Այսօր հայաստանյան մեդիադաշտում հաճախ ենք հանդիպում ադրբեջանական մեդիաբովանդակություն։ Բազմաթիվ են անգամ դեպքերը, երբ մեր լրատվամիջոցներն առանց ֆիլտրելու, առանց որևէ մեկնաբանության, վերահրապարակում են ադրբեջանական աղբյուրների հրապարակումները։ Այս թեմայի շրջանակներում զրուցել ենք Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
– Հայկական լրատվադաշտը ինչպե ՞ս էր աշխատում 2016 թ․ Ապրիլյան պատերազմի, 2020 թ․ հուլիսյան ռազմական գործողությունների ու Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին:
-Հայկական լրատվադաշտի աշխատանքը ակնհայտորեն տարբեր սանղակների վրա է թե´ Ապրիլյան ու Հուլիսյան, և թե´ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Ինչո ՞ւ եմ միասին նշում Ապրիլյան և Հուլիսյան, քանի որ գլոբալ առումով երկու ռազմական գործողությունների օրերին հայկական լրատվադաշտը աշխատում էր, այսպես ասած, «ընդհանուր գծի մեջ», համաձայնեցված՝ փորձելով վնաս չպատճառել զորքին։ Որոշ լրատվամիջոցների լրագրողները, նկարահանող խմբերն ակտիվ աշխատել են նաև առաջնագծում, տեսանկարահանել են մարտերը, օրինակ ՝ BarsMedia, Panarmenian.net, Hetq.am: Եթե խոսում ենք Արցախյան երկրորդ պատերազմի մասին, ապա պետք է հստակ արձանագրենք ռազմական դրություն մտցնելու փաստը, որը պաշտոնական արգելք էր հանդիսանում։ Այդ ժամանակահատվածում լրատվականները գտնվում էին խիստ վերահսկողության տակ ու կային տուգանքների սպառնալիք։
-Ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական մեդիակոնտենտը որքանո՞վ էր ներթափանցում հայկական լրատվադաշտ։
-Որոշ չափով, բայց բավականին քիչ, քանի որ հայկական մեդիակոնտենտ շատ կար (ի տարբերություն Արցախյան երկրորդ պատերազմի, երբ ըստ էության տեղեկատվական վակուում առաջացավ, որը լցրեց հակառակորդն իր մեդիակոնտենտով)։ Մի քանի դեպքեր իհարկե եղան, երբ հայկական լրատվամիջոցներն իրականացնում էին բացահայտ ադրբեջանական քարոզչություն։ Ընդ որում, շեշտեմ, որ այդ ժամանակ ռազմական դրություն չէր մտցվել, օրենքի պահանջ չկար հակառակորդի տեղեկություններ մեր դաշտ չբերելու, պարզապես «Հանրայի կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, նաև փորձագետները կարողանում էին զուտ բացատրական աշխատանքով ու հորդորներով այդ հարցը լուծել։ Միայն աչքի ընկնող երկու լրատվամիջոց բավականին կոշտ չէին հետևում այդ հորդորներին ՝ «Ազատություն» ռադիոկայանը և ePress կայքը։ ePress կայքում տեղադրված նյութերը շատ ակտիվ ադրբեջանական կեղծ խաղաղասիրական գիծ Էին տանում։ Նույնիսկ «խաղաղասիրական» հոդվածների առկայությունն այնքան շատ էր ePress կայքում, որ ադրբեջանական Haqqiz.az քարոզչական կայքը տեղադրեց իր էջում։ Վերլուծական տեսանկյունից գրեթե բոլոր լրատվականներում գերակշռում էին՝ Ադրբեջանի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություն, շատ հնչեղ վերնագրերով ընդգծված թուրք-ադրբեջանական բարեկամություն և աջակցություն, ինչպես նաև բավականին շատ էին Ադրբեջանին՝ իբրև բանակցող երկիր ներկայացնելու հոդվածները։ Այնուամենայնիվ հայկական լրատվադաշտի աշխատանքը Ապրիլյան պատերազմի ընթացքում զսպված էր և չափավոր։
–Հուլիսյան պատերազմի ընթացքում մեր լրատվադաշտ ադրբեջանական մեդիակոնտետի ներթափանցման դեպքեր նկատե՞լ եք։
-Անկեղծ ասած, ես չէի դիտարկի Տավուշում հուլիսյան իրադարձությունները՝ որպես առանձին պատերազմ, դա ավելի շատ լոկալ, փոքր մասշտաբի բախումներ էին ընդհամենը։ Այդ օրերին առանձնապես մեդիային չեմ հետևել, սակայն մի խնդրի մասին կարող եմ նշել, իհարկե՝ ոչ ադրբեջանական մեդիակոնտենտի՝ հայկական լրատվադաշտ փոխանցման շարքից։ Առաջին անգամ էր Հայաստանի հանրապետության պատմության մեջ, որ լրագրողներին պաշտոնապես արգելվի մտնել կոնֆլիկտի գոտի։ Ոստիկանությունը չէր թողնում մեր լրագրողների ռազնաճակատից լուսաբանել իրողությունը, բայց չգիտեմ ինչպե՞ս թույլատրեցին War Gonzo-ի Սեմյոն Պեգովին։
-Ինչո՞ւ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմի օրերին նկատվեց ադրբեջանական մեդիակոնտենտի զգալի առկայություն հայկական լրատվադաշտում։
-Սկզբնական շրջանում շատ չէր փոխանցվում, սակայն ինչ-որ պահից, մոտավորապես, Հադրութի համար մղվող մարտերի փուլում, եթե չեմ սխալվում հոկտեմբերի 15-20 հատվածում հայկական տիրույթում սկսվեց վակուում զգացվել: Ի դեպ, տեղեկատվական վակուումի առաջխաղացման վտանգների մասին ֆեյսբուք սոցիալական տիրույթում 2 նախազգուշական գրառում եմ կատարել հոկտեմբերի 12-ին և 13-ին նույնպես։ Երկրորդ գրառման մեջ մասնավորապես նշել եմ, որ ստանում եմ մեծաքանակ հաղորդագրություններ, որոնց բովանդակությունը հիմնականում մտավախություն է պարունակում մեզանում զգալի ապատեղեկատվության և հակահայկական քարոզչության վերաբերյալ։ Սա փաստացի ապացույցն է այն բանի, որ արդեն հոկտեմբերի 13-ի դրությամբ մարդիկ փորձում էին ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ գտնել, քանի որ պաշտոնականն արդեն չէր բավարարում։ Իհարկե, եղան լրագրողներ, ովքեր փորձեցին կոտրել այդ վակուումը, սակայն գրեթե բոլորն էլ արժանացան հայ հասարակության վիրավորանքներին ու հարձակումներին։ Եվ այսպիսով, հասարակությունը գնում էր դեպի ադրբեջանական աղբյուրներ, փորձում էր տեղեկատվություն գտնել օրինակ Ադրբեջանի ՊՆ տեսանյութերում, ադրբեջանական «Տելեգրամ» ալիքներում, Youtube-ում, կամ էլ իբր չեզոք, բայց իրականում ադրբեջանցիների հետ համագործակցող ռուս կամ ուկրաինացի տեսաբլոգերների մոտ։ Ի վերջո, եկավ մի պահ՝ պատերազմի վերջում և պատերազմից հետո, երբ ադրբեջանական աղբյուրներն արդեն ավելի մեծ վստահություն էին վայելում հայկական լսարանի մոտ։
–Ի՞նչ վտանգներ կարող է ներկայացնել ադրբեջանական մեդիակոնտենտի նմանօրինակ զգալի առկայության տարածումը հայկական լրատվադաշտում։
-Երբ թշնամու քարոզչությունը բերվում է ներս ու փոխանցվում հայկական լսարանին, այն նախևառաջ կարող է լինել բարոյալքող, ինչպես նաև կարող է խուճապ առաջացնել։ Ընդ որում պետք է հասկանալ, որ ադրբեջանական լրատվամիջոցների տված ինֆորմացիան մեծ մասամբ այդ երկրի իշխանությունների վերահսկության տակ է։ Իհարկե, մասնագետները, պրոֆեսիոնալ լրագրողները կարող են և պետք է իրազեկեն մեր հանրությանը այդ թվում և թշնամու մոտ կատարվողի, թշնամու ասածի մասին, բայց մաքրելով իսկապես կարևոր կոնտենտը քարոզչությունից, մանիպուլյացիաներից, անհրաժեշտության դեպքում դրանք պարզաբանել հայկական լսարանի համար, այսինքն բացատրել կոնտեքստը։
–Եղե՞լ են ակնհայտ բացթողումներ հայկական լրատվադաշտում Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, և որքանո՞վ են դրանք, ըստ Ձեզ, շտկվել Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։
-Ակնհայտ բացթողումներ Ապրիլյան պատերազմի օրերին չեն եղել, բացի մի քանի առանձին դեպքերի։ Ավելին ասեմ, թեպետ Ադրբեջանն էր հարձակվողը, ապրիլի 2-ի օրվա առաջին կեսից հայկական տեղեկատվությունը լցվեց նաև միջազգային լրատվամիջոցներում և ադրբեջանցիները փորձեցին իրենց ձայնն էլ լսելի դարձնել միջազգային հարթակներում։ Այլ խնդիր է Արցախյան երկրորդ պատերազմը… Այստեղ շատ լուրջ բացթողումներ եղան։ Գոյություն ունի միասնական մեդիահարթակ կամ միասնական աղբյուր գաղափարը, որն այդպես էլ պաշտոնական չկարողացան գործարկել։ Տեղեկություններ՝ երբեմն իրար հակասելով, հաղորդում էին բազմաթիվ պաշտոնական աղբյուրներ՝ Նիկոլ Փաշինյան, Մանե Գևորգյան, Տեղեկատվության միասնական հարթակ, Արցախի տեղեկատվական միասնական հարթակ, Արայիկ Հարությունյան, Արայիկ Հարությունյանի խոսնակ, Արծրուն Հովհաննիսյան, Շուշան Ստեփանյան, ՊՆ պաշտոնական կայք, ինչ-որ կոչեր էին անում մարզպետները, պատգամավորները և այլն, ինչպես նաև Արցախի ՊԲ-ը, որն առանձին աղբյուր էր։ Նմանօրինակ՝ իբրև պաշտոնական աղբյուրների առատությունը ճգնաժամային իրավիճակներում ահավոր խառնաշփոթ է ստեղծում։ Եվ հետո բնակչությունից ինֆորմացիան թաքցնելը, այն դեպքում, որ այդ ինֆորմացիան թշնամուն լրիվ հասանելի էր։ Կարելի է 2–3 օր ուշ ասել, բայց եթե դրանից ավել թաքցնում ես, մարդիկ սկսում են այդ ինֆորմացին ստանալ ծանոթներից, բամբասանքների ձևով, հաճախ ավելի աղավաղված և ավելի վատ ձևերով։ Ինչպես նշել եմ, սա էր մեր դաշտում ինֆորմացիոն վակուումի պատճառը։ Մյուս բացթողումը, որին կուզենայի անդրադառնալ՝ սուտն է։ Հայկական կողմը շարունակում էր պնդել, որ Ջաբրայիլը մերն է, երբ արդեն հանձնել էին, նույնը՝ Հադրութը, Շուշին… Նաև՝ ստելը կորուստների մասին։ Կեղծ ոգևորիչ լուրերի տարածումը Գետաշենը գրավելու մասին, Ղուբաթլին «նորից ազատագրելու» մասին և այլն։Սա ստեղծեց մարդկանց մոտ անհարկի և անհիմն ակնկալիքներ, և իշխանություններն ինչքան ավելի էին խրվում ապատեղեկատվության այս ճահիճի մեջ, այնքան ավելի դժվար էր դառնում իրենց համար պատերազմը կանգնեցնելը, երբ դեռ կորուստներն այդքան հսկայական չէին։ Այս ամենում իր զգալի նշանուկությւնը պետք է ունենար նաև անհամաձայնեցված աշխատանքը միջազգային լրատվամիջոցների հետ։ Արցախում արտասահմանյան լրագրողները շատ արագ հասկանում էին, որ իրականում իրավիճակն այլ է, և արդեն ուշադրություն չէին դարձնում պաշտոնյաների, իրենց ուղեկցող անձանց հորդորներին, գնում էին ինքնուրույն նկարահանում ինչ պետք է։ Իսկ ինչ վերաբերում է այն մասնագետներին, որոնք պետք է աշխատեին միջազգային դաշտում՝ որպես փորձագետներ, Արցախում ավտոմատներով վազվզում էին և արտասահմանյան լրագրողներին պաշտպանում, ինչ-որ սարքավորում տեղ հասցնում և այլն, մի խոսքով՝ իրենց տեղում չէին, զբաղված էին ոչ իրենց գործով։ Իսկ իրենց գործը ոչ ոք չէր անում։Մեկ այլ խնդիր էր մեր՝ հայաստանյան լրագրողների աշխատանքը սահմանափակելը։ Օրինակ՝ ԲիԲիՍիի կամ WarGonzo-ի լրագրողը եթե հանգիստ գնում էր ուր կարող էր, ապա հայաստանյան լրագրողները խստորեն սահմանափակվում էին իրենց գործունեության մեջ։ Արդյունքում հայկական լսարանը նույն ինֆորմացիան ստանում էր, բայց արդեն դրսի աղբյուրներից։ Եվ որպես այդպիսին կնշեմ նաև խորհրդարանական դիվանագիտությունը, այդ թվում և տեղեկատվական ասպարեզում, զրո էր։
–Ի՞նչ միջոցներով կարող է հայկական լրատվադաշտը հնարավորինս զերծ մնալ ադրբեջանական հակահայկական քարոզչական մեդիաբովանդակությունից։
Առաջինը՝ լրագրողներին, խմբագիրներին, ինչպես նաև մեդիայի հարցերով և տեղեկատվությամբ զբաղվող պաշտոնյաներին կրթելու և մեդիագրագիտության հարցն է։ Շատ լուրջ խնդիր է սա, նամանավանդ իշխանափոխությունից հետո սրանով լուրջ ոչ ոք չի զբաղվել։ Այսինքն՝ խնդիրները պետք է լուծվեն ոչ թե ամեն ինչ արգելելով (թվում է, թե արգելելով կարելի է խնդիր լուծել, բայց ինչպես սպասելի էր՝ խնդիրներն ընդհակառակը, ավելի խորացան)Երկրորդը՝ եթե քո կողմը չի տալիս վստահելի տեղեկություններ, մանիպուլացնում է, երբեմն էլ՝ ակնհայտ ստում է, ապա ինչ էլ անես, մարդիկ սկսելու են ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրել այլուր և գտնելու են։Այսինքն՝ ինչ ուզում է լինի, պետությունը պիտի շատ զգույշ լինի, և փորձի առավելագույնն անել, որպեսզի մարդիկ ստանան ճիշտ ինֆորմացիա, ընդ որում՝ ստանան ավելի օպերատիվ, քան թշնամին կհասցնի այն քո դաշտ։ Եթե երկրորդ կետը չի ապահովվում, ապա ինչքան ուզում ես մարդկանց կրթի, պարզաբանի, բացատրի, չի աշխատելու…Նաև դրա համար է շատ կարևոր, որ դաշտում աշխատեն անկախ, պրոֆեսիոնալ լրագրողներ։
–Հասարակության ո՞ր խավերն են առավել հաճախ հայտնվում ադրբեջանական քարոզչության թիրախում։
-Միանշանակ՝ ավելի ցածր կրթամակարդակ ունեցողները։ Եւ ոչ միայն ադրբեջանական, այլ ընդհանրապես, ցանկացած քարոզչության։ Ուղղակի մի կարևոր բան կա, որ պետք է հաշվի առնել. կրթություն ասելով պետք է հասկանանք ժամանակակից «տեղեկատվական մարտահրավերներին» համապատասխանող կրթություն, առաջին հերթին՝ մեդիագրագիտություն։ Շատ են օրինակները, երբ նույնիսկ համալսարանական դասախոսները, դպրոցների ուսուցիչները խոցելի են պրիմիտիվ տեղեկատվական հնարքների համար, որովհետև սովետական ժամանակաշրջանում ուղղակի չէին կարող ստանալ համապատասխան գիտելիք, իսկ դրանից հետո իրենք իրենց վրա չեն էլ աշխատել։ Մի խոսքով, կրթական մակարդակը դեր խաղում է՝ երաշխիք չէ, որ մարդ քարոզչության ազդեցության տակ չի ընկնի, բայց որոշ չափով նվազեցնում է ռիսկերը։
Քնարիկ Համազասպյան
4-րդ կուրս