ՍԵՌԸ՝ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

ՍԵՌԸ՝ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ

1201

«Դուք ունեք հավասարաչափ մասնագիտական գիտելիք ու տեղեկացվածություն, սակայն ձեզնից աշխատանքի կանցնի Արմենը: Աշխատանքը ենթադրում է պարբերական գործողումներ ՀՀ մարզեր. մեզ համար ավելի նպատակահարմար է այս պաշտոնին տղամարդ աշխատակից ունենալը»,-գործատուն Մարիամ Գրիգորյանին աշխատանքի չընդունեց կին լինելու պատճառով:

Մինչդեռ մեր երկրում օրենքի առջև կնոջ և տղամարդու հավասարությունն ու խտրականության արգելքն ամրագրված են Սահմանադրությունով, «Կանանց  և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքով, միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով (Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ կոնվենցիա, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիա, Եվրոպական սոցիալական խարտիա):

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ևս բացառում է սեռային խտրականությունը. 3-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը, այդ թվում՝ անկախ նրանց սեռից: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանքների որակավորման համակարգի կիրառման դեպքում միևնույն չափանիշները պետք է կիրառվեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց նկատմամբ, և այդ համակարգը պետք է մշակված լինի այնպես, որ բացառի սեռային հատկանիշներով ցանկացած խտրականություն: Սակայն օրենսդրական կարգավորումը չի իրացվում ամբողջությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ.-ի տարեկան հաղորդման մեջ նշված է. «Չնայած առկա օրենսդրական կարգավորումներին՝ փաստացի գոյություն ունի կանանց նկատմամբ ուղղահայաց (ծառայողական առաջխաղացման կամ բարձր պաշտոններ զբաղեցնելու ոչ հավասար հնարավորություն) և հորիզոնական (ըստ մասնագիտությունների և ոլորտների) խտրականություն»:

Թեև քիչ, բայց լինում են դեպքեր, երբ գենդերային խտրականությունը դրսևորվում է տղամարդու նկատմամբ: Աշխատանքի հայտարարություններում նշված է՝ պահանջվում է վաճառողուհի, մատուցողուհի..: Արմինե Հարությունյանը նշում է, որ PR ընկերություններից մեկը, որտեղ նոր է ընդունվել աշխատանքի, նախընտրում է իգական սեռի աշխատակիցներին. «Ընկերությունը նշում է՝ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի աշխատասեր են, պարտաճանաչ ու պատասխանատու, նրանց հետ ավելի արագ ու հեշտ է ստացվում աշխատել»: Ըստ իրավաբան Տաթև Սողոյանի՝ եթե այդպիսի տարբերակվածությունը իրավաչափ նպատակ է հետապնդում, ուրեմն նորմալ է. օրինակ՝ լինում են դեպքեր, երբ աշխատանքի ընդունվելիս հաշվի են առնում արտաքին տեսքը, որը պետք է պայմանավորված լինի իրավաչափությամբ. սպասարկման ոլորտի համար որոշ դեպքերում կարող է արդարացված լինել, ոչ սպասարկման ոլորտի համար կարող է արդարացված չլինել. «Չկա գրված օրենսդրություն, ըստ որի, այս կամ այն բանը պահանջելը կամ չպահանջելը արգելվում է: Այստեղ գնահատողական սահմանը շատ նուրբ ու իրավիճակային է, որին ես այնքան էլ կողմ չեմ: Պետք է լինի ֆիլտրող մարմին, որ պաշտպանի աշխատողի իրավունքը»:

Սեռային խտրականությունը հաճախ դրսևորվում է աշխատավարձերի տարբերության մեջ: «Իմ ու գործընկերոջս աշխատանքը սկսվում ու ավարտվում էր նույն ժամին, մեր գործառույթները նույնն էին, բայց, չգիտես ինչու, նա ավելի բարձր էր վարձատրվում, քան ես»,-Աննա Ավագյանը մի քանի անգամ փորձել է գործատուի հետ պարզել պատճառը, բայց ստացել է ոչ համոզիչ ու անհեթեթ պատասխան,-«Մեր 2-րդ խոսակցությունից հետո աշխատավարձս բարձրացրեց, բայց ոչ այնքան, ինչքան ստանում էր գործընկերս: Դուրս եկա աշխատանքից, որովհետև չէի կարող այդ անառողջ մթնոլորտում աշխատել»: Իրավաբանի խոսքով՝ այս մոտեցումը արգելվում է, սեռը չի կարող հիմք լինել աշխատավարձի բարձր կամ ցածր լինելու համար.«Տուժողը կարող է դիմել քրեական դատարան, 143-րդ հոդվածով հաստատել խտրականության առկայությունը, այնուհետև քրեական դատավճռի հիման վրա դիմել քաղաքացիական դատարան՝ վնասի հատուցման պահանջով»: Ըստ իրավաբանի՝ խնդիրն այն է, որ այստեղ ևս շատ բարդ է ապացուցել, որ աշխատավարձի տարբերության պատճառը սեռն է:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում տղամարդը ավելի բարձր է վարձատրվում, քան կինը, որի պատճառներից է նաև այն, որ ղեկավար պաշտոն զբաղեցրած տղամարդիկ մի քանի անգամ գերազացում են կանանց, իսկ կանայք ավելի շատ ներգրավված են միջին և ցածր պաշտոններում:

Հայաստանում կինը իր կրթությամբ չի զիջում տղամարդուն, սակայն հասարակական և քաղաքական կյանքում կնոջ ներգրավվածությունը շարունակաբար մնում է ցածր: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Շուշան Խուրշուդյանի՝ պատճառը կարծրատիպային մտածելակերպն է. «Կանանց հատուկ դեր է վերագրված, երբ կանայք այդ դերից դուրս են գալիս, չեն ընդունվումՀատկապես մարզերում հասարակությունը չի խրախուսում այն կանանց, որոնք լսարան կամ հրապարակ են փորձում գրավել իրենց ակտիվ խոսքով, հրապարակային կոչերով»:

ԱԺ 7-րդ գումարման 132 պատգամավորից միայն 32-ն են կին (նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո 2 կին դադարեցրել է լիազորությունը): Կառավարության կազմում ունենք միայն մեկ կին նախարար: Քաղաքացիական ծառայությունում 2018թ.-ին կրտսեր մասնագետների թվում գերակշռում են կանայք՝ 860-ից 612-ը, իսկ բարձրագույն մասնագետների դեպքում պատկերը հակառակն է՝ 103-ից ընդամենը 15-ն են կին (Քաղաքացիական ծառայության գրասենյակը տեղեկացրեց, որ 2019-20թթ. տվյալները դեռևս հասանելի չեն): Կանայք պահանջված են կրթության, առողջապահության, բնակչության սոցիալական ապահովության, առևտրի, մշակող արդյունաբերության ոլորտներում:

Ըստ Խուրշուդյանի՝ պատճառներից է այն, որ  կանայք հաճախ կանգնում են խնդրի առջև՝ մայրանա՞լ, թե՞ աշխատել, կանանց կարիերայի աճին խանգարում է նաև երեխայի խնամքի արձակուրդը. «Այդ ընթացքում կինը դուրս են մնում մրցակցությունից, չի գնում վերապատրաստումների և օբյեկտիվ պատճառով հետ է մնում տղամարդկանցից»: ՄԻՊ ներկայացուցիչը շեշտում է՝ կարևոր է, որ պետությունը իր ծրագրերի շնորհիվ հասարակությանը իրազեկի, գիտակցությունը հասցնի նրան, որ այս երկուսը մեկը մյուսով պայմանավորված չեն, և հեշտությամբ կարելի է համատեղել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրեց, որ գործում է կանանց աջակցության ծրագիր, որը ներառում է չորս ծրագրային միջոցառում: Առաջինը ուղղված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարի որոշակի սուբսիդավորմանը: Երկրորդ միջոցառումը նախատեսում է բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորում այն կանանց համար, որոնք մայրացել են մինչև 24 տարեկանը և չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը: Երրորդի նպատակը երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալն է: Չորրորդ միջոցառումը միտված է մինչև երեսուն տարեկան այն կանանց, որոնք ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու հետ ունեն որոշակի խնդիր: Նախատեսվում են այլ ծրագրեր ևս:

Թեև պետությունը շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնց նպատակը կանանց աջակցելն ու տարբեր ոլորտներում ներգրավվածությունը մեծացնելն է, այնուամենայնիվ, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի, 153 երկրի շարքում Հայաստանը 98-րդն է գենդերային խզման ցուցանիշով, իսկ ամբողջ աշխարհում տնտեսության մեջ գենդերային հավասարությանը հասնելու համար կպահանջվի 257 տարի:

Լիլիթ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել