«Երբեք չենք պատրաստվել երկու շաբաթից ավելի տևող տեղեկատվական գործողությունների». Սամվել Մարտիրոսյան

«Երբեք չենք պատրաստվել երկու շաբաթից ավելի տևող տեղեկատվական գործողությունների». Սամվել Մարտիրոսյան

899

Տեղեկատվական պատերազմը հակամարտությանը ուղեկցել է բոլոր ժամանակներում, սակայն 21-րդ դարում այն պարունակում է ավելի մեծ վտանգ, քան ռազմական գործողությունը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ խոսել ենք 2020թ. Արցախյան պատերազմի տեղեկատվական գործողությունների առանձնահատկությունների, թշնամու վարքագծի փոփոխության ու հակամարտող կողմերի տեղեկատվական ռազմավարության տարբերությունների մասին: Փորձել ենք տալ հարցի պատասխանը՝ ինչու՞ հայկական կողմը պարտվեց այս տեղեկատվական պատերազմում:

-Մինչև ռազմական գործողությունների մեկնարկը, հակամարտող կողմերը իրար մեղադրում էին պատերազմ հրահրելու համար: Որո՞նք էին այն հիմնական թեզերը, որ առաջ էր տանում թշնամին:

-Մեկ թեզ կա, որ միշտ եղել է. «Հայաստանը չի գնում ոչ մի զիջման և ուզում է միայն ռազմական լուծում»: Տավուշի դեպքերի ժամանակ ևս հիմնականում առաջ էր տարվում գաղափարը, թե ՀՀ-ն ագրեսոր է. անընդհատ ռմբակոծում է բնակավայրերը և այլն:

նչպե՞ս է փոխվել թշնամու վարքագիծը՝ նախորդ տարիների տեղեկատվական պատերազմների համեմատ:

-2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում փոխվել է շատ կարևոր մի բան՝ Թուրքիայի ներգրավվածությունը: Առաջին փուլում Թուրքիան անմիջականորեն օժանդակում էր Ադրբեջանին տեղեկատվական ոլորտում՝ ընդհուպ մինչև դեսպանատների ռեսուրսների միջոցով արգելափակելով պրոհայկական հրապարակումները և այլն: Երկրորդ փուլում փորձ էր արվում ուղղակի նվազեցնել պատերազմի մասին հրապարակումների թիվը: Չէր կարևորվում բովանդակությունը, նպատակն էր անել այնպես, որ թեման դուրս գա դաշտից, ու իրենք հանգիստ շարունակեն ռազմական գործողությունները:

Հաջորդ կարևոր հանգամանքն այն էր, որ շատ մեծ ռեսուրսներ էին դրվում տեղեկատվական գործողությունների մեջ՝ հիմնականում ուրիշ երկրների լրագրողներին, խմբագիրներին կաշառելու համար: Այսինքն՝ եթե մեծ քանակի լրագրողներ էին գալիս Հայաստան, Արցախ, ապա Ադրբեջանը հակառակը՝ արգելում էր լրագրողների առկայությունը սահմանին, բայց փորձում էր փողով ապահովել հրապարակումներ:

-Պատերազմի առաջին օրը թշնամին արգելափակեց սոցցանցերը՝ բացառությամբ Twitter-ի, մեզ մոտ բավականին ուշ փակվեց միայն TikTok-ը: Ո՞ր տարբերակն է ճիշտ, ի՞նչ հետևանքներ է ունենում սոցցանցերի արգելափակումը:

-Ադրբեջանն ուներ ընդհանուր տեղեկատվական ռազմավարություն. հնարավորինս փակել տեղեկատվական հոսքերը ներսում, որպեսզի դրսի ազդեցությունը նվազի: Թշնամին փակեց հնարավոր աղբյուրները, մինիմալի հասցրեց սահմանի վերաբերյալ տեղեկություն հրապարակելը, ամբողջությամբ փակեց կորուստների մասին տեղեկությունները: Հաշվի առնելով նրանց ընդհանուր քաղաքական դիրքորոշումը և այլ հանգամանքներ՝ դա էֆեկտիվ  քաղաքականություն էր:

Մեր դեպքում խնդիրն այն էր, որ ամեն ինչ սիտուատիվ էր, գործողությունները կապակցված չէին, չկար մտածված քաղաքականություն: Օրինակ՝ TikTok-ի արգելափակումը և այլ գործողություններ ընդհանուր պլանի մաս չէին, մինչդեռ պետք է լիներ հենց այդպես:

-Ինչու՞ էր թշնամին հիմնական պայքարը տանում Twitter-ում:

-Թշնամին ուզում էր իր կարծիքը հասցնել միջազգային հանրությանը: Արտաքին լսարանի հետ աշխատելու համար Twitter-ն ամենաարդյունավետն է՝ ի տարբերություն մյուս սոցցանցերի, որոնք ավելի շատ աշխատում են լոկալ: Կարևոր հանգամանք էր նաև, որ Ադրբեջանի ներսի լսարանը քիչ է ներգրավված Twitter-ում: Թշնամին չուներ մտավախություն, որ հայկական կողմը կարող է ազդել իրենց հասարակության վրա:

-Պատրա՞ստ էր արդյոք Հայաստանը այսպիսի մասշտաբի տեղեկատվական պատերազմի:

-Ոչ: Հարցը ավելի շատ երկարատևությունն է: Մենք ոչ մի ոլորտում պատրաստ չէինք երկարաժամկետ գործողությունների՝ սկսած սննդի մատակարարումից՝ վերջացրած տեղեկատվական պատերազմով: Երբեք չենք պլանավորել ու պատրաստվել երկու շաբաթից ավելի տևող տեղեկատվական գործողությունների: Հենց դա է պատճառը, որ սկզբում տեղեկատվական պայքարը ընթանում էր հաջող, ի տարբերություն թշնամու, բայց հետո սկսեց թերանալ:

-Որո՞նք էին այն հիմնական բացթողումները, որ ունեցանք այս տեղեկատվական պատերազմում:

-Չնախապատրաստվածություն. թշնամին լավ պատրաստված էր, մեզ մոտ ամեն ինչ ստացվում էր հապճեպ ու իրավիճակային: Բացակայում էր նաև ընդհանուր ռազմավարությունը:

Տեղեկատվական պատերազմը չենք կարող դիտարկել առանձին, այն օժանդակ ոլորտ է, սպասարկում է ընդհանուր ռազմական, քաղաքական գործունեությանը: Քանի որ հիմնական ուղություններում եղել է տապալում,  տեղեկատվականը, եթե նույնիսկ լիներ հաջողված, կլիներ անիմաստ հաջողություն:

-Ռազմական դրության ՀՀ օրենքը սահամանփակում է նաև լրատվամիջոցների աշխատանքը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ օրենքը բազմիցս խախտվել է պատերազմի ընթացքում: Ո՞րն է պատճառը: Ինչպե՞ս զերծ մնալ  վնասակար բովանդակությունից:

-Պետք է ունենալ հստակ պատժիչ մեթոդներ, օրինակ՝ փակել որևէ լրատվամիջոց, եթե դրա յուրաքանչյուր երկրորդ հրապարակում տարածում է խուճապ կամ ապատեղեկատվություն: Եթե օրենքը կա, սակայն չի կիրառվում, մարդիկ ավելի քիչ են ուշադրություն դարձնում դրան:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ տեղեկատվական դաշտը կայունացնելու և տեղեկատվական պատերազմներին դիմակայելու համար:

-Առաջին հերթին պետք է մշակվի ռազմավարություն, գրվի պլան, երկրորդը՝ ստեղծվեն կամ ձևափոխվեն կառույցներ: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ պետք է կիրառել նոր մեթոդներ: Երրորդը՝ պատրաստվեն ոլորտի մասնագետներ: Սա շատ երկարատև ու ծախսատար, բայց միաժամանակ կարևորագույն պրոցես է, որ պետք է իրականացնել:

Լիլիթ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել