Լուսանկարում Արփինե Մաթևոսյանն է։ 2019 թվականի օգոստոս ամսից Երևանից տեղափոխվում է սահմանամերձ գյուղ ՝ ինչպես ինքն է պատմում, երազանքի հետևից։ Այժմ, վերհիշելով իր երազանքի ճանապարհը, թեթև ժպտում է՝ ասելու փոխարեն, թե ամեն բան հեշտ չտրվեց։
Արփինեն Արենի է տեղափոխվում՝ կրթելու երեխաներին և ունենալու սեփական արհեստանոց, կավագործության մասնագիտացված դասաժամեր անցկացնելու նպատակով։ Հարցին, թե ինչու է իր երազանքը կապել Արենի գյուղին, հնչում է իր համար միանգամայն արդարացի պատասխան․
-Երևանում ինձ ամեն բան հոգնեցրել էր։ Ամենօրյա աշխատանքային ռիթմն ու քաղաքային աղմուկը ազդում էին նյարդերիս։ Մյուս կողմից ներքին ձգտում ունեի ու վստահ էի, որ գյուղում երեխաներին իմ գիտելիքներն ավելի ճիշտ կփոխանցեմ ու կկարողանամ զարգացնել Արենիում կավագործության մշակույթը։
2019 թվականի նոյեմբերին արդեն իր դռները երեխաների համար բացում է նոր արհեստանոցը։ Ինչպես ինքն է պատմում՝ այդ կանաչ և դեղին դարպասներից ներս իր ողջ ներուժն ու առարկայացված երազանքներն են։ Իր տան մոտակայքի այս արհեստանոցում Արփինեն կազմակերպում էր սկզբնական շրջանում նկարչության և կավագործության՝ հետագայում այլ մասնագիտացված դասընթացներ։ Այս ընթացքում, երբ Արփինեն օրվա մեծ մասն անցկացնում էր երեխաների և կավի հետ, այնուամենայնիվ, իր կապը մայրաքաղաք Երևանի հետ ամբողջությամբ կտրված չէր։ Դասերի համար անհրաժեշտ պարագաներ և նյութեր ձեռք բերելու և ընկերներից կարոտն առնելու պատրվակներով հաճախ լինում էր մայրաքաղաքում։ Սակայն նախորդ տարի, երբ հաստատվեց համավարակի տարածումն ու սկսվեց մեկուսացումը, Արփինեն որոշում է անգամ որևէ պատրվակով չվերադառնալ Երևան և մնալ հարազատ գյուղում՝ Արենիում, մինչև կորոնավիրուսի տարածման մասշտամբի նվազումը։ Հարցին, թե ինչպե՞ս միանգամից որոշում ընդունեց, անձնական նամակով ինձ պատասխան լուսանկար է ուղարկում, որտեղ երևում են իրենց պատշգամբն ու խաղաղ սարերը։ Իմանալով իր մտադրության մասին՝ միանգամից մտածում եմ ՝ գյուղ վերադառնալն ու շարունակել աշխատելը Արփինեի երկրորդ ճիշտ որոշում է եղել։ Առաջին որոշման հետ ինքը ևս համաձայն է ինձ հետ ՝ արհեստանոց ստեղծելը ու կավագործությամբ զբաղվելն էր։
Օրերս Արփինեի հետ հանդիպում ենք zoom-ի տեսազանգով։ Սեփական արհեստանոցում էր, ձեռքերը կավով զբաղված։ Իմացա, որ աշակերներին ճանապարհել էր և առանց հանգստի պատրաստվում էր հաջորդ դասին։ «Կապերն ինձ մոտ վատ են ու դա ինձ դուր է գալիս»,- առաջինն ասում է նա, կարծես կանխամտածված պատասխանելով իմ՝ «ինչպե՞ս ես, ի՞նչ նորություններ կան» հարցերին։
Մեկ տարի առաջ, երբ կորոնավիրուսով վարակվածների թվերը կտրուկ աճում էին և տնից դուրս գալն անգամ վտանգավոր էր, հաճախ էինք զրուցում։ Արփինեն պատմում իր ՝ համեմատաբար խաղաղ առօրյայի մասին ՝ առավոտյան նախաճաշ, մաքուր օդ ու կավագործություն փոքր խմբերի հետ։ Հարցին, թե ինչպե՞ս էր կազմակերպում դասպրոցեսը, հիշում և պատասխանում է, որ մարտ ամսից աշխատել է 3-4 հոգուց բաղկացած խմբերի հետ ՝ պահպանելով բոլոր սահմանափակումները։ Բարդությունների մասին խոսելիս կեսկատակ ասում է, թե լավ է չվերհիշել՝ չգիտի կհաղթահարի կրկին, թե՝ ոչ։ Մարտից, երբ որոշում է կայացվում, որ դադարելու են կրթական հաստատությունների աշխատանքները, ինքը ևս փակում է արհեստանոցի դռները։
-Երբ 2019-ի աշնանը արհեստանոցի բացումն արեցի ունեի 40-50 աշակերտ՝ նկարչության և կավագործության խմբերում միասին։ Հետո համաճարակի հետևանքով ստիպված էի սահմանափակումներով աշխատել, երևի աշխատել եմ ներքին ուժերի լարումով։
Հաջորդ հարցին անցնելու ժամանակ չեմ էլ ունենում․ հիշում եմ՝ Արփինեն խոսակցության սկզբում նշել էր, որ կապերը թույլ են։ Երբ ամեն բան կարգավորվում է, վերադառնալով միանգամից պատմում է հաղթահարման իր փորձի մասին։ Խոսակցության ընթացքում շարունակում էր աշխատել կավի հետ, երբ սկսեց պատմել, թե ինչպես է համբերատարությամբ սպասել, որ գյուղում թեթևանա վտանգն ու վախը, ինչպես է ամեն առավոտ բացել արհեստանոցնի դռներն ու ժամերով փակվել ներսում՝ տեղափոխություններ արել և աշակերտների համար նոր հարմարություններ ստեղծել, կավը ձեռքերում ավելի թեթև շարժումներով է ձևում։ Միանգամից մտաբերում եմ՝ ինչ ճանաչում եմ Արփինեին, ինքն անընդհատ խոսում էր երեխաներին ավելի շատ կրթելու հնարավորություններ ստեղծելու մասին։
Տպավորությունն ինձ մոտ ուժեղանում է ՝ իր երազանքների ճանապարհին է, դեղին և կանաչ դարպասներից ներս։ Ուզում եմ կրկին հարցնել՝ բա հե՞տո։
Հարցիս կեսկատակ պատասխանում է, թե արհեստանոցն աշակերտների համար փակելու ընթացքը եթե երկարաձգվեր «սերվիզ»-ների իսկական հավաքածու էր ստանալու։ Լուսանկարն էլ անձնական էջում հրապարակում է, որ ընկերների համար օրինակ ծառայի՝ անգործ չմնալու համաճարակի ընթացքում։ Այժմ կարծում է, թե ստացվել է, որովհետև խիստ կարանտինի շրջանում ընկերներից ոգևորող նամակներ շատ է ստացել։
Առհասարակ, ընկերների կարծիքով Արփինեի բնավորությանը մոտ է արագ հաղթահարումը։ Ավելի հաճախ է լինում, որ ուզում են հարցնել նրան ՝ ինչպե՞ս։ Ինչպես-ի պատասխանն Ափինեն երկար չի էլ փնտրել՝ պետք է հավատալ սեփական երազանքին ու հետևել, թե ուր կտանի։
-Իսկ քո երազանքն ո՞ւր է քեզ տանում։
-Դեռ Արենի։ Գիտես, որ էստեղ ամենաշատն եմ ուզում օգնել երեխաներին կրթվելու ՝ դպրոցից դուրս։
Աշակերտների հետ ՝ ավելի մոտ բնությանը
Լուսանկարում ինքն է աշակերտների հետ։ Հաղթահարելով համաճարակի ընթացքում առաջացած հետևանքները՝ զգալով, որ թուլանում է վարակման ալիքը, կրկին բացվում են իր արհեստանոցի դռները։
Անկեղծանում է, որ համավարակի ընթացքում քաղաքի և գյուղ տարբերությունն ավելի շոշափելի է զգացել։ Արենիում զգալի վնասներ գրեթե չեն եղել համաճարակի ընթացքում։ Ինքն էլ հաճախ էր ասում, թե մարդիկ էնտեղ սովորական առօրյա են վարում՝ հողագործություն, մաքուր օդ ու երեկոյան ընթրիք։ Հետհայացք գցելով, հիմա կարծում է, թե «աշխարհից կտրված» լինելը հնարավորություն էր գյուղում համավարակի ընթացքում կարճ ժամանակ անց կրկին աշխատելու։
-Արփի, իսկ ի՞նչ ես սովորել գյուղում՝ հիմնական բնակությունիցդ հետո։
Երբ սպասում եմ, որ ավարտի խոսքը և տալիս եմ հարցը, հայացքը կավից կտրում ու թեթև ժպտում է ինձ։ Միանգամից հասկանում եմ ՝ այժմ երկար-բարակ խոսելու է երևույթից, որն իրեն դուր է գալիս։ Հարցազրույցի այս մասում խոսում ենք խաղաղությունից։ Ինձ համար, ով բնակվում է քաղաքում և վազքով փորձում է հասցնել մայրաքաղաքային ռիթմին, առանձնահատուկ հետաքրքրանում է զրույցը։ Պարզում եմ Արփինեի՝ գյուղում ապրումակցման հմտությունը։ Արենիում ինքն իսկական նախաձեռնող կին է, ասում է, որ պետք է ճիշտ տեղում լինել, իսկ խաղաղ լինելը կարող է գալ անգամ առավոտյան նախաճաշի հետ։ Արհեստանոց բացելու գաղափարն ունեցել է դեռ ուսանողական տարիներից: Հիմա, երբ հեռավար կերպով դիտում էինք արհեստանոցի նախկին տարածքի լուսանկարներն ու Արփինեն վերհիշում է կատարված աշխատանքները՝ ինձ հետ անկեղծանում է՝ համաճարակը, իսկ հետո պատերազմը ամենամեծ փորձություններն էին։
-Իսկ փորձություններն ի՞նչ են քեզ սովորեցրել։
-Ամուր կանգնել ոտքերիս վրա ու հետևել երեխաների աշխատանքներին։ Կհամաձայնես չէ, որ որևէ պայմանով չի կարելի թույլ տալ, որ երեխաներն հրաժարվեն իրենց երազանքներից։
Երազանքների մասին վաղուց խոսել էինք, համարում է, որ հասել է ամենամեծ երազանքին՝ այժմ կավագործությունից բացի, շաբաթ-կիրակի օրերին հավաքում է երեխաներին և երիտաարդներին ու ճանապարհվում են՝ բացահայտելու Հայաստանի բնաշխարհը։ Առհասարակ, Արփինեին ճանաչողներն էլ կփաստեն՝ ինքն ամենաամուր կապերով կապված է բնությանն ու այժմ, երբ իր կենսափորձով կիսվում է աշակերտների հետ, կես քայլ մոտենում է նպատակին։
Մեծ ոգևորությամբ է պատմում գաղափարի առաջացման ու իրագործման մասին։ Համարում է, եթե չլինեին համաճարակի հետևանքով առաջացած խնդիրները, գուցե որոշ ժամանակով կերկարաձգվեր գաղափարը՝ թեթևանալու, կտրվելու առօրյա սահմանափակումներից ու մոտ լինելու բնությանը։
-Ուրեմն կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման համար որոշեցի՞ր հավաքել աշակերտներիդ ու բացահայտել Հայաստանը։
-Երևի։ Ուզում էի աշակերտներս մոտ լինեն մաքուր օդին ու բնությանը։ Մյուս կաղմից՝ ճանաչեն իրենց արմատները,- ծիծաղում ու շարունակում է,- Ուզում էի այնպես անել, որ արագացնեմ ինքնաճանաչման գործընթացը։ Մյուս կաղմից էլ այժմ փորձում եմ օգնել աշակերտներիս հաղթահարելու հետպատերազմյան ընկճվածությունը։
Պատմում է, որ ամառվա ընթացքում կարողացել են բացահայտել Վայոց Ձորի տեսարժան վայրերը։ Մտերմացել է աշակերտների հետ և այժմ ունեն հատուկ օրեր, երբ հավաքվում և կիսվում են գաղափարներով և մտահոգություններով։ «Եթե Երևանում լինեի, չգիտեմ՝ ինչպես կկարողանայի հաղթահարել կորոնավիրուսի ընթացքում աշակերտներիս հետ որևէ աշխատանքով չզբաղվելը»,- գրեթե կրկնում էր ամեն պատմությունից հետո, իսկ ինձ մոտ ամրապնդվում էր համուզմունքս, որ ինքը ճիշտ տեղում է և չպետք է խոսել կարոտի մասին։ Սակայն զրույցիս այս մասում խոսում ենք կարոտից։ Հարցին, թե ինչն է ամենաշատը կարոտում, պատասխանում է, որ նախկինում գրեթե ամեն օր այդ հարցն իրեն տվել է։
Գտել է ավելի շատ երևույթներ, որոնք չի կարոտում, ինչպես, օրինակ, քաղաքային խցանումները, արագ սնունդը, գործերը չհասցնելու վախերը, չստացված հարաբերությունները և այլն։ Անկեղծանում է, վարելով համեմատաբար հեռու առօրյյա, կարոտում է միայն երևանյան ընկերական շփումները և աղջկական խոսակցությունները։ «Երբեմն կարծում եմ, որ այստեղ չհասկացվածության վախ ունեմ, բայց արհեստանոցում աշխատելիս անցնում է»,- ասում է նա։
Ի զարմանս ինձ՝ նշում է, թե կարոտում է նաև աշակերտներին՝ դասն ավարտվելուց հետո։ Ծիծաղում է։
-Երևի նրանից է, որ կապվել ենք արդեն։
Հիշում եմ Փոքրիկ Իշխանի պատմությունն ու ուզում մեջբերել, սակայն հիշում եմ, որ «գեղարվեստական զեղումներ» ինքը չի սիրում։ Ավելի հաճախ կրկնում է՝ ունենք այն, ինչ ունենք։ Իմ հարցին էլ, թե ինչ է մնացել, երկու հոնքն էլ բարձրացում ու ասում է․
-Կավագործության դասերս ու արհեստանոցը։
Պատերազմի հետքերը սահմանապահ Արենիում
Արփինեի արհեստանոցում դադարում են կավագործության և նկարչության մասնագիտացված դասընթացները երկրորդ անգամ ՝ սեպտեմբերի վերջին շաբաթից, երբ սկսվում է Արցախյան երրորդ պատերազմը։
Հարցազրույցի այս մասում միասին խոսում ենք պատերազմի թողած հետքերի և այդ ընթացքում իր ապրումների ու գործողությունների մասին։
Ինչպես նախորդ զրույցների դեպքում, այս անգամ ևս կնախընտրեի խոսել թեմաներից, որոնք առավել քիչ հուզական են։
Երբ խնդրեցի կիսվել սեպտեմբերից տեղի ունեցած իրադարձությունների մասին, ձեռքի կավը մի կողմ է դնում և տեղավորվում է աթոռին, կարծես ինձ նախապատրաստելով, որ զրույցի այս մասն ավելի ազդեցիկ է լինելու։
Արփինեին այս լուսանկարն եմ հիշեցնում, ինքն էլ հարցնում է, թե երևում է, որ մի կերպ են ժպտում։ Լուսանկարում ստեղծարար երիտասարդների հետ է, ովքեր ևս ձեռնամուխ էին եղել պատերազմի ընթացքում կրթելու Արցախից տեղահանված երեխաներին։
Ինքն էլ ակտիվ մասնակցել է իրականացվող աշխատանքներին՝ եղել ժամանակավոր կացարաններում և անցկացրել կավագործության դասընթացներ։
Պատմում է, որ պատերազմի ամբողջ ընթացքում արհեստանոցը փակ է եղել, բայց միայն տեսականորեն չեն անցկացվել կավագործության դասեր։
Հիշում է՝ հավաքել է աշակերտներին ու սկսել են գործել քողարկող զինվորական ցանցեր։ Հետո ուղարկել են առաջնագիծ անհրաժեշտ այլ իրերի հետ միասին։
«Աշակերտներս ամենասկզբից եղել են կողիքիս, այդ ժամանակ էր, որ ես հավատացի ինձ ու իմ կատարած գործին»,- չնայած այս ասելիս ավելի ծանր է ժպտում։
-Արփի, ի՞նչ ես կարծում, ինչն է քեզ ուժեղ դարձրել։
Երկար է մտածում, կարծես ուզում է գլխում հերթով պատճառները դասավորել ու հետևում է պատասխան, որն ինձ զարմացնում է։
-Ճիշտն ասած, մինչև հիմա չեմ մտածել այդ մասին։ Ես ուղղակի իմ գործն եմ արել՝ այսքան բան։
Հետո երկմտում է, մտածում եմ, որ ինչ-որ բան է հիշել։ Չէի սխալվում։ Ավելացնում է․
-Արենին սահմանապահ գյուղ է, գիտես։ Պատերազմի ընթացքում մենք աշխատում էինք վախով։ Երևի հնարավոր վախն է ուժեղ դարձրել ինձ։
Չի հերքում ՝ պատերազմի ընթացքում փոխվել էր գյուղի առօրյան։ Ցավով է նշում, բայց այդ ընթացքում ավելին է հասցրել սովորել, քան ապրած 3 տասնամյակի ընթացքում։
Ժպտում է թեթև, երբ խոսում է երեխաների հետ կապի ամրապնդման մասին։
-Իսկ հաղթահարո՞ւմը։
-Աշակերտներիս հետ միասին ենք փորձել։ Մինչև հիմա շաբաթվա մեջ մեկ օր տրամադրում ենք միմյանց հետ ուղղակի խոսելուն, շարունակում ենք արշավները։ Շատերն այդ խոսակցությունների ընթացքում են կիսվել իրենց վախերի, տագնապների ու հիսաթափությունների մասին։
-Իսկ դո՞ւ:
Գրեթե գուշակում էի պատասխանը և կարճ դադարից հետո պատասխանում է՝ ես ի՞նչ։ Համաձայնում է ինձ հետ, որ կանայք աշխատել են արտակարգ պայմաններում։ Սովորությանս համաձայն զրույցի որոշ հատվածներ վերափոխում եմ ֆեմհարցազրույցի։ Արփինեի հետ էլ մի փոքր զրուցեցինք կանանց ներգրավվածության մասին արտակարգ պայմաններում։
Կատակում է, թե ինքն ինձնից տարիքով մեծ է և որոշ երևույթների ավելի լավ է տիրապետում։
-Օրինա՞կ:
-Քեզ հաստատ քիչ են հանդիպել դեպքեր, երբ մատնանշել են՝ կանայք ավելի հուզական ու թույլ են։ Իմ դեպքում հակառակն է։ Գիտես, կարող եմ ասել, որ այս կարծրատիպը կարելի է միայն աշխատանքով կոտրել։
-Այն է ինչ անո՞ւմ ես։
-Ըհը։ Համաճարակն ու պատերազմը ցույց տվեցին, որ կանայք կարող են առանց հուզականության գործի անցնել, մոռանալ անձնական ցավերն ու դիրքորոշումները։ Թիկումքում կատարված աշխատանքի մեծ մասը կանանց և աղջիկների ձեռքում էր։ Սա նշանակում է, որ մենք ներուժ և պատրաստակամություն ունենք։ Իմ դեպքում էլ՝ ինձ աղջիկներն ավելի կազմակերպված են օգնել։
Կեսկատակ ասում եմ, թե հարցազրույցը գալիս է իմ ուզած տրամաբանական ավարտին, չնայած մի քանի հարցեր կան, որ պտտվում են գլխումս։
Արդեն երրորդ հարցազրույցն է, որ վարելիս հարցնում եմ, թե ինչ խորհուրդ կտա իմ հերոսուհին կանանց և աղջիկներին։ Կանխազգացում ունեի, որ գիտեմ՝ ինչ պատասխան է տալու Արփին։
Գործը գրեթե ավարտում էր՝ մի քանի ժամ էլ և նոր կավե բաժակները պատրաստ են։ Խոստանում է, երբ հանդիպենք կավից այս բաժակներով իսկական թեյախմություն է սպասվում ՝ ինքն էլ ինձնից լավ կարողանում է գուշակել, թե ինչ է պետք ինձ։ Ինչպես իր խորհուրդը ինձ և մնացած կանանց ․ «սիրելի´ս, հավաքիր ուժերդ և գործիր»։
Շուշան Փափազյան
4-րդ կուրս