Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյուքում քաջաբար զոհվել է Սամվել Խաչատրյանը։ Սամվելը ծնվել է 2002թ-ի մարտի 27-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում։
Սամվելի մասին զրուցել ենք քրոջ՝ Ջուլետա Խաչատրյանի հետ։
Ջուլետան ջերմությամբ պատմում է․«Անչափ բարի, համեստ, չխոսկան, ազնիվ, էնքան մեծ սիրտ ուներ Սամս, իր ամեն ինչը հանգիստ էր, գոռալ չէր սիրում, բոլորի կողմից շատ սիրված էր, էդպիսի երեխա չկար, որ չսիրեր Սամիս, բոլորի հետ անմիջական էր շփվում, ոչ մի վատ բան չենք տեսել Սամիցս»։
Սամվելը սովորել է Գյումրու օլիմպիական դպրոցում, 4 տարի զբաղվել է կարատեով, իսկ հետո՝ թեթև ատլետիկայով։ Ուժեղ տղան բարության մարմնացում էր, որտեղ Սամվելն էր, ջերմությունն ու սերը անպակաս էին։
Ջուլետան եղբոր հետ անցկացրած ամեն օրը պահում է սրտում ու հպարտանում, որ հենց Սամվելի պես եղբայր է ունեցել․«Մեր ամեն օրը, ամեն ժամը ուրախ է եղել միասին, վերջին ժամանակներում ամեն տեղ իրար հետ ենք եղել, ամեն ինչը իրար հետ ենք արել, անբաժան քույր ու եղբայր ենք եղել»։
Ասում է՝ հերոսը անթերի էր ամեն ինչում․«Էդպիսի բան չկա եղբորս մեջ, որ չսիրեմ․ Սամս ամեն ինչով ուրիշ էր, միակն էր, ում հետ կարելի էր խոսել ամենքից ու ամեն ինչից.․․»։
Սամվելը խիստ ու պահանջկոտ եղբայր է եղել, բայց քույրիկին իր խստությամբ երբեք չի նեղացրել, միշտ հասկացել է ու ամեն ինչ արել, որ ժպիտ պարգևի։
Քույրը հիշում է, որ նկարվելը հերոսի չսիրած բանն էր, բայց երբ շատ էր համոզում, ստիպաված համաձայնում էր։ Սամվելն իր համեստությամբ ու սրտացավությամբ բոլորի կողմից միանգամից սիրվում էր։ Պատահական չէ, որ զինվորը շատ մեծ շրջապատ է ունեցել։
Սամվելը ծառայության է անցել Մարտակերտի շրջանի Հորաթաղ գյուղում, երբեք ոչնչից չի բողոքել։
Ընդամենը 2 ամիս էր ծառայության մեջ, երբ սկսվել է չարաբաստիկ պատերազմը, առաջին օրվանից քաջ տղան կռվել է ամենաթեժ կետերում, պայքարել է հանուն գալիքի ու անմահացել հոկտեմբերի 3-ին։
Ջուլետան չէր էլ կարող ենթադրել, որ Սամվելի ձայնը լսելը երբևէ երազանք կդառնա, ամեն պահ հիշում է եղբոր հետ հեռախոսազրուցները, ասում է՝ անպայման ասում էի, որ իրեն այս աշխարհում ամենից շատ եմ սիրում։
«Երանի հնարավոր լիներ ու իրեն ասեի, որ շատ-շատ եմ սիրում, շատ եմ կարոտել ու շատ եմ զգում իր կարիքը։ Աստծուց միայն այս համատարած ցավին դիմանալու ու մեր հերոս տղաներին վայել ապրելու ուժ եմ խնդրում․․․»։
Նելլի Իգիթյան
2-րդ կուրս