային իրավունքի պահանջներին։

-Եղե՞լ է դեպք, երբ ցանկություն ունենաք, որևէ լրատվամիջոցի դատի տալ՝ պարբերաբար  «Mediamax»-ի հեղինակային իրավունքը խախտելու համար, թե՞ փորձել եք խնդիրը շտկել գործընկերային համերաշխությամբ։

-Նման ցանկություն առաջացել է այն դեպքում, երբ Mediamax-ի հեղինակային իրավունքը խախտող լրատվամիջոցը համառություն է ցուցաբերել և չի ցանկացել հեռացնել մեր հեղինակային հոդվածները։ Ի սկզբանե նշեմ, որ մեր հեղինակային իրավունքը պաշտպանում ենք ոչ միայն մենք, այլ նաև LegalLab իրավաբանական գրասենյակը, որը բազմաթիվ լրատվական կայքերի ներկայացնում է մեր իրավունքները և իրենց պարտականությունները։

Ներկայումս կա՞ լրատվամիջոց,  որը վերցրել է Mediamax-ի հեղինակային նյութերը  առանց  հղման։  Եթե այո, ապա իրենց դիմե՞լ եք այդ հարցով ու ի՞նչ արձագանք եք ստացել։

-Ոչ, ներկայումս չկա նման լրատվամիջոց, և հուսով եմ՝ չի լինի, քանի որ նման քայլի դիմելը մեծ տուգանքների հետ է կապված։ Հաճախ են լինում դեպքեր, երբ մեր գործընկերները և մի շարք այլ կազմակերպություններ դիմում են մեզ, Mediamax-ի և՛ լուսանկարները, և՛ հեղինակային հոդվածները օգտագործելու խնդրանքով։ Ճիշտ է՝ նման խնդրանքները չենք մերժում, բայց միանշանակ պարտադրում ենք, որպեսզի հղումը անպայման լինի, որը շեշտում է՝  տվյալ արտադրանքի հեղինակության պատկանելիությունը։

-Իսկ ի՞նչ եք կարծում, հայաստանյան մեդիայում հեղինակային իրավունքի պաշտպանության դերը բարձրացնելու առումով շա՞տ անելիքներ կան:

-Հեղինակային իրավունքի ինստիտուտը հսկայական ճահիճ է, և պետք է նշեմ, որ այս ոլորտում լրատվամիջոցները, ինչպես նաև որոտը կարգավորող կազմակերպություններն իսկապես հսկայական անելիք ունեն և մշտապես պետք է պայքարեն սեփական իրավունքների համար։ Այլ է խնդիրը, երբ  մենք ներկայումս բախվում ենք այնպիսի երևույթի, որտեղ հենց իրենք՝ լրատվամիջոցներն են ոգևորված, որպեսզի իրենց նյութերը մեծ տարածում ունենան  այլ լրատվական կայքերի կողմից։ Հատկապես խոսքը վերաբերում է պատվիրված նյութերին, որոնք  տարածվում են տասնյակ լրատվական կայքերում՝ առանց հարգելու հեղինակային իրավունքը։

-Ի՞նչ եք կարծում, լրագրողների կողմից գրագողության դիմելը ամենից շատ ի՞նչով է պայմանավորված, և ի՞նչ կանխող միջողներ կառաջարկեք խնդիրը կարգավորելու համար։

-Իմ կարծիքով հիմնական պատճառը ծուլությունն է։ Եվ որպեսզի այս խնդիրները փոքր-ինչ բարելավվեն, լրատվամիջոցները պետք է աշխատանքի ընդունեն համապատասխան որակավորմամբ լրագրողների, ովքեր կարող են ստեղծել սեփական արտադրանք։

Սառա Ցականյան

4-րդ կուրս

Կիսվել