Պետք է գնալ վախին ընդառաջ

Պետք է գնալ վախին ընդառաջ

796

Հոգեբանական խնդիրները բազում են և հաճախ մարդիկ չեն կողմնորոշվում՝ դիմե՞լ հոգեբանի օգնությանը, թե ՞սպասել խնդրի ինքնուրույն լուծմանը։ Վախերի և ֆոբիաների  մասին կխոսենք հոգեբան Արման Բեգոյանի հետ։

-Մեզ հաճախ խանգարում են սևեռուն մտքերը որոնք մեզ կտրում են իրականությունից, առաջացնում են վախեր։ Ինչպե՞ս ազատվել այդ մտքերից։

-Նախ նշեմ, որ այդ սևեռուն մտքերը բնորոշ են բոլորիս, թերևս պետք է առանձնացնել նրանք, որոնք նորմայում մեզ բոլորիս հետ լինում են և դրանց ախտաբանական արդեն զարգացած տեսակը, որը հիմնականում դրսեվորվում է օպսեսիվ կոմպուլսիվ խանգարման շրջանակներում։ Որպես կանոն այն մտքերն են դառնում սևեռուն, որոնց մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում և փորձում ենք ամեն կերպ դրանցից խուսափել։ Իսկ դա ավելի է մեզ մոտեցնում այդ վախին։

-Իսկ ի՞նչ է պետք անել, որ այդքան հաճախ չմտածենք վախերի մասին։

-Հավանաբար պետք է գոնե պռոֆիլակտիկ այցելել մասնագետի, ամեն դեպքում կան իրավիճակներ, որոնք կարելի է ինքնուրույն հաղթահարել, սակայն որոշակի ուղղորդում պետք է։

-Ճի՞շտ է արդյոք հետևել կողքից հնչող խորհուրդներին։

-Իհարկե շատ վատ է, որ մարդիկ խուսափում են հոգեբանի դիմել։ Պարզապես խորհուրդ կտամ առանց կաշկանդվելու դիմել հոգեբանին, որպեսզի ստանան ավելի ճիշտ, տեղին խորհուրդներ։

Ինչ լուծումներ կարող ենք տալ այդ խնդիրներին։ Ի՞նչ տարբերակներ կնշեք։

-Եթե ընդհանրացնելու լինենք, հիմնական լուծումներից են՝ հոգեթերապիան և դեղորայքային բուժումը. դրանք միմյանց լրացնում են։ Սա ամենատարածված մեթոդն է վախերը հաղթահարելու։ Վախերի հաղթահարմանը շատ բան կարող է նպաստել, օրինակ, առօրյայում սպորտը օգնում է, սոմատիկ, այսինքն ֆիզիկական սիմտոմները նվազում են։ Իսկ արևելյան մարտարվեստները օգնում են անհրաժեշտ որակներ ձևաորել։

-Իսկ կա՞ կոնկրետ բանաձև լուծումները հաղթահարելու։

-Մոտեցումներից մեկն է համարվում ոչ թե փախչել խնդրից, այլ գնալ դրան ընդառաջ ու լուծել այն։

-Իսկ պե՞տք է ազատվել ֆոբիաներից, չէ որ դրանք պաշտպանիչ ֆունկցիաներ են համարվում։

-Գլխուղեղի էվալյուցիայի ընթացքում հատուկ հատված կա,  որը հույզերի համար է պատասխանատու: Նախ, մինչ հարցին պատասխանելը, պետք է հասկանալ, որ ֆոբիաները տարբեր են լինում։ Շատ հաճախ ֆոբիաները մեզ փոխանցվում են մեր ծնողներից։  Մի բան է ֆոբիան, մեկ այլ բան զգոնությունը, կարելի է չվախենալ, բայց զգոնություն դրսևորել։ Ֆոբիաները իռացինալ մեխանիզմներ են, այդ տեսանկյեւնից անհրաժեշտ է դրանցից ազատվել, հատկապես եթե դրանք խանգարում են մեր կենսակերպին։ Պետք է հաճախ գնալ վախին ընդառաջ, և վախն այդ դեպքում կհաղթահարվի, երբ մենք առերեսվում ենք վախի հետ այն ավելի հեշտ է հաղթահարվում։

Սիլվա Նազարյան

4-րդ կուրս

Կիսվել