Journalist.am-ը զրուցել է մասնագիտությամբ լրագրող Տաթևիկ Թորոսյանի հետ։ Տաթևիկը ճանաչողություն վայելող ֆուդբլոգերներից է, ով ինստագրամում հայտնի է arm_foodblog անվամբ, և ունի 37 000-ից ավել հետևորդ։
-Երբվանի՞ց եք սկսել զբաղվել ֆուդբլոգինգով։
-2016-ին ամուսնանալուց հետո, շատ էինք սնվում դրսում ու անձնական էջումս տեղադրում էի այդ նկարները: Հետո սկսեցի նաև ինքս պատրաստել, ֆեյսբուքի ընկերներս շատ էին հավանում իմ բաղադրատոմսերը ու պնդում էին, որ բացեմ նաև ինստագրամ: Իսկ ես վախենում էի չկարողանալ ֆուդբլոգ վարել: Ի վերջո համարձակվեցի ու 2019-ի բացեցի ֆուդբլոգս:
-Դուք ինքներդ ավելի շատ սիրում եք սնվե՞լ, թե՞ պատրաստելու պրոցեսն է ձեզ ավելի շատ դուր գալիս։
-Ես սիրում եմ համեղ սնվել, բայց ավելի շատ սիրում եմ պատրաստել ու սպասել ամուսնուս արձագանքին: Նա իմ բաղադրատոմսերի ամենաառաջին և քմահաճ համտեսողն է: Ամեն անգամ այնքան է գովում ինձ, որ էմոցիաներից հագենում եմ (ծիծաղում է)։
-Ինչքանո՞վ է ձեզ համար կարևոր առողջ սնունդը և ո՞ր մթերքներին եք նախապատվություն տալիս։
-Հարցին պատասխանեմ այսպես. ինձ համար կարևոր է վիտամիններով հարուստ սնունդը, բայց ամբողջ կյանքս սնվել միայն առողջ բաղադրատոմսերով՝ չեմ կարող: Ֆասթ ֆուդի սիրահար չեմ, բայց նաև չեմ կարող հրաժարվել կարագի մեջ տապակված մսից, կարտոֆիլից, համեղ խմորեղեններից ու հացաբուլկեղենից:
-Շատ կանայք բողոքում են, որ չգիտեն՝ ի՞նչ պատրաստեն ամեն օր, դուք ինչպե՞ս եք ամեն օր գտնում այդ հարցի պատասխանը։
-Ինչպես արդեն ասացի՝ մենք շատ էինք սնվում ռեստորաններում, և դրսում համտեսածս ուտելիքների բաղադրատոմսերը ինձ շատ են օգնում: Պատրաստում եմ նաև տանը, և կիսվում էջումս: Հաճախ քննարկում ենք, թե ու՞մ պատրաստածն էր ավելի համեղ՝ ի՞մ, թե՞ ռեստորանի խոհարարի: Պատրաստում եմ նաև ընտանեկան բաղադրատոմսերով, հին հայկական մոռացված բաղադրատոմսերն եմ փորձում հետ բերել, որ երիտասարդ սերունդը չմոռանա ու սիրով պատրաստի:
-Բացի բլոգեր լինելուց ունե՞ք այլ մասնագիտություն, աշխատանք, թե՞ բլոգինգը ձեր միակ զբաղմունքն է։
-Ես լրագրող եմ, բայց երբեք չեմ աշխատել իմ մասնագիտությամբ: 2017-ին ֆեյսբուքում բացեցի «կանանց անկյուն» խումբը, և այսօր այն կանանց ամենամեծ հայկական խումբն է: Դրանից հետո սիրեցի բլոգինգը և սիրով վարում եմ նաև ֆուդ բլոգս:
-Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է գտնվում բլոգինգը Հայաստանում։
-Իմ կարծիքով մենք ունենք շատ լավ հայ բլոգերներ, պարզապես, կապված բնակչության փոքր թվի հետ, մենք չենք կարող վարել հայալեզու բլոգ, բայց ունենալ միլիոնավոր հետևորդներ, քանի որ հայերեն խոսում ենք միայն մենք՝ հայերս: Իսկ այնպես, ամեն օր բացվում են նոր ֆուդբլոգներ, ես դրան բացարձակ դեմ չեմ, հակառակը՝ հետաքրքիր էջերի կարիք միշտ կա, ինձնից առաջ էլ են եղել ֆուդբլոգներ, ինձնից հետո էլ են բացվում բնականաբար, բայց կուզեի, որ յուրաքանչյուրը ունենար ասելիք, ու իր ուրույն ձեռագիրը:
-Ըստ ձեզ՝ ինչո՞վ են իրարից տարբերվում հայ, եվրոպացի կամ ամերիկացի բլոգերները։
-Եվրոպացի կամ օտարերկրացի բլոգերները ավելի ազատ ու ավելի պրոֆեսիոնալ են վարում կոնտենտը, մենք՝ ի դեմս ինձ, դեռ շատ աճելու տեղ ունենք, բայց, այսուհանդերձ, ինձ համար ամենաշատը հետաքրքիր են հենց հայ բլոգերների էջերը, հենց այնտեղ եմ ես գտնում ինձ հոգեհարազատ գրառումներ: Չնայած, ռուս բլոգերների ևս հետևում եմ:
-Ի՞նչը կփոխեյիք ձեր աշխատանքում, կա՞ այնպիսի բան, որը հիմա անում եք, բայց ձեզ այն դուր չի գալիս ու կուզենայիք դա փոխել։
-Իմ աշխատանքում հիմա միակ բանը, որ կփոխեի, դա իմ խոհանոցի կահույքն է (ծիծաղում է) հուսանք՝ պանդեմիայից հետո կստացվի իրականացնել, որ վիդեո հոլովակներս ավելի գեղեցիկ նկարեմ:
-Ինչպե՞ս եք հասցնում ձեր ընտանեկան կյանքի հետ համատեղել նաև բլոգինգը։
-Շատ դժվար է համատեղելը, անկեղծ հաճախ սպառվում եմ, որովհետև ամեն օր պատասխանում եմ մեծաքանակ նամակների: Եթե հետևորդը ներկա պահին խմոր է անում կամ կրեմ է պատրաստում և որևէ բան չի հաջողվել, նրան պետք է հենց հիմա օգնել փրկել խմորը, 3 օր անց նամակին պատասխանելով ես նրան էլ չեմ օգնի: Ամուսինս արդեն գիտի, որ մինչև ուտելիքը չնկարեմ, չենք սկսելու ուտել։
-Որո՞նք են բլոգեր լինելու դժվարությունները, երբևէ մտածե՞լ եք, որ կունենաք նման մեծ լսարան ու ձեր օրը կանցկացնեք այդ լսարանի հետ։
-Ինչպես արդեն ասացի, ևս մեկ մեծ լսարանի հիմնադիր եմ, այնտեղ մարդիկ 3 անգամ շատ են քանակապես, քան այստեղ, դրա համար ինձ անսովոր չէր: Բայց անկեղծ ասած չէի մտածում, որ ինստագրամում էջս այսքան կմեծանա: Որքան էջը մեծանում է, այնքան գործս դժվարանում է, բայց դեռ հասցնում եմ, և ուրախ եմ յուրաքանչյուր նոր հետևորդի համար:
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում։
-Ինձ մոտիվացնում է հետադարձ կապը, այն տասնյակ ֆոտոզեկույցները, որ ես ստանում եմ ամեն օր: Այն նամակները, որ նոր հարս գնացած կինը արժանացել է ընտանիքի անդամների գովեստին, որ վատ ուտող բալիկը հավանել է տվյալ ուտեստը, որ քմահաճ ամուսինը փորձել է ու գովաբանել իր կնոջը: Ես ուրախ եմ, որ կարողանում եմ օգնել մարդկանց թեթևացնելով գոնե օրվա հացի խնդիրը:
-Դեռ երկա՞ր եք ձեզ տեսնում այս ոլորտում։
-Կարծում եմ՝ քանի դեռ ինստագրամը կա, ու քանի դեռ տեխնիկական խնդիրներ չկան էջիս հետ, ես կլինեմ այստեղ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր հասարակությանը ու այն անձանց, ովքեր ուզում են զբաղվել ֆուդբլոգինգով։
-Խորհուրդ կտամ էջ բացելուց առաջ լավ մտածել, որովհետև ամենահեշտը բացելն է: Եթե կա նոր ասելիք, նոր ձեռագիր, ապա, իհարկե, թող բացեն, բայց եթե պիտի նկարեն հարյուրավոր բլոգերների արդեն կիսված բաղադրատոմսը, ապա անիմաստ է: Չէ՞ որ մարդիկ դա նկատում են, չէ՞ որ մենք բոլորս էլ արդեն բաժանորդագրված ենք բազում բլոգերների էջին, ու անընդհատ կրկնությունը հետաքրքիր չէ:
Աննա Գրիգորյան
4-րդ կուրս