Էթնիկ փոքրամասնությունների իրավունքներ

Էթնիկ փոքրամասնությունների իրավունքներ

1082

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից մեկն են, որոնք ունեցել են հզոր պետականություն, ապա բազմաթիվ կորուստներ, սակայն այսօր չունեն անգամ սեփական պետություն: 192 տարի առաջ Ուրմիա նահանգից եկած ասորիները Հայաստանում հիմնեցին 4 գյուղ. Կոտայքի մարզի Արզնի, Արարատի մարզի Վերին Դվին և Դիմիտրով, Արմավիրի մարզի Նոր Արտագերս: Ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը: Երկու դար ապրելով հայերի կողքին՝ ասորիները պահպանել են և շարունակում են պահպանել իրենց ազգային ինքնությունը:

ՀՀ սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով կարևորվել է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման ուղղված օրենքի ընդունումը: Մասնավորապես, սահմանադրության  56-րդ հոդվածը սահմանում է, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների օրենսդրական ապահովման պահանջներն ամրագրված են բազմաթիվ միջազգային համաձայնագրերով («ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային Դաշնագրի 27-րդ հոդված», «Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ապահովման մասին» ԱՊՀ կոնվենցիա, ԵԽ շրջանակային կոնվենցիա), որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը:

Մշակույթ

Տիմոֆեյ Իվանովի ղեկավարած ասորական «Գաբարա» երիտասարդական կազմակերպության հիմնական առաքելությունը ազգային ավանդույթների պահպանումն է:

«Մեր հովանավորությամբ է գործում «Նինեվիա» համույթը և պարի այլ խմբակներ, կազմակերպում ենք ճամբարներ հայ և ասորի երեխաների համար, համագործակցում ենք տարբեր երկրների ասորական կազմակերպությունների հետ, զբաղվում ենք բարեգործությամբ: Կազմակերպում ենք Սբ. Մարեզի տոնախմբությունը, կարծում եմ՝ ազգային տոները պիտի առաջնային լինեն և հավուր պատշաճի նշվեն: Հայաստանը մեր հայրենիքն է, մենք մեզ օտար չենք զգում: Որոշակի ֆինանսական խնդիրներ ենք ունենում, սակայն դա էլ հայ և ասորի բարերարների շնորհիվ կարողանում ենք հարթել: Բայց կազմակերպության գործունեությանը ոչ ոք և ոչինչ չի խոչընդոտել, և վստահ եմ՝ այդպես էլ շարունակվելու է: Ապրում ենք  կողք կողքի ու մեկ բռունցք կարգախոսով»:

 «Մակենա» ասորական մշակութային ՀԿ-ի ղեկավար Սաշա Թամրազովի խոսքով՝ Հայաստանում կան բոլոր պայմանները ազգային ավանդույթները, երգը, պարը, տոները պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու համար:

«Մենք պետք է զգոն և հետևողական լինենք մեր մշակույթի պահպանման համար: Հայաստանում մեզ չեն խոչընդոտում, չէ՞ որ հայերը և ասորիները բախտակից ժողովուրդներ են: Եթե ասորին անգործ նստի տանը և ոչինչ չձեռնարկի ազգային ինքնությունը, ավանդույթները պահպանելու համար, հայը պիտի՞ զբաղվի դրանով, իհարկե՝ ոչ»:

Քաղաքական իրավունք    

Մինչև 2017 թվականը ասորիները պայքարում էին խորհրդարանում տեղ ունենալու և քաղաքական դաշտում ակտիվություն ձեռք բերելու համար: Ազգային փոքրամասնությունների քաղաքական իրավունքների զարգացմանը նպաստեց 2016 թվականին հունիսի 1-ից ուժի մեջ մտած Նոր ընտանեկան օրենսգիրքը (վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել համապետական ընտրական ցուցակում): 2017 թվականից ՀՀ ԱԺ-ում ասորական համայնքը ներկայացնում է «ԱԹՈՒՐ ասորական ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, պատգամավոր Արսեն Միխայլովը:

«ԱԹՈՒՐ ասորական ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն ՀՀ-ում գործում է 1994 թվականից: Արսեն Միխայլովը նշում է, որ կազմակերպությունը տարիներ շարունակ աջակցում է հայաստանաբնակ ասորիներին:

«Խորհրդարանում ձայն ունենալը արդեն իսկ մեծ հաջողություն է, մեր խնդիրները կարողացանք լսելի դարձնել, բայց մինչև օրս էլ կան խնդիրներ, որոնք օդում կախված են մնում, օրինակ՝ շատ ասորական ՀԿ-ներ գրանցված չեն, որոշ մշակութային  կազմակերպություններ էլ փակվել են ֆինանսավորում չունենալու պատճառով»:

 Կրոն     

Հայաստանի ասորական կրոնական կազմակերպության ղեկավար, Վերին Դվին համայնքի հոգևոր հովիվ Նիկադիմ Յուխանաևը խրախուսում է դպրոցներում ՀԵՊ առարկայի ուսուցանումը, սակայն նշում է, որ այս առարկայի շրջանակներում էթնիկ փոքրամասնությունների կրոնական պատկանելիությանը անդրադարձը բացակայում է:

«Առ այսօր որևէ ասորի ծնող չի բողոքել ՀԵՊ առարկայից և մեր երեխաները նույնպես սիրով անցնում են այդ դասընթացը ու օլիմպիադաներում գրավում պատվավոր տեղեր: Իհարկե, կան բաներ, որոնք պետք է ավելացվեն այդ առարկայի շրջանակներում: Օրինակ՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին ինֆորմացիան շատ սուղ է դասագրքերում: Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց կողքին ապրում և արարում են ասորիներ, եզդիներ, ռուսներ, քրդեր, հույներ, հրեաներ, լեհեր, ուկրաինացիներ, վրացիներ և այդ ազգերի կրոնական առանձնահատկությունները պետք է ներկայացվեն այդ առարկայի շրջանակներում, կամ պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի վերոնշյալ ազգերի կրոնական և մշակութային պատկերացումների մասին առանձին դասընթաց կազմակերպվի»:

Լեզու   

«Լեզվի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ: Վերին Դվին գյուղի 80%-ը ասորիներ են: Համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Լազարևան նշում է, որ դպրոցում պարտադիր ուսուցանվում է ասորերեն և ասորական գրականություն:

«Ասորական բոլոր համայնքների դպրոցներում ուսուցանվում է ասորերեն և ասորական գրականություն, մասնագետների պակաս կա միայն Նոր Արտագերս գյուղում, քանի որ ասորիները գյուղի բնակչության մոտ 20% են կազմում: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ և սիրով են սովորում մայրենի լեզուն, և դրանով իսկ նպաստում են լեզվի պահպանմանը: Դասագրքերի մեծ մասը ստանում ենք Իրանից, իսկ Իրաքից և Շվեդիայից էլ ասորական գրականություն ուղարկում են բարերարները: Ցանկալի կլիներ, որ դասագրքերը կազմվեին Հայաստանում՝ մեր մասնագետների օգնությամբ: Հայաստանում թողարկվում է նաև «Ասիրիսկիե նովոստի» ասորերեն թերթը, գիտեմ՝ որ ֆինանսական բարդություններ կան տպագրման հետ կապված»:

Մեր երկրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ պետական եւ հասարակական շրջանակներում  ընդհանուր առմամբ դրսևորվում է հանդուրժողական վերաբերմունք, և նրանք մեր երկրում չեն հանդիպում էթնիկ ծագման վրա հիմնված լուրջ խտրականությունների ու սահմանափակումների, իհարկե չհաշված կենցաղային և մասնավոր բնույթների խնդիրները:

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել