Պատերազմի հոգեբանական կողմը

Պատերազմի հոգեբանական կողմը

842

Երբեմն մարդիկ հոգեբանական առողջության մասին չեն մտածում կամ խոսում, կարծում են, թե պակաս կարևոր խնդիր է և ինքն իրեն կարող է լուծվել։ Հոգեբանական տրավմաները կարող են կյանքի բոլոր փուլերում իրենց ազդեցությունը ունենալ։ Հայաստանում պատերազմի վերքերը դեռ թարմ են, այդ պատճառով թե´ պատերազմի մասնակիցներին, թե´ նրանց ծնողներին հոգեբանական աջակցություն անհրաժեշտ է։

26-ամյա Արսենը (անունը պայմանական)  մարտերի առաջին օրից գործողությունների թեժ կետերում էր։ Պատմում է, որ վերադառնալուց հետո մոտ մեկ շաբաթ տնից դուրս գալու ցանկություն չի ունեցել։

«Կորցրել եմ շատ ընկերների, մի քանի անգամ շրջափակման մեջ հայտնվել, այդ տեսարաններից չվախենալը անհնար էր։  Երբ եկա տուն, դժվարանում էի խոսել, ուզում էի բառեր արտաբերել, բայց բերանս ինձ չէր ենթարկվում, դրա համար խուսափում էի մարդկանց հետ հաղորդակցվելուց»։

Շատերն էին հորդուրում, որ հոգեբանական աջակցություն ստանալու համար դիմի, բայց կտրուկ հրաժարվում էր, նույնիսկ վիճում։ Հետո զգացել է, որ դրանով միայն իրեն է վնասում, գիշերները քնելը երազանք էր դարձել։ Արսենը հոգեբանի հետ աշխատել է մոտ 3 շաբաթ, ասում է, որ արդեն տան անդամներն էլ են փոփոխությունը զգում։

«Աշխատանքը հիմնականում լոգեպեդի հետ էր։ Ջղաձգումներ ունեի, ինչի պատճառով սկսել էի կակազել, ձայնալարերս փակվել էին, խոսքս ու միտքս իրար չէր համապատասխանում, բարեբախտաբար՝ կարողացա  ոչ լրիվ, բայց մեծավ մասամբ հաղթահարել խնդիրը»։

Հոգեբան, հոգեթերապևտ Մհեր Նաղդալյանի խոսքով՝ սկզբանական շրջանում մարդկանց թվում է, թե լավ են, սակայն խնդիրը կարող է բարձրանալ տևական ժամանակ հետո։ Առաջ են գալիս որոշակի նշաններ՝ տագնապային հարձակումներ, ագրեսիվ վիճակներ, նյարդային ծիկեր։ Սրանք պարզապես հաճախ անխուսափելի են լինում։

Այնպիսի կարծրատիպ է ստեղծվել, թե մարդիկ համապատասխան աջակցություն ստանալու համար խուսափում են հոգեբանին դիմելուց։ Իբր հոգեբանին դիմելը նշանակում է, որ դու թույլ ես և դժվարությունը չես կարողանում հաղթահարել կամ հիվանդ ես։ Մասնագետը նշում է, որ կատարյալ առողջ մարդիկ էլ կարող են հոգեբանական խնդիրներ ունենալ, իրականում շատերն են դիմում, մասնավորապես այս շրջանում՝ պատերազմից հետո, իսկ կարծրատիպը ուռճացված է։

Տանիքը կորցրած մարդկանց հոգեբանության մասին խոսելը շատ իրավիճակային է, կախված է այն բանից,  թե ինչպես են լքել տունը, վառել են, թե չեն էլ հասցրել մի քանի իր վերցնել։

«Մեր կարգախոսը «Հաղթելու ենք»  գաղափարախոսությունն էր, ու մենք գրեթե վստահ էինք, որ ուրիշ տարբերակ չի կարող լինել, մեր մտքով չէր անցնում, որ ոչ միայն կպարտվենք, այլ նաև կկորցնենք մեր տները։ Մարդկանց մտքերը պաշարել են անսպասելիությունն ու ապշահարությունը։ Զոհ ունենալու դեպքում մարդիկ տան կորուստը անկարևոր են համարում»։

Անդամահատված կամ լուրջ վիրավորում ստացած անձանց հետ նրբանկատ հաղորդակցումը պակաս կարևոր չէ, որպեսզի նրանց կրկնակի տրավմայի չենթարկենք։ Պետք չէ նրանց ներկայացնել որպես զոհ։ Ցանկացած դեպքում առաջնային հոգեբանական օգնությունը զրույցը ճիշտ անցկացելն է։  Հարմար չէ նրանց խորհուրդներ, խոստումներ տալ, հանգստացնող խոսքեր ասել, չմտնել նրա հուզական աշխարհի խորքերը։ Հարկավոր է ընդամենը զրուցել առօրյա հարցերի շուրջ, ուղղակի լինել նրա հետ ու փորձել հասկանալ, թե ինչ պահանջմունք ունի այդ պահին։

Հետպատերազմյան սթրեսից ազատվելու և հնարավորինս շուտ վերականգնվելու համար կարևորը գիտակցումն է, թե ինչու եղավ այս ամենը և  ինչ անել  սխալները ուղղելու համար։ Այլապես  պատահական խոսքը, անտեղի կարեկցանքը և նման գործոնները կարող են դառնալ հոգեբանական տրավմայի խորացման ևս մի պատճառ։


Սոնա Սողոմոնյան

4-րդ կուրս

Կիսվել