Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

817

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է:

1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի և մշակութային ժառանգության մեծ մասից: Հայոց եղեռնը պատմության մեջ պետականորեն նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր:

Հայ բնակչության բնաջնջումն ուղեկցվում էր հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունների շարքով։ Հայկական հուշարձաններն ու եկեղեցիները պայթեցվում են, գերեզմանները վերածվում են դաշտերի, որտեղ զբաղվում էին եգիպտացորենի և հացահատիկի մշակմամբ, քաղաքների հայկական թաղամասերն ավերվում էին կամ բնակեցվում էին թուրք կամ քուրդ բնակչության կողմից և անվանափոխվում էին։

1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Հայաստանում որոշում ընդունվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիր կառուցել։ Հուշահամալիրի վայր ընտրվեց Երևանում Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրը։ Հուշահամալիրի շինարարությունն ավարտվեց երկու տարի անց։ 44-մետրանոց քարակոթողը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը։

Ցավի տապանը ճեղքած 12 մույթների միջև վառվում է անմար կրակը՝ իբրև մշտաբորբ ցավի խորհրդանիշ։ Քիչ այն կողմ «Վերածնվող Հայաստան» հուշակոթողն է, որը խորհրդանշում է խոտի նման ծլարձակող հայ ժողովրդի երկու հատվածները։ Համալիրի մոտ է գտնվում 100-մետրանոց Սգո պատը, որի վրա փորագրված են այն քաղաքների ու գյուղերի անվանումները, որտեղ տեղի են ունեցել կոտորածները։

Կիսվել