«44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը դարձավ հարթակ ադրբեջանական քարոզչության համար»

«44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը դարձավ հարթակ ադրբեջանական քարոզչության համար»

855

Ապրիլյան պատերազմի օրերին հայկական լրատվադաշտն աշխատեց համակարգված և ադրբեջանական մեդիակոնտենտը հնարավորություն չունեցավ ներթափանցելու։ Այն հաղթանակը, որը գրանցվեց տեղեկատվական դաշտում, իր  դիրքը կորցրեց Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում։ Այս և այլ դիտարկումների շուրջ խոսել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ։

 -Ինչպե ՞ս կգնահատեք հայկական լրատվադաշտի աշխատանքը պատերազմյան և հետպատերազմյան շրջաններում։

-Ասեմ, որ զուտ իմ մասնագիտական փորձից ելնելով և ընդհանուր մասնագետների դիտարկումով, լավագույնը եղել է Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածը, երբ որ հայկական կողմը կարողացավ փակել հայկական սեգմենտը և թույլ չտալ,  ադրբեջանական որևէ ապատեղեկատվություն, խուճապ և հուսալքություն ներթափանցի հայկական դաշտ։ Հուլիսյան պատերազմը շատ կարճ էր, իսկ Արցախյան երկրորդ պատերազմը թե´ ռազմական և թե´ տեղեկատվական դաշտում տոտալ տապալում էր։

-Զգալի՞ էր ադրբեջանական մեդիաբովանդակության առկայությունն Ապրիլյան 2016 թ և հուլիսյան 2020 թ բախումների օրերին։

-Քանի որ նախորդ տարի՝ 2015 թվականին, տեղի էր ունեցել «Շանթ» զորավարժությունները, որտեղ նաև տեղեկատվական մասը փորձարկվեց, ես կարող եմ ասել, որ ադրբեջանական մեդիակոնտենտն ընդհանրապես չէր հայտնվում հայկական լրատվադաշտում, որովհետև  նաև հայկական լրատվադաշտը կարողացել էր ապահովել տեղեկատվության հասանելիություն, շատ բան չէր թաքցվում, և նաև միջազգային լրատվականները հայկական դաշտից էին տեղեկատվություն ստանում։ Ինչպես նաև բազմաթիվ արտասահմանյան լրագրողներ գործուղվել էին Արցախ, այնտեղից էին տեղեկատվություն տալիս, դրա համար ադրբեջանական տեղեկատվությունն ընդհանրապես տեղ չուներ հայկական լրատվադաշտում, որովհետև ինֆորմացիան տրվում էր օպերատիվ։ Հուլիսյան սրացման ժամանակ ինքն այնքան շուտ վերջացավ, որ ադրբեջանական քարոզչությունը նույնիսկ չհասցրեց ներթափանցի, և հավելլեմ նաև, որ, ըստ իս, դա պատերազմն չէր, դա պարզապես սրացում էր, և կարելի է ասել, որ այստեղ տեղեկատվությունը կրկին հայկական կողմից էր գալիս, և հիմնականում կարիք չկար մտնել ադրբեջանական կայքեր և փորձել այդտեղից տեղեկատվություն վերցնել։

-Ինչո ՞վ է առանձնանում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքը։

-Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական տեղեկատվությունը սկսեց թափանցել հայկական լրատվադաշտ, որովհետև իշխանական լծակները բավականին սխալ քայլ արեցին և սկսեցին սահմանափակել տեղեկատվությունը ռազմաճակատից, ինչպես նաև տուգանել և լռեցնել ընդդիմադիր մամուլի և առհասարակ բոլոր այն մարդկանց, ովքեր կարող էին որոշակի ճիշտ ինֆորմացիա փոխանցել։ Իսկ քանի որ ռազմաճակատում գործերն այդքան էլ լավ չէին, և վիրավորներ էին գալիս երկիր, պարզ էր, որ ստեղծվեց մի իրավիճակ, երբ արդեն շատերը չէին հավատում տեղեկատվությանը, և այստեղ սկսվեց ամենավատը՝ մարդիկ սկսեցին տեղեկատվություն փնտրել ադրբեջանական կայքերում, որոնք, չգիտես ինչու, հասանելի էին։ Բազմաթիվ բողոքներից հետո սահմանափակվեց ելքը, բայց արդեն պատերազմը գրեթե ավարտված էր։ Ադրբեջանցիներն օգտագործեցին նաև բազմաթիվ կոտրած հայկական էջեր, որպեսզի իրենց ինֆորմացիան փոխանցեն, և նաև օգտագործվեցին այլ մարդիկ, օրինակ՝ որոշ ուկրաինական բլոգերներ կամ լրատվամիջոցներ, որոնք տեղեկատվություն էին տարածում, որը ներթափանցում էր հայկական դաշտ, և կրկին շեշտում եմ՝ ներթափանցում էր, քանի որ, պատասխանատուները սահմանափակել էին տեղեկատվության սպառումը հայկական լրատվադաշտում, և մարդիկ ստիպված ինֆորմացիա փնտրում էին այլ աղբյուրներից։

 -Ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել ադրբեջանական մեդիաբովանդակության ներթափանցումը հայկական լրատվադաշտ։

-Ամենամեծ վտանգը, երբ թշնամու տեղեկատվությունը ներթափանցում է լրատվադաշտ, այն է, երբ մարդիկ սկսում են հավատալ թշնամուն, և թշնամին համապատասխան հնարքների միջոցով երկու հիմնական նպատակի է փորձում հասնել՝ առաջինը՝ հուսալքություն սեփական ուժերի հանդեպ և խուճապ բնակչության մեջ, ինչը որոշ դեպքերում սկսեց հաջողվել ադրբեջանցիների։ Իսկ պատերազմի ավարտից հետո, երբ բացահայտվեց իշխանական ամբողջ համակարգի սուտն ու կեղծիքը, դա շատ ավելի մեծ հարված հասցրեց, և ապագայում մարդկանց շատ դժվար կլինի այլևս հավատալ որևէ պետական օղակին, և դա կարելի է ասել՝ ադրբեջանցիների հաղթանակ է, հետաձգված հաղթանակը։

-Ի ՞նչ բացթողումներ կային ռազմական գործողությունների օրերին  հայկական լրատվադաշտում։

-Ինչպես նշեցի Ապրիլյան պատերազմի ժամանակ զգալի բացթողումներ չեն եղել, երևի թե տեղեկատվական բաղադրիչն իրեն հնարավորինս բարձր դրսևորեց, ամեն մեկն իր տեղում էր, և կար տեղեկատվական բուրգ և այդ բուրգն ուներ միայն մեկ խոսնակ,  և դա Արսենն էր, իսկ Արծրուն Հովհաննիսյանի ֆունկցիան միայն այն էր, որ  ինքը ուղակի կարդում էր այն տեղեկատվությունը, որն իրեն հասցնում էր համապատասխան կառույցը, իմպրովիզացիա չկար։ Դա հայկական կողմի հաղթանակն էր, գոնե, թերևս տեղեկատվական հարթակում Ապրիլյան պատերազմի օրերին։ Հակառակ պրոցեսը եղավ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին։ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվեց պատասխանատու ռազմաճակատից եկող նորությունների համար, ինչ-որ գեղարվեստական սիլիբիլիներ մտցվեցին, երանգներ, ինչ-որ պոետիկ հուզմունք առաջացնող կարգախոսներ, և շատ վատ էր, որ առնվազն վեց-յոթ և այլ տեղեկատվական աղբյուր կար ռազմաճակատից, ինչը խառնաշփոթ էր մտցնում ընդհանուր իրավիճակում։ Պաշտոնյաներ սկսած վարչապետից մինչև խորհրդարանի փոխխոսնակ, Արցախի նախագահ, նախագահի խոսնակ, տարբեր ֆորմատի մամուլի խոսնակներ և այլ աղբյուրներ փորձում էին ներկայանալ պաշտոնական աղբյուրներ և տեղեկատվություն հրամցնել հասարակությանը։ Հիմնական միջոցը հրամցնելու՝ ապատեղեկատվություններ ինչ-ոչ տարածքների գրավման մասին, ինչը ստեղծեց սպասումներ ժողովրդի մոտ, և այդպիսի հեքիաթասաց քարոզչությունը, ի վերջո, բերեց նրան, որ Հայաստանի ժողովրդի մոտ խայտառակ հիասթափություն եղավ, որի ազդեցությունը մինչ օրս մենք զգում ենք։ Ի վերջո, ամենասարսափելին այն է, որ հասարակությունը հասկացավ իշխանական թևի հեքիաթասաց քաղաքականությունը,  և այն փորձը, որը ձեռք էր բերվել Ապրիլյան պատերազմի օրերին, տապալվեց։ Այն բոլոր մեխանիզմները, որ ապրիլյանին օգտագործվել էին, նետվեցին մի կողմ, և ամբողջ մեքենան զբաղվում էր հեքիաթների տարածումով ։ Ցավոք սրտի, Արծրուն Հովհաննիսյանը ստանձնեց գլխավոր դերն այս ամենում,  նա պատմության մեջ կմտնի որպես ռազմարվեստի պինոկիո։

-Որո՞նք են այդ ամենի բացասական հետևանքները, և ի ՞նչ միջոցներով պետք է կանխվի ադրբեջանական քարոզչությունը։

-Դեռևս ՊՆ-ն չունի մամուլի խոսնակ, պետական կառույցներից տարածվող ինֆորմացիային որևէ մեկը չի հավատում։ Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ պետական կառույցներում կդադարեն աշխատել նույն մարդիկ։ Սա շատ բարդ պրոցես է, և ես բազմիցս զգուշացրել եմ համապատասխան մարդկանց, որ դադարեն ստել, քանի որ իրենցից հետո եկող մարդիկ արդեն լիակատար դուրս են մղվելու հասարակության վստահելի նշանակետից։ Միակ միջոցը կարող է լինել իշխանափոխությունը և վերադարձը տեղեկատվական դաշտ մարդկանց, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին տեղեկատվական դաշտում հաղթանակ են տարել։

-Հասարակական ո ՞ր խավերն է ներառում ադրբեջանական քարոզչադաշտը։

-Հիմնականում այն նույն խավն է տուժում ադրբեջանական տեղեկատվական գրոհներից, որը նաև բազմապիսի հիմար էջերի  հետևորդ է հայկական լրատվական դաշտում (դրանք հիմնականում ստեղծվում են իշխանությունների կողմից), այն անձինք, ովքեր զրո են մեդիագրագիտությունից, այսինքն՝ այս ենթատեքստում նրանք սկսում են հավատալ ցանկացած նյութի, ինչը մատուցվում է, օրինակ՝ Ռիտա Սարգսյանը ողջ է, կամ այս պատգամավորն այսինչ համակարգում ունի այսքան մասնաբաժին։ Կա մեկ այլ խումբ, ովքեր ակտիվ քննարկում և ուրախանում են, որ իրենց երեխաները այլևս չեն ծառայելու Արցախում կամ Արցախը պետք էր հանձնել վաղուց ու նմանատիպ ցածր որակի մտքեր։ Սա նշանակում է, որ իրենց հասել է ադրբեջանական քարոզչությունը, նրանք հրաժարվում են Լեռնային Ղարաբաղից՝ այն օտարելով հայկականից։

՞նչ քայլեր պետք է ձեռնարկե՝լ հասարակությանը պաշտպանելու համար ադրբեջանական քարոզչությունից։

-Ադրրբեջանական քարոզչությունից հայ հասարակությանը պաշտպանելու համար պետք է ձեռնարկել բազմաթիվ  և համակարգված քայլեր՝ սկսած մեդիագրագիտությունը որպես դպրոցական առարկա դպրոցներում պարտադիր ուսումնասիրելուց, վերջացրած համապատասխան ազգային անվտանգության ծառայության կողմից միջոցներով, դա հայկական կայքերի պաշտպանություն է, ինչպես նաև այնպես համակարգել  աշխատանքները, որպեսզի արգելափակվեն ադրբեջանական կայքերի աշխատանքները պատերազմի կամ այլ ճգնաժամի ժամանակ։ Այսինքն՝ բազմաթիվ են միջոցառումները, դա մի ամբողջ համակարգ է, որը, օրինակ, կիրառվել է 2015 թ․ «Շանթ» զորավարժությունների ժամանակ։

  -Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին հայտարարված ռազմական դրության սահմափակումներն ի օգուտ ադրբեջանական քարոզչության աշխատեցի՞ն։

-Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ռազմական դրության սահմանափակումներն աշխատեցին ի օգուտ ադրբեջանական քարոզչությանը, որովհետև շատ սխալ կիրառվեցին այդ միջոցները, և տեղի ունեցավ խզվածք հասարակությանը տրամադրած տեղեկատվությունը տարբերվում էր այն տեղեկատվությունից, որն իշխում էր ռազմաճակատում, և այստեղ, որ երբ արդեն պարզվեց, որ այդ տեղեկատվությունը չի գալիս ռազմաճակատից, առաջացավ խառնաշփոթ։ Վիրավորները կամ որոշ մարդիկ, ովքեր հետ էին եկել Հայաստան, իրականությունն էին պատմում։ Մարդիկ սկսեցին տեղեկատվությունը որոնել ադրբեջանական կայքերում կամ այլ պրոադրբեջանական ռեսուրսներով։ Քանի որ սխալ հոսքերի կառավարում տեղի ունեցավ  44-օրյա պատերազմի  ընթացքում, մենք ունեցանք  շատ վատ պատկեր, այն է՝ հասարակությունն այլևս չի վստահում ՊՆ կամ այլ համապատասխան կառույցներին։ Դա խնդիր է առաջացնելու ապագայում, և եթե կրկնվի պատերազմական վիճակը, մարդիկ միանգամից տեղեկատվությունը կսկսեն փնտրել ադրբեջանական կայքերում կամ բազմապիսի ուկրաինացի բլոգերների մոտ։

-Որքանո՞վ էր վնասում Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը ադրբեջանական քարոզչությանը։

-Սկզբից ամեն ինչ ճիշտ էր գնում, և ադրբեջանական քարոզչությունը չէր կարողանում ներթափանցել հայկական դաշտ, որովհետև մարդիկ շատ միահամուռ էին, և դա տևեց մոտավորապես մինչև հոկտեմբերի 15-ը: Տեղեկություններ թափանցեցին Շուշիում կատարվածի մասին, տասնյակ ոստիկանների զոհվելու մասին  հոկտեմբերի 6-ին կամ 7-ին, և տեղեկատվություն եկավ Հադրութն այլևս հայկական կողմի վերահսկողության տակ չլինելու վերաբերյալ, և այստեղից սկսած ադրբեջանական քարոզչությանն այլևս սահմանափակումները չէին խանգարում, որովհետև մարդիկ, ովքեր հետաքրքրված էին և փորձում էին ճիշտ տեղեկատվություն գտնել, իրենք դա գտնում էին այլ աղբյուրներում։ Բավականին ուշ արգելափակվեցին ադրբեջանական կայքերը, ընթացքում չգիտես ինչու որոշեցին փակել Հայաստանում գտնվող ընդդիմադիր մարդկանց բերանները, այսպես ասած, տուգանքներ մտցնելով, չնայած նրանցից մեծ մասը շատ լավ հասկանում էին՝ ինչ է նշանակում քարոզչությունը պատերազմի ժամանակ և ինչպես կառավարել հոսքերը, բայց որոշեցին փակել ժողովրդի բերանները և ունեցան այն զանգվածը, որն այնքան էլ մեդիագրագետ չէր, սկսեց օգտվել ադրբեջանական քարոզչությունից։

– Ըստ Ձեզ՝ պաշտոնական աղբյուրների չհամակարգված աշխատանքն էր զգալի դարձնու՞մ ադրբեջանական մեդիակոնտենտի առկայությունը հայկական լրատվադաշտում։

-Չհամակարգված աշխատանքը բոլոր հնարավոր դռները բացեց ադրբեջանական քարոզչության ներթափանցման համար։ Ինչու՞, քանի որ  տեղեկատվությունը տալիս էին 10-15 պետական մարմին կամ անձ և դրանք իրար հետ համապատասխանեցված չէին, օրինակ՝ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ լավ լուրի պետք է սպասենք, և մեկ ժամից պաշտպանության բանակը հայտարարում, որ զոհվել  է պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և նաև մի գնդապետ։ Դա արդեն համակարգված տեղեկատվություն չէ, և դա խնդիր է։

 -Երբ երկիրը գտնվում է պատերազմական գոտում, ինչպե՞ս պետք է համակարգել հասարակությանը հասանելիք լրատվական հոսքը, որպեսզի չառաջանա տեղեկատվական վակուում։

-Պետք է շատ ճիշտ կառավարել տեղեկատվական հոսքերը, դա ոչ միայն պետություն-բնակչություն, այլ  նաև պետություն-միջազգային հասարակություն, պետություն-թշնամի տեղեկատվական հոսքերն են։ Պետք է կարողանալ համակարգել այս բոլոր հոսքերը, այսինքն՝ տեղեկատվությունը, որը պետք է ստանա ժողովուրդը, ստի և ճշտի հարաբերակցությունը պետք է համապատասխան լինի, այնպես որ կարողանա խուճապի մեջ պահել թշնամուն, բայց նաև հուսախաբ չանի կամ պատրանքներ չստեղծի սեփական ժողովրդի մոտ։ Մեր պատերազմի օրինակով ասեմ,  երբ արդեն ունեինք կորուստներ, եթե հասարակությունը տեղեկացվեր, շատ ճիշտ ռեակցիա կտար այդ ամեն ինչին, և չէր լինի խզվածք, երբ բոլորը մտածում են, որ մենք արդեն հաղթում ենք պատերազմը, թշնամին արդեն ջախջախված է, իսկ իրականում ստացվում է, որ թշնամին արդեն Շուշիի մատույցներում է։ Սխալ հոսք գնաց։ Նույն ձևով կարելի էր շատ ավելի ուժեղացնել հոսքը դեպի միջազգային հասարակություն և շատ ավելի լայն լուսաբանել, օրինակ, Ադրբեջանի կողմից կիրառված արգելված զենքերի մասին ինֆորմացիան, բայց դա չգիտես ինչու չկիրառվեց բ ծաավարարվալով։ ՊՈԱԿ-ի հին թիմը բավականին մեծ կապեր էր ձեռք բերել և Ռուսաստանում, և արտասահմանում լրագրողների և մեդիադաշտի պատասխանատուների հետ կապված, բայց, չգիտես ինչու, այդ պոտենցիալն էլ որոշվեց չօգտագործել։ Արա Սաղաթալյանի թիմի մի մասն Արցախում էր գտնվում, բայց գտնվում էր նաև տեղեկատվական բլոկադայում, և իրենց փորձում էին հեռու պահել շտաբի տեղեկատվական բաղադրիչից, ինչի պատճառով բազմաթիվ ռեսուրսներ, որոնք կային, չօգտագործեցին պատշաճ ձևով։ Երբ պետությունը սկսեց ուղղակի սահմանափակել տեղեկատվությունը կամ փակել մարդկանց բերանները, առաջացավ տեղեկատվական վակուումը, որն արդեն սկսեց լցվել լրատվական աղբյուրների կողմից, դրանց մեծամասնությունը կամ ադրբեջանական էին, կամ պրոադրբեջանական, այսպիսով՝ կարելի է ասել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ն ամբողջովին տապալեց ինֆորմացիոն պայքարը և Հայաստանը դարձրեց հարթակ ադրբեջանական քարոզչության համար։

Քնարիկ Համազասպյան

4-րդ կուրս

Կիսվել